Արդեն հայտնի է, որ ուկրաինական «Океан Ельзи» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում: Այն տեղի կունենա հունիսի 1-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մեցցո փրոդաքշն»-ը իր 5-ամյակի առթիվ որոշել է նվեր անել հայ երաժշտասերներին եւ հրավիրել Հայաստանում ամենասպասված խմբերից մեկին:
Այս տարի հայտարարված է «Океан Ельзи»-ի համաշխարհային տուրը, որի շրջանակում էլ խումբը հանդես կգա Հայաստանում: Համերգի տոմսերը մարտի 25¬ից կլինեն վաճառքում եւ կտատանվեն 8-20 հազար դրամի շրջանակում: «Մենք երկար ժամանակ պրպտումների մեջ էինք եւ մտածում էինք` ինչ խումբ հրավիրենք Հայաստան, ի վերջո, որոշ հարցումներից հետո, հաշվի առնելով «Океан Ельзи»-ի բարձր վարկանիշը, ընտրությունը կանգ առավ հենց այս խմբի վրա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց իրադարձության կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը:
Նրա խոսքով` մի քանի տարի առաջ խումբը Հայաստանում մասնակցել է փակ միջոցառման, դրանից հետո պարբերաբար փորձել է այստեղ համերգ կազմակերպել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել: Մեր այն հարցին, թե արդյոք խմբի բոլոր անդամները եղել են Հայաստանում, Ա. Սաղոյանը պատասխանեց. «Տարիներ առաջ կայացած փակ միջոցառման ընթացքում հանդես եկած խմբի երաժիշտները փոխվել են, նրանց փոխարինած նոր անդամները, այո, առաջին անգամ են մեզ մոտ, իսկ, ահա, մեներգիչ Սվատոսլավ Վակարչուկը` ոչ»:
«Մեցցո փրոդաքշնի» տնօրենը, անդրադառնալով տոմսերի գներին, հավաստիացրեց, որ դրանք, համեմատած Երեւանում կազմակերպվող այլ համերգների տոմսերի գների հետ, բավական մատչելի են: Նա հավելեց, որ թեեւ տոմսերի վաճառքը կմեկնարկի օրեր անց միայն, սակայն արդեն հայ հասարակության շրջանում զգացվում է համերգի հանդեպ հետաքրքրություն:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք «Океан Ельзи»-ի համերգի համար մենք Հայաստանում ունենք համապատասխան տեխնիկական հնարավորություններ. «Ինչպես ցանկացած ռոք խմբի դեպքում, «Океан Ельзи»-ն էլ տեխնիկական բարդ ռայդեր ունի. որոշակի սարքավորումներ, որոնք մեզ մոտ չկան, Հայաստան կբերվեն հատուկ այս համերգի համար»,- ասաց Ա. Սաղոյանը:
Նա խմբի երկրպագուներին տեղեկացրեց, որ համերգի ընթացքում հնչելու են «Океан Ельзи»-ի հայտնի հիթերը եւ երգեր նրանց նոր ձայնասկավառակից:
Ա. Սաղոյանը, խոսելով այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի խումբը Հայաստանի, հայերի նկատմամբ, շեշտեց. «Միայն կարող եմ ասել, որ «Океан Ельзи»-ն հայամետ խումբ է, մնացած մանրամասները կարող եմ հայտնել արդեն համերգից հետո»:
Նշենք, որ «Океан Ельзи»-ն ուկրաինական ռոք խումբ է: Այն ստեղծվել է 1994 թվականին Սվատոսլավ Վակարչուկի կողմից, ով խմբի հիմնադիրն է եւ մեներգիչը:
Աննա Բաբաջանյան