«Մի քիչ մեր Զարուհուն համարձակություն տանք, որ շատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Ազգային ժողովն ընդունեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հիմնական նպատակն ԱԺ կարգազանց պատգամավորներին պատժելն է:

«Այս ինը տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, սա իմ կողմից հեղինակած առաջին օրինագիծն է, որը կարծում եմ ԱԺ-ի կողմից կընդունվի: Ես չէի պատկերացնում, որ իմ կողմից հեղինակած առաջին օրենքը, որը պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, կվերաբերեր ՀՀ ԱԺ-ի կարգազանց պատգամավորներին, կարծում էի, որ ավելի լուրջ դերակատարություն կունենայի»,-ներկայացնելով նախագիծը` ասել էր Փոստանջյանը:

Կարգազանց պատգամավորներին առնչվող նախագծի շուրջ «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացված նախագծի հետ կապված ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:

-Ես ունեմ դրական տեսակետ այս նախագծի վերաբերյալ: Սա առաջնահերթ ինձ համար կարեւոր էր նրա համար, որ մի քիչ մեր Զարուհուն համարձակություն տանք, որ շատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնի, եւ այն թյուր կարծիքը չլինի, թե ընդդիմությունը ներկայացրել է, եւ մենք նրա հետ հաշվի չենք նստել:

Պատգամավորները պետք է ավելի զգոն լինեն այս պարագայում, եւ նման արարքներ իրենց թույլ չտան: Եթե նրանց համար նույնիսկ էական չէ մեկ օր ձայնի իրավունքից զրկվելը, ապա հանրային հնչեղություն ստանալը, թե զբաղվում են նման բաներով (ուրիշի փոխարեն քվեարկելով Ա. Թ), արդեն իսկ իր անձի համար վիրավորանք է: Անբարեխիղճ պատգամավորների հետ կապված կողմնակից եմ, որ լինեն պատժամիջոցներ:

-Գաղտնիք չէ, որ ՀՀԿ խմբակցությունում բազմաթիվ են կարգազանց պատգամավորները: Նրանց պատժելու ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու:

-Ես առաջին օրը, որ ստանձնել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնը, հայտարարել եմ, խնդրում եմ՝ որեւէ մեկդ փորձ չկատարեք մյուսի փոխարեն նման երեւույթներ արձանագրելու, դա շատ վիրավորական է: Եվ խնդրանքը նաեւ այն է, որ ակտիվ մասնակցություն ունենան: Իհարկե, նեգատիվ երեւույթներ մեկ-մեկ նկատվել են քվեարկությունների արդյունքում, բայց ես իմ խմբակցության մասնակցություններից գոհ եմ:

Մենք կանոնակարգի մեջ ունենք, որ քանակից ավելի բացակայությունների դեպքում քննարկում ենք հարցը, նաեւ դնում ենք քվեարկության: Եթե իրենք հարգելի պատճառներով չեն բացակայում, ապա նման մարդկանց ներկայությունը Ազգային ժողովում անիմաստ եմ համարում, որովհետեւ եթե նրանք ավելի կարեւոր գործեր ունեն, ապա մարդկանց պետք է հնարավորություն տալ գնալու իրենց կարեւոր գործերին:

-Ձեզ համար ո՞վ է ամենակարգազանց պատգամավորը:

-Յուրաքանչյուրն իր օբյեկտիվ եւ հարգելի պատճառները, քաղաքական դրդապատճառները կարող է ունենալ: Դրա համար ես չեմ ցանկանում անվանական անդրադառնալ:

Արփինե Թովմասյան




Լրահոս