Սերժ Սարգսյանը հաջողությամբ խուսանավեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս զեկուցագիրը, որ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին, վերաբերում է 2007թ. խորհրդարանական ընտրությունների շրջափուլին: Հեղինակը անդրադարձ է կատարում Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ կայացած սկանդալային զրույցի գաղտնալսման թեմային:

Ամերիկյան դիվանագիտական շրջանակներն ակնհայտորեն խիստ զայրացած են եղել գաղտնալսման փաստից: Այդ պատճառով էլ շարունակաբար փորձում էին Սերժ Սարգսյանի կողմից դատապարտող հայտարարություն կորզել գաղտնալսման կապակցությամբ, ինչից Սարգսյանը հաջողությամբ խուսանավել է:

Զեկուցագրի հեղինակը տեղեկացնում է, որ իշխանամետ հակում ունեցող ռուսալեզու «Գոլոս Արմենի» թերթի հրապարակած գաղտնի ձայնագրության սղագրությունն իրական է: Գոդֆրին զրուցել է նաեւ Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի հանդիպմանը մասնակցած Տիգրան Մկրտչյանի հետ` պարզելու համար դեպքի մանրամասները: Ամերիկյան կողմի համար պարզ է դարձել, որ այդպիսի զրույց իրականում տեղի է ունեցել, իսկ գաղտնալսումն էլ իրականացվել է ՀՀ հատուկ ծառայությունների կողմից:

Ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ իրենք դիմել են Սերժ Սարգսյանին` նրան տեղեկացնելով իրենց լուրջ դժգոհության մասին: Արտահերթ հանդիպում խնդրելով` ամերիկացիները ցանկացել են Սարգսյանին համոզել, որ որպես ՀՀԿ նախագահ եւ ՀՀ վարչապետ հանդես գա համապատասխան հայտարարությամբ` դատապարտելով գաղտնի ձայնագրությունը կամ ցանկացած այլ արարք, որ հատուկ ծառայությունները թույլ կտան այդ տրամաբանության մեջ, ինչն անհարիր է նորմալ ընտրական գործընթացին: Սակայն դիվանագետը հարկ է համարում շեշտելու, որ Սերժ Սարգսյանը խուսափել է նման հայտարարություն տարածելուց` նախընտրելով անորոշ արդարացումներն ու պնդումները:

Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը չգիտի, թե ինչքանով են հիմնավոր հնչած մեղադրանքները, եւ հատկապես իր համար անհասկանալի է, թե ինչից ելնելով են արվում այն պնդումները, թե այդ ամենը կազմակերպված է եղել հատուկ ծառայությունների կողմից: Եվ ապա Սարգսյանը հավելել է, որ ինքը կամենում է ԱՄՆ դիվանագետի հետ զրուցել` որոշ ժամանակ առաջ ծրագրված ժամանակացույցին համապատասխան` հրաժարվելով շտապ հանդիպումից: Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, որ Արթուր Բաղդասարյանն իրեն ավելի մեծ սխալ է թույլ տվել, քան ամերիկացիները կարող են անգամ պատկերացնել: Ամերիկացի դիվանագետը վերահաստատել է իր բացասական վերաբերմունքը խնդրի առարկա գաղտնալսման հանդեպ` հետագա քննարկումներին դեմ չլինելով հանդերձ:

Գոդֆրին ծանուցում է, որ ավելի վաղ իրենք հանդիպել էին այնժամ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ` արտահայտելու իրենց մտահոգությունները միջադեպի կապակցությամբ: Գոդֆրին շեշտել է, որ դիվանագիտական զրույցներին հետեւելն անընդունելի է, իսկ հատկապես հատուկ ծառայությունների օգտագործումը նախընտրական պայքարում` խստագույնս անթույլատրելի:

Նա հատկանշել է, որ միջադեպը հաստատապես բացասաբար է անդրադառնալու ընտրություններին հետեւող միջազգային դիտորդների կարծիքի վրա: Համոզված ենք, որ ամերիկացիների հետ ունեցած հանդիպմանը Վարդան Օսկանյանը պաշտպանել է իշխանությունների գործողությունները այնպես, ինչպես մարտի 1-ին էր վարվում: Կհիշեն շատերը, որ Օսկանյանը 2012թ. ինքը դարձավ նույն մեթոդների զոհը, երբ հրապարակվեց նրա ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի զրույցի գաղտնի ձայնագրությունը: Այնպես որ, Օսկանյանը բողոքելու տեղ չունի, քանզի երբ ինքն էր իշխանության մեջ, այլոց գաղտնալսում էին, նա ծպտուն իսկ չէր հանում:

Զեկուցագրի ավարտին դատապարտելով գաղտնի ձայնագրությունն ու դրա հրապարակումը` Գոդֆրին եւս մեկ անգամ շեշտում է, որ դրա հեղինակները հատուկ ծառայություններն են եղել: Նրա պնդմամբ` փաստը, որ փետրվարին կատարված գաղտնի ձայնագրությունը ամիսներով պահվել է եւ հրապարակվել է միայն նախընտրական շրջանում, ցույց է տալիս դրա մաքուր քաղաքական նպատակները:

Հարկ է հավելել, որ իր դեմ նման մեթոդներով պայքարող իշխանությունից Արթուր Բաղդասարյանը բնավ չվիրավորվեց: Ավելին` իշխանություններին մեղադրելով իրեն սպանելու ցանկության մեջ` Բաղդասրյանը օրերի ընթացքում աջակցեց իրեն սպանել ցանկացող իշխանությանը` 2008-ին իշխանական կոալիցիա կազմելով: Իսկ այսօր նույն Բաղդասարյանը նույն թիմով փոխում է ՕԵԿ անունը եւ խոստանում պայքարել իշխանությունների դեմ: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ Բաղդասարյանը ճիշտ կվարվի, եթե այլեւս չհանդիպի բրիտանացի դիվանագետների հետ. ինչ իմանաս, ինչեր կարող են պատահել Քոչարյանի կողմից «դավաճան» պիտակը ստացած Արթուր Բաղդասարյանի հետ:

Վերջում հարկ ենք համարում վերահաստատել, որ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա իշխանություններին մազաչափ իսկ չի հետաքրքրել, թե ինչ կարծիք են ունեցել միջազգային դիտորդները: Դրա լավագույն ապացույցը սահմանադրական վերջին փոփոխությունների առթիվ տեղի ունեցած հանրաքվեն էր, որը միջազգային դիտորդների կողմից դրական գնահատականի չարժանացավ: Դրանով հանդերձ` ՀՀԿ-ն մատ թափ տվեց դիտորդների վրա, իրական կեղծարարները չպատժվեցին, իսկ արտաքին ուժային կենտրոններն էլ պատրաստակամություն հայտնեցին աշխատել Սերժ Սարգսյանի իշխանության հետ:

Ն. Հովսեփյան




Լրահոս