ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, ազգությամբ հայ Վարուժան Ոսկանյանը: Նա հայ-ռումինական գործարար համաժողովի եւ առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման նախաձեռնողներից է: Երեկ Հայ-ռումինական կոմերցիոն եւ արդյունաբերական միության եւ Ռումինա-հայկական երկկողմանի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր: «Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերով զրուցեց Վարուժան Ոսկանյանի հետ:
-Պարո՛ն Ոսկանյան, այս օրերին Հայաստանում եք, հասցրե՞լ եք ծանոթանալ եւ շփվել հայ գործարարների եւ Հայաստանի  էկոնոմիկայի  նախարարության պաշտոնյաների հետ: Ի՞նչ տպավորություններ ունեք:
-Մենք շատ առաջացած ենք քաղաքական ասպարեզի մեջ, զանազան պայմանագիրներ ստորագրած ենք, բայց տնտեսական կապերը նույն պոտենցիալի, մակարդակի մեջ չենք հասցրել: Պետք է ամրապնդենք այդ կապերը: Դա էլ` հեռավորությունը խոչընդոտ եղավ, մենք օդային եւ ծովային ճամփա չունինք Հայաստանի հետ: Հայաստանը երկար ժամանակ մեկուսացած մնաց: Կարելի է ադիկա խոչընդոտ համարել: Բայց մենք քաղաքական դասակարգը չգտանք այդ միջոցների, որ գործարար մարդիկ դեմ դիմաց դնենք: Ադոր համար հիմա եկա զորավոր պատգամավորության մը հետ: Գործարար մարդիկ են միացել մեզ, քաջալերեցինք նրանց Ռումինիայի մեջ, Հայաստան-Ռումինիա առեւտրական պալատի նախաձեռնությունը եղավ, եւ հիմա ունինք այդ պալատը: Ես ուրախությամբ իմացա, որ հոս ձգվեցավ պալատ մը եւ այսօր (երեկ-խմբ.) պայմանագիր պիտի ստորագրենք երկու պալատներու միջեւ:  
-Երկու երկրների էկոնոմիկայում առկա խնդիրների միջեւ մե՞ծ է տարբերությունը:
-Տարբերությունը կա: Զորօրինակ՝ վերջին տասը տարիներուն ընթացքին մենք ալ ունեցանք կորուստ մը. երիտասարդներու մի մասը գացին արտասահման՝ աշխատանք փնտրելու: Եվ երկուսուկես միլիոն երիտասարդ վերջին տասը-տասնհինգ տարիներու ընթացքին Եվրոպայի արեւմտյան երկրները գացին, որպեսզի իրենց համար ավելի լավ պայմանները գտնան ապրելու համար: Եվ չեմ գիտեր, թե ինչքան հույս կա, որ իրենք վերադառնան հայրենիք: Երկրորդը՝ մեզ մոտ ալ դժվար է աշխատանք գտնալ եւ մանավանդ երիտասարդներու համար, որոնք համալսարանը կավարտեն, դժվար է նոր ճամփա մը գտնան իրենց ասպարեզի մեջ:
Տարբերություններ կան. Ռումինիան անդամ է Եվրամիության մեջ, Ռումինիայի տնտեսական կապերն ալ ավելի դյուրացած է, որովհետեւ մաքսի հարց չունինք Եվրոպայի հետ, եւ մեր օրենքները, օրենսդրությունը պետք է համապատասխանին եվրոպական մակարդակին, բայց ես կսեպեմ, որ այս տարբերությունները խոչընդոտներ չեն համագործակցելու համար: Իհարկե, Հայաստանն իր տարբեր վիճակն ունի Կովկասի մեջ, իր դրացիներն ունի, որոնց հետ դիվանագիտական կապեր չկա հաստատած: Եվ այս հարցն իհարկե ազդեցություն ունի  տնտեսական կապերուն, միջազգային իր դրության համար, բայց ես կփորձեմ դիտել դեպի հնարավորություններ, դեպի հարմարություններ եւ ոչ դեպի տարբերություններ: Կրնամ ըսել, որ չիկա այդ տեսակ տարբերություն, որը մեզի համար կրնա լավ մարտահրավեր ըլլալ, բայց ոչ խոչընդոտ:
-Ձեր երկրում կա՞ն բիոզուգարաններ: Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանում մեկ բիոզուգարան ձեռք բերելու համար կառավարությունը վճարել է 170 հազար ԱՄՆ դոլար:  Կարճ ասած՝ բիոզուգարանների մուտքը Հայաստան սկանդալային էր:
-Չեմ ուզեր պատասխանել: Կխնդրեմ չտալ այդ հարցը: Ես Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ չեմ կրնա գնահատություն կամ քննադատություն անել: Իսկ մեզ մոտ դրանցից, այո՛, կան: Մենք զանազան բիոէներգիայի ծրագիրներ ունենք: Դրանք ձեռք բերելու համար մեր պետությունն ունի ներդրում:
-Հայաստանցի պաշտոնյաները պնդում են, որ զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանը գրավիչ է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Հայաստանի հմայքը:
-Շատ կարեւոր հարց է, որ մարդիկ Հայաստանի մասին ունենան ավելի հստակ եւ մանրամասնային գաղափար, ադոր համար հետս բերի աս գործարար մարդկանց: Եվ կմտածեմ, որ ապագայում մենք կրնանք օգնել Հայաստանին թե՛ շինարարության հարցերուն, թե՛ էներգիայի հարցերուն: Եվ մեր գործարար մարդիկ կրնան օգտագործել հոս Հայաստանի հարաբերությունները, ինչպես մթերքի արդյունաբերությունը, ինֆորմատիկայի փորձառությունը, որովհետեւ Հայաստանն ունի շատ լավ մասնագետներ, ժառանգած է եւ հետո կրթած է:
Հ.Գ. Հայաստանում է գտնվում ռումինական գործարար պատվիրակությունը՝ 29 ընկերություններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ճյուղերը՝ տուրիզմ, բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն եւ շինանյութեր, կենցաղային քիմիա, հեռահաղորդակցություն, բանկային ոլորտ, գազի մատակարարում, ավիացիա, ինժեներիա, ռազմական սարքավորումներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, մարտկոցների արտադրություն, գեոֆիզիկա, կոշկեղենի արտադրություն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս