«Թերություններ կային բոլոր մարզիկների ելույթներում էլ». մեդալի հակառակ և ամենակարևոր կողմը. վերլուծություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիգայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեզ համար լավ նոտայով ավարտեց:

Վարշամ Բորանյանի տարիների քրտնաջան աշխատանքը պարգևատրվեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալով: Հավաքականի ամենափորձառու և տիտղոսակիր Ռոման Ամոյանը ապացուցեց, որ դեռ վաղ է նրան «թոշակի ուղարկել»: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր բրոնզե նորամուտը նշած Կարապետ Չալյանը՝ հույս ներշնչեց մարզասերներին, որ 75 կգ քաշային կարգում արժանի փոխարինող կա Արսեն Ջուլֆալակյանին: Արթուր Ալեքսանյանի նվաճած արծաթե մեդալը ինչ-որ տեղ ձախողում էր աշխարհի կրկնակի չեմպիոնի համար, սակայն պետք չէ դրանից ողբերգություն սարքել:

Այո, կային մրցավարական կողմնապահություններ, որոնք անակնկալ չէին մեզ համար, բայց կային նաև թերություններ, որոնց վրա պետք է աշխատել: Թերություններ կային բոլոր մարզիկների ելույթներում էլ, որոնց վրա հավաքականի, ինչպես նաև ըմբիշների անձնական մարզիչները կաշխատեն և հնարավորինս կշտկեն:

Անասելի հպարտություն էր Ռիգայի «Արենա»-ում լսել մեր օրհներգը և հետևել՝ ինչպես է բարձրանում եռագույնը: Մեզ նման փոքր պետության համար ավելի քան երանելի էր թիմային հաշվարկում լինել երկրորդը՝ առաջ անցնելով ըմբշամարտի վրա միլիոններ ծախսող Ադրբեջանից և միայն զիջել մրցավարների աջակցությունը վայելող Ռուսաստանին:

Որքան էլ չցանկանանք ընդունել, բայց սպորտը ամենամեծ քաղաքականությունն է: Հենց սպորտի միջոցով են գերտերությունները իրենց «բազկի ուժը» ցուցադրում: Ափսոս, որ այդ սին ուժը ցուցադրելու հետևից ընկնելու ճանապարհին մոռացվել են սպորտի, արդար խաղի և առողջ մրցակցության իրական նպատակն ու նշանակությունը: Ժամանակին, ամենախոշոր մարզական միջոցառման՝ Օլիմպիական խաղերի, ժամանակ դադարում էին ամեն տեսակի պատերազմները, այժմ «պատերազմում են» այդ նույն խաղերի մեդալների համար:

Եվ այս պատկերի վրա տեսնել մեզ, մեր հավաքականը՝ 4 մեդալով և թիմային հաշվարկով Եվրոպայի լավագույն եռյակի մեջ, իրոք ուրախալի է: Սակայն այդ ուրախությունը չպետք է մեր ոտքերը կտրի հողից և փակի մեր աչքերը՝ իրականության դեմ:

Հայ ազատ ոճային ըմբիշների ելույթներից բոլորն անխտիր դժգոհ են: Մարզասերները միաբերան կրկնում են, որ մեղավորը հավաքականի գլխավոր մարզիչն է: Այո, մարզչի աշխատանքն անթերի չէ, բայց եկեք այս հարցին ավելի խորը նայենք: Մինչև մեծահասակների հավաքականի շարքը համալրելը, ըմբիշները նախ պատանեկան հավաքականում են, այնուհետեև երիտասարդական: Ցավոք, հենց ամենակարևոր տարիքային փուլում ըմբիշները մաղվում են, պակասում են, զրկվում են իրենց այն որակներից, որոնք ունեցել են պատանեկան տարիքում: Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը նոր հեծանիվ չպետք է հորինի, նրան պետք է հասնի մրցունակ թիմ, ոչ թե ամեն քաշում մեկ կամ երկու միջին որակներ ունեցող ըմբիշ:

Հայաստանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցը մեկ գլուխ բարձր է եղել, քան ազատ ոճայինը: Այդ խնդիրը չի լուծվելու միայն հավաքականի գլխավոր մարզչին փոխելով:

Անցնող շաբաթվա ընթացքում կայացան ըմբշամարտի երիտասարդական թե՛ հունահռոմեական և թե՛ ազատ ոճի Հայաստանի առաջնությունները: Երկու առաջնությունները, եթե հանրագումարի բերենք, մասնակցել են մոտ 220 ըմբիշներ: Համեմատության համար ասեմ՝ հարևան Վրաստանում 200-250 ըմբիշներ մասնակցում են միայն ազատ ոճայինների երիտասարդական առաջնությանը: Կասեք՝ թիվը որակ չէ: Այս դեպքում թիվը մրցակցություն է, իսկ մրցակցությունը՝ որակ: Այդ տարիքային խումբը մեծահասակների վաղվա օրն է, սակայն երբ մասնագիտորեն և համեմատելով նայում ես մարզիկների ելույթներին, հասկանում ես որ դեռ հղկելու, աշխատելու շատ բան կա, սակայն այդ շատ աշխատանքը չպետք է մնա մեծահասակների հավաքականի մարզիչների ուսերին, այլ՝ անհատական և երիտասարդների հավաքականների մարզիչների: Մարզիկը չպետք է 3-4 տարի միայն փորձ ձեռք բերելու համար երկիր ներկայացնի մեծահասակների առաջնությունում:

Մեկ այլ հարց է՝ երկրի առաջնությունների կազմակերպվածությունը և մրցավարությունը: Այն հեռու է ոչ միայն միջազգային ստանդարտներից, այլև էթիկայի բոլոր կանոններից: Գորգի մրցավարները չպետք է ենթարկվեն ո՛չ հավաքականի մարզիչներին, ո՛չ ծանոթ մարզադպրոցների մարզիչներին, ո՛չ էլ պաշտոնավոր անձանց: Այստեղից են սկսվում բոլոր դժբախտությունները: Ստացվում է, որ ներսից մեր աչքն ենք  հանում, դրսից՝ ուրիշինը:

Պետք է որակավորված մարզիչներ ունենանք, Հայաստանը միջազգային որակավորում ունեցող մրցավարներ պետք է ունենա: Հակառակ դեպքում զրոյանում և արժեզրկվում են մարզիկների թափած քրտինքն ու աշխատանքը:

«В чужой монастырь со своим уставом не ходят». Եթե մենք այդ մեծ խաղին ենք խառնված, պետք է հնարավորինս յուրացնենք վերջինիս կանոնները: Պետք է խնդիրները տեսնենք և սկսենք լուծել հենց ներսից: Մեծ ճանապարհը փոքր քայլերից է սկսվում…

Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս