«Ժողովուրդ»-ի երեկվա համարում գրել էինք այս տարվա հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ նրա գրավոր ելույթում տեղ գտած անճշտությունների մասին: Շարունակում ենք ներկայացնել մյուս մանրամասները:
ՀՀ նախագահի նստավայրի կողմից տարածված Սերժ Սարգսյանի ելույթի տեքստից խնամքով հանված է այս հատվածը, որտեղ Իշխան Զաքարյանին առավել կոպիտ է քննադատում. «Դու քաղաքական գործիչ չես, դու պրոֆեսիոնալ ես, դու պարտավոր ես փաստերն ի հայտ բերել: Հենց դրա համար եմ ասում՝ մարդ պետք ա պատրաստվի ցանկացած պատասխանի եւ հաշվետվության: Տեմպի տակ չընկնե՜լ: Հասկանո՞ւմ ես: Դա շատ կարեւոր հատկանիշ ա ղեկավար մարդու համար: Քեզ կարող եմ օրինակներ բերել, թեեւ սա խորհրդակցության թեմա չի: Ինձ մոտ են եկել մարդիկ, մշակույթի գործիչներ եւ ասում են՝ արա՛, էս ո՞նց ա, էս 700 մլրդ-ն ո՞վ ա կերել: Հասկանո՞ւմ ես, Իշխա՛ն, ինչ ա: Եվ ընդհանրապես, 900 մլրդ-ից 700 մլրդ-ն կարելի՞ ա ուտել: Դու պատկերացնո՞ւմ ես դա: Մենք 1 մլրդ-ի ծրագիր ենք իրականացնում Հյուսիս-Հարավում, դու ասում ես՝ խայտառակություն է: Դու հասկանո՞ւմ ես, որ 5 տարի այդ խարանը լինելու է այդ ճանապարհի վրա…»:
Նախ նկատենք, որ Ս. Սարգսյանը, որն իր ելույթներից մեկում ասել էր, թե յուրաքանչյուր քաղաքացու հետ պետք է խոսել «դուք»-ով, ՀՀ պաշտոնյաների հետ խոսում է դու-ով: Եվ այսքանից հետո ամենեւին էլ տարակուսելի չէ, որ Ս. Սարգսյանի մոտ գնացած մշակութային գործիչները կարող են նրա հետ «արա»-ով խոսել, ինչպես ինքն է պատմել. «Մշակույթի գործիչներն ասում են՝ արա՛, էս ո՞նց ա, էս 700 մլրդ-ն ո՞վ ա կերել»: Բայց նույնիսկ դա չէ կարեւոր:
Հատկանշական է, որ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին քննադատել ՎՊ նախագահին, վերջինս հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտարարելով. «ՎՊ նախագահը, ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների եւ շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության եւ գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության եւ գնումների ոլորտը համարվում է ռիսկային: Սա ամենեւին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում… Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, եւ քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան»:
Բայց այս պարզաբանումը ոչինչ չի փոխել Ս. Սարգսյանի որոշման մեջ: Նա, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, նախատեց. «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին եւ ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել»:
Հետաքրքիր է, Ս. Սարգսյանին չէի՞ն զեկուցել, որ ՎՊ նախագահն արդեն պարզաբանել է, որ «պետական բյուջեի շինարարության եւ գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության եւ գնումների ոլորտը համարվում է ռիսկային»: Իսկ ի՞նչ նորություն է ասել Իշխանը. նա ընդամենը կրկնել է գործադիր մարմնի՝ տարբեր փաստաթղթերում արված ձեւակերպումները, որ գնումների եւ շինարարության ոլորտները համարվում են ռիսկային: Օրինակ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրում» սեւով սպիտակի վրա գրված է. «Հանրային գնումների հանդեպ վստահության ընկալման մակարդակը մնում է անբավարար»: Ավելին, ՀՀ կառավարության 2013-ի ծրագրում, այս իրողությունը հաշվի առնելով, ահա ինչ է նախատեսված. «Պետական գնումների համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով շարունակվելու է ապրանքների եւ ծառայությունների գների մշտադիտարկումը՝ կանխելով չհիմնավորված բարձր գներով հնարավոր գնումները»: Այսինքն՝ այդ երեւույթի առկայությունն անհերքելի է: Պարզապես տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանի ելույթը գրողները պարզապես չեն կարդացել նշված փաստաթղթերը: Սա արդեն խայտառակության գագաթնակետն էր:
Սակայն Ս. Սարգսյանը, փոխանակ այս առնչությամբ մտահոգվելու, հանրությանը տեղեկացրեց պալատական խարդավանքների դրսեւորումների մասին, թե ինչպես է Ա. Հովսեփյանը զանգահարել Ի. Զաքարյանին ու «ռազբորկա» արել, վերջինս էլ խեղճացել ու եկել, իրեն է բողոքել:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ Ս. Սարգսյանն իր խոսքում, ըստ էության, քարտ բլանշ տվեց մինչեւ 300 մլն դրամ յուրացնողներին:
Բայց Սերժ Սարգսյանի խորհրդակցության ամենակարեւոր հատվածներից մեկը թերեւս այս ձեւակերպումն է. «Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է, եւ այդ 700 մլրդ-ն ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ… Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսն աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա»:
Այս հայտարարությունից երկու եզրահանգում կարելի է անել. մեկ՝ ոչ ոք իրավունք չունի ՊՆ-ի ծախսերի արդյունավետության մասին անգամ մտածել: Եվ ոչինչ, որ հայոց բանակի գեներալներից շատերը թաշկինակի պես իրենց «Ջիփ»-երն են փոխում կամ անասելի ուռճացված է ՊՆ աշխատակազմը: Եվ երկրորդ՝ Ի. Զաքարյանն ինչ-որ «մութ ուժերի» պատվերն է միտումնավոր կատարում: Ասել է թե՝ Զաքարյանը պետական դավաճան է:
Տրամաբանությունը հուշում է, որ նման ձեւակերպումից հետո Զաքարյանն առնվազն պետք է պաշտոնանկ արվեր, իսկ նվազագույնը՝ խիստ նկատողություն ստանար: Բայց ոչ, նրան ոչ ոք չասաց, թե «աչքիդ վերեւն ունք կա»: Ինչո՞ւ, կարծում ենք՝ երկու պատճառով. մեկ, որ Զաքարյանն ունի շատ հզոր հովանավոր, որը նաեւ նրա առանձնատունն է կառուցում, երկրորդ՝ Սերժ Սարգսյանը սովոր է իրեն շրջապատել մարդկանցով, որոնք տարբեր ժամանակներում եւ տարբեր կերպ մեղադրվել են պետական դավաճանության մեջ:
Հիշո՞ւմ եք 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արթուր Բաղդասարյանին դավաճան որակեց: Բայց դրանից հետո Ս. Սարգսյանը նրան նշանակեց ՀՀ ԱԽՔ:
2011-ի մայիսին էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անկեղծացավ. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, ու այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի»: Այս խոսքերից հետո էլ ընդդիմությունը վարչապետին դավաճան որակեց, սակայն Ս. Սարգսյանը նրան վերանշանակեց նույն պաշտոնում:
Հիմա էլ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին անձամբ է մեղադրում՝ անձամբ հովանավորելով: Ու թերեւս սա է պատճառը, որ մեր երկրում անպատժելիությունն ամենաբարձր մակարդակով լայն դրսեւորումներ ունի: Չէ՞ որ նույն Ս. Սարգսյանը խոստացավ «մեծ ձկներին» բռնել, բայց էլի կարթում են հայտնվում մանրերը: