ArmLur.am-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ նախնական տեղեկություններ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին նախնական տվյալներ կան:
Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
Արարատի մարզ
Արարատի տարածաշրջան – նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն
Արտաշատի տարածաշրջան – առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն
Մասիսի տարածաշրջան – մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:
Արմավիրի մարզ
Էջմիածնի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):
Արմավիրի տարածաշրջան-ուժեղ վնասվածություն:
Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:
Վայոց Ձորի մարզ
Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:
Վայքի տարածաշրջան – հիմնականում վնասներ չեն գրանցվել:
Սյունիքի մարզ
Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:
Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել:
Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:
Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2…-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3… -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: