Բանակում գրանցված համասեռամոլության, շորթման եւ դրա արդյունքում դանակահարության հերթական դեպքով քրեական գործը նախօրեին վերջնականապես հանգուցալուծվեց:
Ըստ մեղադրական եզրակացության` ՊՆ սահմանապահ զորամասերից մեկի ավագ սակրավոր, 1995 թվականին Մարալիկ քաղաքում ծնված Արտակ Բեզոյանը նույն զորամասի զինծառայող, շարքային Աբրահամ Սաֆարյանի մասին զորամասում արատավորող տեղեկություններ տարածելու, իր կողմից նրա հանդեպ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ կատարելու տեսագրությունները հրապարակելու սպառնալիքով 2014 թվականի դեկտեմբերի 7-ին կատարել է շորթում, նրանից պահանջել եւ ստացել է 15 հազար դրամ: Դրանից հետո Բեզոյանը դեկտեմբերի 12-ին նման ձեւով ստացել է եւս 30 հազար դրամ: Այնուհետեւ նա դեկտեմբերի 16-ին Սաֆարյանից պահանջել է 300 հազար դրամ:
1993 թվականին ծնված, Չարենցավանի բնակիչ Աբրահամ Սաֆարյանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը՝ ժամը 00.10-ից 01.00-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ, զորամասի հսկիչ-անցագրային կետի տարածքն անտառապատ տարածքով շրջանցելով՝ մուտք է գործել զորամասի տարածք, ապա Ա. Բեզոյանի հետ զրուցելու ընթացքում գրպանից հանել մինչ այդ Չարենցավանից իր հետ բերած խոհանոցային դանակը, դրանով հարվածել Բեզոյանի դեմքին, ապա դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք: Ա. Բեզոյանին 4 դրվագով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Սաֆարյանին՝ 112 հոդվածի 1-ին մասով եւ 327.6 հոդվածի 1-ին մասով:
Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Բեզոյանը եւ Սաֆարյանը միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն՝ ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են դրա հետ:
Արագացված դատաքննության արդյունքում 2015 թվականի նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Բեզոյանին դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման եւ 400 հազար դրամ տուգանքի, Ա. Սաֆարյանին՝ 3 տարի ժամկետով ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի:
Դատավորը վճռել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Ա. Սաֆարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 3 տարի ժամկետով փորձաշրջան եւ նրան դատարանի դահլիճից ազատ արձակել: Սակայն այդ վճռի դեմ քրեական գործով մեղադրողը եւ Ա. Բեզոյանի պաշտպանը վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2016 թվականի մարտի 9-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, մերժել է մեղադրողի եւ Ա. Բեզոյանի պաշտպանի բողոքները:
Ոսկան Սարգսյան
Տավուշ