Երաժիշտ, երգահան Արա Թորոսյանը (Մուրզո) աշխատում է միաժամանակ Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ այս տարի լրանում է իրենց՝ երաժիշտների եւ Թաթայի միջեւ համագործակցության 20-ամյակը, որը իրենք պատրաստվում են առանձնահատուկ նշանավորել: Երաժիշտը խոսել է նաեւ ապագայի ծրագրերի մասին, անդրադարձել Հին Երեւանի պատմական շերտի վերացման խնդրին:
-Արա՛, գիտենք, որ New York Film Academy-ի հետ եք համագործակցում, ֆիլմերի սաունդթրեքեր եք հեղինակում: Հաջողվո՞ւմ է բավականաչափ գումար աշխատել:
-Բնականաբար, այնքան, որքան կցանկանայի աշխատել, դեռեւս չի ստացվում, քանի որ արտերկրում, մասնավորապես՝ հոլիվուդյան շուկայում, ճանաչվելու ճանապարհին եմ, իսկ այդ ուղին անցնելը բավական բարդ է. նախ՝ շուկան խիտ է, բացի այդ՝ ոչ ամերիկացիներին այնտեղ վերապահումներով են մոտենում:
-Հայաստանում Ձեր գործունեությունը ծավալելու համար պակասող ի՞նչ հանգամանքներ կան: Տարվա ընթացքում ավելի շատ այստե՞ղ եք լինում, թե՞ ԱՄՆ-ում:
-Նայած տարի: Օրինակ՝ 2015-ին 9 ամիս ապրել եմ ԱՄՆ-ում: Այնտեղ ես բնակարան եմ վարձել, ապրում եմ: Բացի սաունդթրեքեր հեղինակալուց՝ մասնակցում եմ համերգների, մեծ մասամբ Թաթա Սիմոնյանի հետ: Առհասարակ, կցանկանայի, որ բոլորս միշտ մնայինք Հայաստանում:
Մենք ունենք հիանալի ներուժ, լավ երիտասարդություն, բայց չունենք դրսեւորվելու դաշտ: Օրինակ՝ մեզ մոտ ֆիլմերի համար երաժշտություն չեն ուզում, ուրիշների պատրաստի երաժշտությունն են օգտագործում՝ լավ իմանալով, որ այդ ֆիլմերը միջազգային ասպարեզ դուրս չեն գա, եւ իրենք պատասխանատվության չեն ենթարկվի:
-Շուրջ 20 տարի է՝ աշխատում եք Թաթայի հետ: Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ կերպ նշանավորել այդ հոբելյանը:
-Այո, մենք հին ընկերներ ենք, մենք այն թիմն ենք, որը ցուրտ Ռուսաստանում համերգներ ունենալուց հետո թռել է հասարակածից ներքեւ՝ Սեյշելյան կղզիներ, եւ կրկին գնացել Ռուսաստան (ծիծաղում է): Այս տարի նշում ենք մեր՝ երաժիշտներիս, եւ Թաթայի միջեւ համագործակցության 20-ամյակը: Այդ առթիվ հյուրախաղեր կունենաք տարբեր երկրներում, հանդես կգանք համերգներով, նույնիսկ պլանավորվում է վավերագրական ֆիլմ նկարել:
-ԱՄՆ-ում շատ հայ ընկերներ ունե՞ք: Երբ հանդիպում եք՝ ինչի՞ մասին եք խոսում:
-Հայերը դարեր ի վեր հանդիպելիս ինչի՞ մասին են խոսել (ծիծաղում է):
-Քաղաքականությա՞ն:
-Չէ, քաղաքականության մասին չենք խոսում, որովհետեւ վաղուց դրա վրա ընդհանրապես հույս չենք դնում: Զրուցում ենք այն մասին, թե ոնց անենք՝ կարոտ չապրենք, ոնց անենք՝ վերադառնանք Հայաստան: ԱՄՆ-ում սիրով շփվում եմ Հարութ Փամբուկչյանի հետ, շատ ուրախ եմ, որ այնտեղ հաջող գործունեություն է ծավալել Աշոտ Բզնունին: Վերջերս նահանգներում բնակություն հաստատեց նաեւ իմ լավ ընկեր, կիթառահար Կարո Սարաֆյանը:
-Փաստորեն, նա էլ գնաց…
-Այո, բոլորն են գնում…
-Ձեր հեղինակային նախագիծն ունենալու մասին մտածո՞ւմ եք:
-Այո, նման գաղափար ունեմ, կցանկանայի մի նախագիծ իրականացնել՝ ինձ համար նախընտրելի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ: Խոսքը 14 ստեղծագործությունների մասին է, որոնք դեռ պետք է ձայնագրվեն եւ որոնք շատ աշխատանք են պահանջում: Հետագայում կարելի է մտածել նաեւ այդ նախագծի մասնակիցների հետ համերգով հանդես գալու մասին: Այս ամենն իրականացնելու համար, սակայն, ժամանակ եւ ֆինանս է անհրաժեշտ:
-Դուք ծնվել-մեծացել եք Երեւանում, գիտեմ, թե որքան սերտ է Ձեր կապը մեր մայրաքաղաքի, այստեղ առկա կոլորիտի հետ: Այնինչ՝ հատկապես վերջերս երեւանցիները դժգոհում են Հին Երեւանի պատմական շենքերը քանդելու դեմ: Դուք հետեւո՞ւմ եք այս իրադարձություններին:
-Այո, հետեւում եմ, եւ հին շենքերի քանդումը համարում եմ հանցանք՝ բառիս բուն իմաստով: Ես նկատում եմ, որ չնայած մեր մտավորականությունը բողոքում է, գավառական մարդիկ, որոնք մեր Երեւանի հետ ոչ մի կապ չեն ունեցել, հաշվի չեն նստում նրանց խոսքի հետ: Գնացե՛ք, նայե՛ք Լոնդոնը, որտեղ ամենուր հին շենքեր են՝ ներսից ժամանակակից դիզայնով: Ոչ ոք երբեք չի կարող ձեռք տալ այդ շենքերին: Մեզ մոտ ինչո՞ւ պետք է այս կամ այն անհատը ունենա այդ շենքերին ձեռք տալու իրավունքը, Կառավարությունն էլ դրա համար գտնի պատճառաբանություններ: Անգամ արյունով պատրաստ եմ պաշտպանել այդ հին շենքերը:
-Որքանով տեղյակ ենք՝ Ձեր զավակները բնակվում են ԱՄՆ-ում: Նրանց ապագան որտե՞ղ եք տեսնում:
-Այո, նրանք սովորում են այնտեղ: Դա պլանավորված չէր, բայց ես միշտ ճիշտ եմ համարել մեծ աշխարհ դուրս գալու միտումը եւ ողջունել եմ դա: Տեսնենք՝ ինչպես կդասավորվի նրանց ապագան, բայց մի բան հստակ է՝ երեխաներս ոչ մի դեպքում չեն մոռանում իրենց հայրենիքը:
Աննա Բաբաջանյան