Հայաստանում առաջնային կարևորության ապրանքների գները բարձրանում են արհեստական կերպով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունում մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչի հետեւանքով գները բարձրանում են արհեստական կերպով: Սակայն ըստ տնտեսագետների՝ կառավարությունը պետք է առաջին հերթին ոչ թե մտածի գնաճը զսպելու մասին, այլ փորձի խթանել մրցակցությունը: Մինչդեռ այս հարցում կառավարությունը բացարձակ ոչինչ չի ձեռնարկում ինչի արդյունքում էլ ՀՀ տարբեր քաղաքներում ապրանքատեսակները տարբեր գներ ունեն:

Օրինակ՝ փետրվար ամսին բրնձի 1 կգ-ն առավել թանկ գնով վաճառվել է մայրաքաղաք Երեւանում՝ 940 դրամ: Գյումրիում այն վաճառվել է 850 դրամով, Կապանում՝ 830-ով: Իսկ, ահա, բլղուրի 1 կգ-ն ամենաթանկ գնով վաճառվել է Իջեւանում՝ 1450 դրամով, Արտաշատում՝ 1050-ով, Գյումրիում՝ 1000-ով, Էջմիածնում՝ 880-ով: Երեւանում 1 կգ լոբին վաճառվել է 1710 դրամով, Կապանում՝ 1660-ով, Արտաշատում՝ 1600-ով: Մակարոնը թանկ գնով վաճառվել է Կապան քաղաքում՝ 1կգ-ն 530 դրամ: Իսկ, ահա, Գավառում այն վաճառվել է 400 դրամով: Աշտարակում էլ մակարոնի գինը եղել է 430-դրամ, Էջմիածնում՝ 470:

Նշենք, որ մսամթերքի գները նույնպես տարբեր քաղաքներում տարբեր են եղել: Օրինակ՝ տավարի մսի 1 կգ-ն Աշտարակում վաճառվել է 2500 դրամով, Արտաշատում՝ 2240-ով, Երեւանում՝ 2470-ով, Իջեւանում՝ 2350-ով: Իսկ խոզի մսի 1կգ-ն Կապանում վաճառվել է 3290-ով, Արտաշատում՝ 2560-ով, Աշտարակում՝ 3110-ով: Մայրաքաղաք Երեւանում էլ փետրվարին խոզի միսը 3010 դրամով է վաճառվել: Ոչխարի միսը նույնպես Երեւանում ավելի թանկ է վաճառվել՝ 3020 դրամ: Մինչդեռ Գյումրիում այն վաճառվել է 2621-դրամով, Վանաձորում՝ 2270-ով, Գավառում՝ 2500-ով:

Առաջին տեսակի 1 կգ հացը ամենաէժան գինն ունեցել է Վանաձորում՝ 330 դրամ, իսկ ամենաթանկը Եղեգնաձորում՝ 440 դրամ: Մածունը 720 դրամով վաճառվել է Աշտարակում եւ Արտաշատում: Սրանք մածունի ամենաթանկ գներն են, որոնք արձանագրվել են փետրվար ամսին: Իսկ Գյումրիում այն վաճառվել է 490 դրամով, Երեւանում՝ 680-ով:

Կարագի գներում եւս հսկայական տարբերություն է արձանագրվել. օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում 1 կգ կարագը փետրվարին վաճառվել է 4070 դրամով, իսկ մյուս քաղաքներում կարագի գները 2400-ից տատանվել են մինչեւ 3000 դրամի սահմաններում: Մեկ լիտր ձեթը ամենաթանկ գնով վաճառվել է Կապան քաղաքում՝ 810 դրամ, Հրազդանում այն արժեցել է 760 դրամ, Աշտարակում՝ 740: Շաքարավազի մեկ կգ-ը Կապանում վաճառվել է 400 դրամով, իսկ մյուս քաղաքներում՝ 360-370 դրամով:

Եւ այս ֆոնին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդարանում է՝ պատճառաբանելով, որ իրենք վերահսկողություն են իրականացնում միայն գերիշխող շուկաներում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս