Ով է «զինված հանցախմբի» գործով ցուցմունք տվել Վահան Շիրխանյանի դեմ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանի Նորք-Մարաշ թաղամասում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող «զինված» խմբի` ձերբակալելով մի քանի տասնյակ անձանց: Դեպքից մեկ ամիս անց` դեկտեմբերի 19-ին, նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ով մինչ օրս անազատության մեջ է գտնվում:

Արդեն տեղեկացրել ենք, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն այդ հանգամանքն անտեսվում է քննչական մարմնի կողմից:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ:

-Պարո՛ն Եսայան, «Զինված հանցախմբի» շրջանակներում Վահան Շիրխանյանի քրեական գործի քննության ընթացքից ի՞նչ նորություններ ունեք:

-Արդեն երրորդ ամիսն է, որ նա գտնվում է կալանքի տակ: Ըստ էության, որոշ գործողություններ արվել են` խմբի անդամների հետ կապված, որոշ հարցերի շուրջ մեկնաբանություններ, պարզաբանումներ տրվել են: Քրեական գործը առաջ է գնում: Մենք ընբռնումով ենք մոտենում` հաշվի առնելով, որ այն ծավալուն գործ է, եւ շատ մարդիկ են ընդգրկված:

Պետք է որոշ ժամանակ, որպեսզի ուսումնասիրվի եւ հարցերին պատասխան տրվի: Դրա հետ մեկտեղ` կա առողջության խնդիրը, որը որ մենք անընդմեջ բարձրաձայնում ենք ե՛ւ դատարանում, ե՛ւ քննչական մարմինների մոտ: Մենք ե՛ւ քրեականի, ե՛ւ բժշկականի մասերով խոչընդոտ չենք տեսնում, դրական ենք վերաբերվում գործընթացին: Բայց հաշվի առնելով իր տարիքը՝ փորձում ենք գործընթացը հնարավորինս արագացել:

-Հիմնականում ինչպիսի՞ առողջական խնդիրներ ունի պարոն Շիրխանյանը:

-Հիմնականում տրոմբի խնդիրն է: Մինչեւ իրեն ձերբակալելը նա պետք է վիրահատեր ոտքը: Իրեն բուժող բժիշկը, որ «Ավագյան» բժշկական կենտրոնից է, եղել է իր մոտ, տեսել է նրան: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը չառարկեց, ինչպես նաեւ ԱԱԾ-ն չառարկեց, որպեսզի մենք դրսից իրեն բուժող բժիշկ բերենք: Մտածում ենք, որ մոտակա ժամանակներս միջնորդությունը հաշվի կառնեն, որպեսզի նա հետազոտություն անցնի բժշկական կենտրոնում, եւ իր առողջական վիճակը փորձենք բարելավել:

-Ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվում Վ. Շիրխանյանի նկատմամբ:

-Գործի հետ կապված մի շարք անուններ են տրվել, եւ նա չի էլ հերքում, որ ճանաչում է խմբի երեք անդամներին` տերտերին, լրագրողին եւ Արթուր Վարդանյանին, բայց խնդիրը նրանում է կայանում, որ փորձում են պարզել, թե ինչպես են նրանք իրար ճանաչում, ծանոթություն ասելով՝ ինչ է նշանակում` բարեւ տալ, գնալ, զրուցել… Գործի հետ կապված քննչական գործընթացներ են, գնում են, մենք էլ փորձում ենք դրանք բերել այնպիսի տեսքի, որ երեւա, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

-Իսկ այս ընթացքում ի՞նչ առեւեսումներ են տեղի ունեցել եւ ում միջեւ:

-Մի քանի առերեսումներ եղել են: Պարզապես ես հիմա չեմ ուզում չակերտները բացել: Բայց երբ մենք դիմել ենք ԱԱԾ քննչական մարմին, մեզ չեն մերժել: Արդարադատության նախարարությունը նույնպես դրական է մոտեցել: Մեր միջնորդությունները եւս նպատակահարմար են գտել, որոշ հարցեր որ բարձրացրել ենք, միշտ դրական լուծում են ստացել:

-Պարո՛ն Եսայան, այնուամենայնիվ, պարոն Շիրխանյանը ինչի՞ եւ ո՞ւմ ցուցմունքի հիման վրա է շարունակում մնալ կալանքի տակ:

-Այստեղ մի նրբություն կա, եւ ամեն ինչ մի քիչ խառն է: Նա տեր հոր առիթով է ծանոթացել Վարդանյանի հետ, մեկ-երկու անգամ հետը հանդիպել է: Այս բոլոր հարցերի պատասխանը, ըստ էության, ժամանակի մեջ պետք է տրվի: Բնականաբար, մենք ծանոթ չենք, թե մյուս կողմերը ինչ ցուցմունք են տվել, որովհետեւ դա քննչական գործողությունների իրավունքի ներքո է:

Բայց ենթադրում ենք, կասկածում ենք, որ կլինեն ցուցմունքներ Շիրխանյանի դեմ տրված: Հիմա մեր խնդիրը այն է, որ այդ ցուցմունքների մեջ մենք փորձենք հիմնավորել, համոզել, բերել փաստարկներ, որ իր մեջ այդ հոդվածը չի պարունակում: Եթե երկու-երեք մարդու է ճանաչում, ապա այդ երեքի մեջ պետք է լինի ցուցմունք տվողը, որովհետեւ ուրիշի նա չի ճանաչում, չի շփվել:

-Իսկ Ձեր պաշտպանյալին ինչպե՞ս են վերաբերվում մեկուսարանում:

-Անկախ բարդ գործ լինելուց` այսպիսի հնչեղությամբ եւ գործընթացով, մեկուսարանում, նաեւ քննչական գործողութոյւնների մեջ մենք խնդիր չենք տեսնում, որ հարց բարձրացնենք: Հանդիպումների հետ կապված մենք որեւէ պրոբլեմ չենք տեսնում քննիչների եւ մեկուսարանի աշխատողների հետ: Պարզապես, որ զուգադիպեցին իր ոտքի հիվանդությունը եւ կալանավորումը, ամբողջը խառնվեց իրար:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս