«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն ապրիլի 4-ին կամ 5-ին ասուլիս է հրավիրելու` պաշտոնապես հայտարարելով իր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Կուսակցական ծրագրի տնտեսական մասն արդեն պատրաստ է, այն կազմել է սլավոնական համալսարանի դասախոսներից մեկը: Օսկանյանի կուսակցությունում, ըստ էության, լինելու են քոչարյանական թեւի ներկայացուցիչները:
Այն կհամագործակցի Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» եւ Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնություն» կուսակցությունների հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսագուլյանն ասաց. «Բնականաբար, ես կապ ունեմ պարոն Օսկանյանի հետ, մենք լավ ընկերներ ենք: Բայց կուսակցության, կուսակցության ստեղծվելու հետ կապ չունեմ»: Իսկ Հարությունյանն էլ ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել, քանի որ պարոն Օսկանյանի հետ եղել ենք նույն համաժողովրդական շարժման մեջ, եւ նրա հայացքները ինձ համար լրիվ ընդունելի են: Համոզված եմ, որ նրան կհաջողվի համախմբողի դեր կատարել եւ հզոր ուժ կլինի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: