Ինչու է Արման Թաթոյանն ազատվում իր նախորդի թիմակիցներից. ՄԻՊ-ում կադրային ջարդի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կադրային ջարդը շարունակվում է:

Դեռեւս 2016 թվականի մարտի 6-ին գրել էինք, որ մինչ Արման Թաթոյանի նշանակվելը, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի թիմակիցները շարունակում էին աշխատել ՄԻՊ-ում, սակայն Արման Թաթոյանի գործի անցնելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Նշենք, որ Արման Թաթոյանը ՄԻՊ-ը լքած աշխատակիցների տեղերը համալրում է իր նախկին աշխատատեղի` արդարադատության նախարարության աշխատակիցներով:

ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հեռացնում նախկին ՄԻՊ-ի օրոք աշխատած մարդկանց:

-Ընդամենը այս պահին, եթե չեմ սխալվում, երկու հոգի էր դիմումը գրել, որոնց, հակառակը, ես խնդրել էի, որպեսզի դիմումներ չգրեն, բայց իրենք այլ աշխատանք էին գտել:

-ՄԻՊ-ը լքած աշխատակիցների տեղերը համալրում եք արդարադատության նախարարության աշխատակիցներով: Սա Ձեր նախկին ղեկավարների մոտ դժգոհություն չի՞ առաջացում:

-Նախ՝ բոլորը բարձրակագ մասնագետներ են, իրենք լավ ճանաչում են աշխատակազմի աշխատակիցներին, շատ բարիդրացիական մթնոլորտ է: Այդ առումով խնդիր չկա:

Բոլոր այն դատավորները, որոնք ոչ իրավաչափ որոշում էին կայացնում քաղաքացիների նկատմամբ, նախկին օմբուդսմենը դիմում էր արդարադատության խորհուրդ, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն, սակայն բոլոր դիմումները մերժվում էին:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով եւս մի շարք իրավապաշտպաններ բարձրաձայնեցին, որ դատարանը անօրինական որոշում է կայացրել: Պատրաստվո՞ւմ եք արդյոք այս հարցով դիմել արդարադատության խորհուրդ:

-Հիմա գնահատականներ տալու իրավունք չունեմ, որովհետեւ այս վերջին գործը դեռեւս դատական քննության փուլում է գտնվում կամ դատարանի տիրույթում: Իսկ ինչ վերաբերում է արդարադատության խորհրդին, դե, իհարկե, դա Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունն է:

-Իսկ այս ընթացքում որեւէ այլ գործով դիմե՞լ եք արդարադատության խորհուրդ:

-Այս ընթացքում դեռ ոչ, պատկերացրեք դեռ մեկ ամիս էլ չկա, իսկ Դուք բարձրացնում եք հարց, որը ամիսների ուսումնասիրության խնդիր է, այդ հարցը այնպիսին է, որ պետք է շատ հիմնավոր պատրաստվել:

Ի դեպ, օմբուդսմենից հետաքրքրվեցինք նաեւ, որ մարտի վերջին նա պետք է ներկայացնի ՄԻՊ տարեկան զեկույցը, իսկ մինչ այդ դեռ օդից կախված է մնացել դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության հանրաքվեի մասին զեկույցը: Արդյո՞ք վերջինս կհասցնի այս երկու զեկույցները միանգամից ներկայացնել, թե նրանցից մեկը, ի վերջո, կմնա օդից կախված, Արման Թաթոյանը պատասխանեց. «Այդ հարցը ես ասել եմ, չեմ կարող ասել»:

Քնար Մանուկյան




Լրահոս