Մտածել եմ` ամոթ կլինի, որ ուրիշ երկրների համար եվրատեսիլյան երգ գրեմ. ԴերՀովա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադահայ երգահան, գործիքավորող, պրոդյուսեր ԴերՀովան (Հարություն Տէր-Հովակիմյան) այժմ աշխատում է միանգամից մի քանի նախագծերի վրա: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը որպես մենեջեր, վերահսկող, զբաղված է ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի առաջին ալբոմի ստեղծմամբ. «Ժողովրդական երգերը ինձ հարազատ ժանրերից դուրս են, բայց շատ հետաքրքիր է աշխատել նաեւ նման գործերի վրա: Ես ավելի վաղ գործիքավորել էի Սեւակի երգերից մեկը, որը կոչվում է «Ախպերս ու ես», այն հաջողություն ունեցավ, դրանից հետո որոշեցինք թողարկել նաեւ ալբոմ: Հիմա Սեւակը պատրաստվում է դուետ կատարել արտասահմանում հայրենասիրական երգի ճանաչված կատարողներից մեկի հետ, զբաղված ենք դրան առնչվող աշխատանքներով»:

big_1340867588_4162923

ԴերՀովան նաեւ տեղեկացրեց, որ ինքն առաջին անգամ պատրաստվում է հանդես գալ որպես ռեժիսոր. «Ես հաճախ եմ մի շարք ռեժիսորների խորհուրդներ, տեսահոլովակ նկարահանելու հետ կապված գաղափարներ տվել, հետո մտածեցի` ինչո՞ւ ես էլ չզբաղվեմ դրանով: Եվ երբ երգչուհի Արփի Շահնուբարյանից ստացա առաջարկը, ընդունեցի այն: Շուտով նրա «Թամզարա» երգի հիման վրա կնկարահանենք տեսահոլովակ: Գիտեմ, որ ծանր աշխատանք է, բայց ես սիրում եմ ինքս վերահսկել այդ գործընթացը»:

ԴերՀովայի խոսքով` ինքն այժմ համագործակցում է նաեւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի հետ, ով հանդես է եկել «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբում: Երգահանը, փաստորեն, կօգնի Թամարին, որ նա առաջին անգամ ներկայացնի հայկական երգեր: «Թամարի հետ մենք կապի մեջ էինք մինչեւ «Եվրատեսիլ»-ը, անընդհատ օնլայն շփման մեջ էինք եւ որոշել էինք մի օր անպայման համագործակցել: Արդեն «Եվրատեսիլ»-ից հետո նա ինձնից խորհուրդ հարցրեց` ներկայացնել հին հայկական երգ, թե նոր մի բան: Արդյունքում որոշեցինք, որ նա առաջինը կներկայացնի վերամշակված հին հայկական երգ, հետո արդեն` նոր գործեր»,- մանրամասնեց նա:

դերհովա

ԴերՀովան նաեւ նշեց, որ Սիրուշոյի կատարմամբ իր հեղինակած «Քելե-քելե» երգի` «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթում 4-րդ տեղը գրավելուց հետո իրեն մի շարք երկրներից եվրատեսիլյան երգեր հեղինակելու առաջարկներ են արել, սակայն ինքը մերժել է.«Ուղղակի մինչեւ հիմա ես միշտ մտածել եմ` կարող է մի քիչ ամոթ լինի, որ ուրիշ երկրների համար երգ գրեմ կամ գործիքավորեմ, բայց ինձ թվում է` պետք է անել, ինչո՞ւ ոչ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս