Այսօր հանրային քննարկման ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները կրկին բարձրաձայնեցին Ընտրական օրենսգրքի նախագծի վիճահարույց դրույթների մասին իրենց մտահոգությունները։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ էլեկտրոնային գրանցման համակարգը կբացառի կրկնաքվեարկությունը և կբարձրացնի վստահությունը ընտրական պրոցեսի նկատմամբ։ Հարությունյանը հայտարարեց` կարող են հանել այդ կետը, որը պահանջում է ազգային չորս փոքրամասնությունների ներկայացուցիչներ ներառել կուսակցությունների ընտրացուցակներում։
Դավիթ Հարությունյաը նշեց նաև, որ պատրաստ են քննարկել նաև լրագրողների և դիտորդների թվի սահմանափակում ենթադրող կետը. այս հարցի շուրջ իրենք պատրաստ են որոշակի զիջումների գնալ, և գուցե հնարավոր լինել ընդհանրապես հանել այդ սահմանափակումը։
Անդրադառնալով մատների թանաքոտման հարցին՝ Հարությունյանը ասաց, որ այս մեթոդը կիրառվում է այն երկրներում, որտեղ չկա ընդհանուր փաստաթղթային բազա։ Նրա խոսքով՝ մատների թանաքոտման մեթոդը Վրաստանում ապացուցել է, որ չի ապահովում ընտրությունների թափանացիկությունը։