Մասիսի «Գարուն» կարի արտադրամասը փակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Գարուն» կարի արտադրամասն ավելի քան մեկ շաբաթ է` չի աշխատում: Վերջին ամիսներին արտադրամասի տնօրինությունը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, բացի այդ` կարի պատվերներ չկան:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գորգերի ու գորգեղենի արտադրության ծավալները 94.4 տոկոսով նվազել են: Նույն ժամանակահատվածում նվազել է նաեւ տրիկոտաժեղենի արտադրության ծավալը՝ 68.1 տոկոսով: Պակասել են նաեւ բաճկոնների արտադրության ծավալները՝ 85.1 տոկոսով, իսկ անկողնային սպիտակեղենի արտադրության ծավալները՝ 80 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ստացվում է, որ Հայաստանում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ անձրեւանոցներ են արտադրվել եւ գուլպեղեն: Անձրեւանոցների արտադրության ծավալներն այս ժամանակահատվածում 60 տոկոսով են ավելացել, իսկ գուլպեղենինը՝ 91.6 տոկոսով:

«Ժողովուրդ»-ին դիմած «Գարուն» կարի արտադրամասի աշխատակիցները հայտնեցին, որ իրենք ավելի քան մեկ շաբաթ է, ինչ չեն գնում աշխատանքի: Ընդ որում, արտադրամասի տնօրինությունը չի հայտնել, թե մինչեւ երբ են իրենք անգործ մնալու: Նշենք, որ «Գարուն» կարի արտադրամասը երկար տարիներ է, ինչ գործում է Արարատի մարզի Մասիս քաղաքում: Այն հիմնականում կարում է ուժային կառույցների աշխատակիցների համար նախատեսված համազգեստներ:

«Ժողովուրդ»-ին դիմած աշխատակիցների պատմելով՝ արտադրամասի տնօրինությունը վերջին ամսիներին ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել եւ պարբերաբար ուշացրել է իրենց աշխատավարձերի վճարումը: Իսկ մի մասին էլ մոտ 4 ամսվա աշխատավարձ չի վճարել: Սակայն կարի արտադրամասի պարապուրդը տնօրինությունը աշխատակիցների մոտ պատճառաբանել է կտոր չլինելու հանգամանքով:

«Գարուն»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով զրուցեցինք Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հոտ, ով ասաց. «Այս արտադրամասը դեռեւս խորհրդային տարիներից է աշխատում: Վերջին տարիներին միայն սեփականատերերն են փոխվել: Նոր սեփականատերը նորմալ անձնավորություն է: Այս արտադրամասում կարել են հիմնականում զինվորական համազգեստներ, ուղղակի որ մասնավոր արտադրամաս է, այս պատճառով էլ քաղաքապետարանը նման հարցերում չի միջամտում»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ արտադրամասի սեփականատեր Վաղինակի (ազգանունը կճշտեմ կլրացնեմ) հետ, ով մեծ ափսոսանքով նկատեց, որ այժմ կարի արտադրամասի ճակատագիրն անորոշ է: «Աշխատանք չկա, դրա համար էլ փակել ենք: Մինչեւ պայմանագրեր չկապենք, չենք կարող աշխատել: Դրանք կլինեն, նոր կբացենք, ճար չկա: Գործ չկա: Պատվերներ չունենք, չենք ստանում: Այս պատճառով ենք փակել»,- հայտնեց արտադրամասի սեփականատերը:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ընկերությունը պետք է մասնակցի ուժային կառույցների կողմից հայտարարված մրցույթներին, եւ միայն այն շահելու դեպքում իրենք կարող են աշխատել: «Իրենք պետք է հայտարարություն տան, որ մենք էլ մասնակցենք, բայց չկա: Ամեն սարքավորումով հագեցած է արտադրամասը, բայց այսօրվա դրությամբ դռները փակել ենք ու եկել տանը նստել», – մեծ ափսոսանքով նկատեց Վաղինակը:

Սեփականատիրոջ խոսքերով՝ արտադրամասն ունի մոտ 140 աշխատող, որոնց աշխատավարձի պարտքերը փակելու համար ստիպված վարկ են վերցրել: Բացի այս՝ արտադրամասն ունի վարկային այլ պարտավորություններ: «Այսքան տարի աշխատել ենք, ու նման բան երբեւէ չէր եղել: Մենք ամեն ինչ կարել ենք. նույնիսկ մեր կարած հագուստը Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել: Հիմա ոչ մի հատիկ հագուստ չի արտահանվում: ՌԴ-ից էլ պատվերներ ունեինք բայց ինչ դոլար-ռուբլի փոխարժեքը տատանվեց, պատվերները դադարեցին:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, որը կարի արտադրամաս էր, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա հունիսի 8-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Պատճառը հարկային պարտավորություններն էին: ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին:

Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազեցին ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Եվ 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել էր 55,2 մլն դրամ: Անգամ արտադրամասի շենքն էր վաճառվել: Չի բացառվում, որ «Գարուն» կարի արտադրամասն էլ գնա «Կոնտինենտտեքս»-ի ճանապարհով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս