Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակը մեր ամենանվիրական տոնն է: Սա հրաշալի առիթ է արժևորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները: Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով և մեծ հանդիսավորությամբ նշենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-րդ տարեդարձը»,- բացելով նիստը՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանին, ով մանրամասներ է ներկայացրել Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մշակման հարցի շուրջ: «Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների հիմնական ուղղվածությունն առաջարկում եմ դիտարկել Հանրապետության Նախագահի մատնանշած երկու գաղափարախոսական առանցքի՝ որպես կայացած անկախ պետություն, պետականություն առաջ շարժվելու և անկախության 25-ամյա սերունդի ձեռքբերումները ներկայացնելու գաղափարների շուրջ», – նշել է Վիգեն Սարգսյանը:
Նիստում քննարկվել են Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրությանը, տոնակատարություններին սփյուռքահայության և երիտասարդության ակտիվ մասնակցությանը, համահայկական տնտեսական համաժողովի կազմակերպմանը, Երևանում և մարզերում տոնական միջոցառումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների՝ բարձր մակարդակով և հավուր պատշաճի կազմակերպումը և այդ ուղղությամբ պատկան բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը: Կառավարության ղեկավարն առաջարկել է հանձնաժողովի անդամներին՝ մինչև մարտի վերջ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները և գաղափարները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն, որից հետո մինչև ապրիլի 15-ը կմշակվեն և քննարկման կներկայացվեն Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծն ու ժամանակացույցը: