ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 372-Ա հրամանի հիման վրա “Էլիտ Շանթ” ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում “Օսկար մինի” ապրանքանիշի պաղպաղակից, “Էկլեր” և “Զեֆիր” ապրանքանիշի հրուշակեղենից 2013 թվականի հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Համաձայն “Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ-ի արձանագրության՝ “Օսկար մինի” ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում “Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-ն որոշման պահանջներին: “Էկլեր” և “Զեֆիր” ապրանքանիշի հրուշակեղենը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում ՀՆ N2-lll-4.9-01-2010 պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:
Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի որոշմամբ արգելվել է “Էլիտ Շանթ” ՍՊԸ-ի կողմից “Օսկար մինի” ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և “Էկլերե և “Զեֆիր” ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը։
Ինչպես նաև “Էլիտ Շանթ” ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: