Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության նոր հեռանկարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում: “Մեր երկրի անկախության կարևոր գրավականներից մեկն ազդեցությունների հավասարակշռումն է, և այդ առումով ֆրանսիական ազդեցությունը հատուկ տեղ է գրավում: Իմ կարծիքով, մեր երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությունը հենց այս համատեքստում պետք է դիտարկել”,-նշել է նախարարը և ընդգծել Ֆրանսիական համալսարանի դերը մեր կրթական համակարգում` միաժամանակ ցանկություն հայտնելով ֆրանսիական մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում: Իր հերթին դեսպան Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի:

Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսիական կրթական հաստատության ուղղությամբ գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների համագործակցությանը, զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող այլ հարցեր:




Լրահոս