11 անգամ դատապարտվածը ՊՆ պաշտոնյաների անունից հանրապետության ողջ տարածքում զինծառայողների հարազատներից խոշոր չափերի գումարներ է շորթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 16-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի բնակիչ,  տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 1969թ. ծնված Համլետ Ռաֆիկի Ղազարյանը: Վերջինս տևական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված  գումարներն իբր օրինական մուծումներ են:

Համլետ Ղազարյանի անօրինական  գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր, առաջացնելով ինչպես համայնքների բնակիչների, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ Զինված ՈՒժերի  հրամանատարության արդարացի զայրույթը:

Կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը ներկայանալով  որպես բարձրաստիճան զինվորական` առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում, Համլետ Ղազարյանը  հանդիպելով զինվորների ծնողներին՝ յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 ՀՀ դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր  գործունեությամբ ոչ  միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլև վարկաբեկել ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերին:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Համլետ Ղազարյանի անօրինական գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել՝ 010-57-94-07 և  011-52-95-56 հեռախոսահամարներով, կամ դիմել ԱԱԾ Քննչական վարչություն:




Լրահոս