ԲՄՎ-ից հայտնաբերել են գաղտնի փականով 3 դանակ, հրացան եվ 13 փամփուշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Վերին Շենգավիթ թաղամասի մի բնակչուհի, օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, ամուսինը` 29-ամյա Միքայել Կ.-ն, զանգահարել է իր բջջային հեռախոսին եւ հայտնել, որ ունեցած պարտքերի պատճառով անհայտ անձինք, իր կամքին հակառակ, իրեն պահում են Նուբարաշենում եւ թույլ չեն տալիս վերադառնալ տուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 23.50-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, անձին ապօրինի ազատությունից զրկելու կասկածանքով, Արտաշատի խճուղուց բերման են ենթարկել 33-ամյա Գուրգեն Գ.-ին, 29-ամյա Արտակ Հ.-ին, 28-ամյա Էդվարդ Ա.-ին, 16-ամյա Հայկ Փ.-ին, 33-ամյա Մարատ Խ.-ին, 32-ամյա Ռոբերտ Հ.-ին՝ նրան պատկանող ,ԲՄՎ-530ե մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նուբարաշենի խճուղու գտնվող գազալցակայանից՝ 22-ամյա Հմայակ Մ.-ին եւ 20-ամյա Գրիգոր Խ.-ին:
Ռոբերտ Հ.-ի անձնական օգտագործման “ԲՄՎ-530” մակնիշի ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի կողքի գրպանիկից, հայտնաբերվել եւ առգրավվել է գաղտնի փականով 3 դանակ՝ համապատասխանաբար 11.5 սմ, 19 սմ եւ 8 սմ շեղբերի երկարությամբ, բեռնախցիկից` “CHURCHILL” տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան` պահունակով, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 13 փամփուշտ, ավտոմեքենայի կառավարման վահանակի գրպանիկից` Ռոբերտ Հ.-ի անվամբ զենքի թույլտվություն եւ Որսորդմիության կողմից տրված վկայական:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչություն:




Լրահոս