ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է  կոռուպցիայի ընկալմանը վերաբերող հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրությունը` «կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը»: Ինչպես եւ սպասվում էր` դրանում որեւէ հուսադրող տվյալ չկա Հայաստանում կոռուպցիայի նվազման կամ դրա դեմ տարվող արդյունավետ պայքարի մասին: Ավելին, կենտրոնի անցկացրած այս տարվա հարցումները ցույց են տվել, որ հայաստանցիներն ամենակոռումպացվածն են համարում դատական, առողջապահական համակարգերը եւ պետական ապարատի պաշտոնյաներին: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ամենակոռումպացվածների ցուցակում է հայտնվել Հայաստանի ոստիկանությունը: Այդպիսով` ստացվում է, որ հանրությունը մազաչափ անգամ չի վստահում կոռուպցիայի դեմ պայքարի, «ատկատների», մեծ ձկներին գլխից բռնելու Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթնեին, քանի որ տեսնում է, որ դրանց կոնկրետ քայլեր չեն հետեւում: Եթե փորձենք վերհիշել անցած սեպտեմբերին Ս. Սարգսյանի` կառավարությունում անցկացրած հայտնի խորհրդակցությանը հաջորդած ամիսներին իրականացված հակակոռուպցիոն քայլերը, ապա բացի մի քանի մանր-մունր  բացահայտումներից, որեւէ «մեծ ձկան գլխից բռնելու» դեպք այդպես էլ չենք գտնի: Ու եթե անգամ նախընտրական տարում իշխանությունը բավարարվեց ընդամենը դատարկ հայտարարություններով, ապա հետընտրական ժամանակահատվածում սպասելի է, որ կոռուպցիայի դեմ պայքարի թեկուզ փիառ դրսեւորումներն էլ կվերանան: Եվ ամենեւին պատահական չէր, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվությունը, ինչն ըստ էության պետական ողջ ապարատի համատարած ու համակարգային կոռուպցիայի արձանագրում էր, արժանացավ Սերժ Սարգսյանի աննախադեպ կոշտ պարսավանքին: Այսինքն` երկրի ղեկավարը հրապարակավ մեղադրեց ՎՊ նախագահին կոռուպցիան բացահայտելու մեջ` այդ ընթացքում անհասկանալի մեկնաբանություններ անելով ՎՊ-ի գործառույթների մասին: Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն «ատկատների» կամ նմանատիպ հաթաթայաշատ խորհրդակցությունների, այս դեպքում նկատելի էր Սերժ Սարգսյանի վրդովմունքի անկեղծությունը: Ուշագրավ է, որ հանրությունը մինչ օրս չի տեսել, որ Սարգսյանն իր այդքան սաստիկ վրդովմունքն արտահայտեր, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի գործունեության եւ վերջին միջադեպի հետ կապված, կամ` վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի եւ դրան հետեւած Հովիկ Աբրահամյանի հարազատների դիզվառելիքային բացահայտումների շուրջ: Փոխարենը հանրությունը տեսավ, թե ինչպիսի խստությամբ կարող է կարգի հրավիրվել այն պաշտոնյան, որը հանդգնել է խոսել համակարգված պետական կոռուպցիայի մասին: Եվ այսքանից հետո միանգամայն բնական է այն, որ ինչպես երեկ նշեց ԹԻ տնօրեն Վարուժան Հոկտանյանը, հայաստանցիների գերակշիռ մեծամասնությունը` 10-ից 9-ը, որեւէ կերպ չի ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում: Մարդիկ ինչո՞ւ պիտի ցանկանան, եթե աչքի առջեւ ունեն նման օրինակներ:




Լրահոս