Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում հուլիսի 14-ին տեղի է ունեցել երրորդ ամենամյա հայկական փառատոնը, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, փառատոնի բացմանը ելույթ են ունեցել Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանաքը ու Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի թաղամասի փոխքաղաքապետ Սեմ Մքովերը։
Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելել են հայկական երաժշտություն ու պարեր, համտեսել հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև մասնակցել տարբեր միջոցառումների։
Առանձին տաղավարներով ներկայացված են եղել մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ՝ այցելուներին տրամադրելով տեղեկատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։