Պարզվում է` ՀՀ Սահմանադրական դատարանը դեռեւս 2011թ. նոյեմբերին իր ՍԴՈ-997 որոշման մեջ անդրադարձել է ՀՀ օրենսդրության մեջ «ոչ հրապարակային վիրավորանք» հասկացության իրավակարգավորմանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը քննարկելով՝ ՍԴ-ն նշել է. «ՀՀ ԱԺ-ն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կարգավորման խնդիրը»: Ու թեեւ այս որոշումից անցել է մոտ 1,5 տարի, սակայն խորհրդարանն այդպես էլ չի անդրադարձել օրենսդրական այս բացին եւ այդպես էլ որեւէ փոփոխություն չի արել օրենսդրության մեջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե իրենց հանձնաժողովն այդ հարցը քննարկել ու մերժել է. «Համարել ենք սխալ»: Իսկ լրագրողական կազմակերպություններն ԱԺ-ին մեղադրում են անգործության մեջ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ