Հայաստանում այսօր լիարժեք պաշտպանված չեն մարդու սահմանադրական իրավունքները, ընդ որում, որոշ դեպքերում նույնիսկ չկա համապատասխան այն օրենսդրական բազան, որը թույլ կտա այդ առումով քայլ կատարել:
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է. “Մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմիցե: Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ հնարավոր է պաշտպանել մարդու արժանապատվությունը. օրինակ՝ ոչ հրապարակային վիրավորանքի դեպքում ՀՀ օրենսդրությունը պաշտպանության որեւէ մեխանիզմ չի մատնանշում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը սահմանում է միայն հրապարակային վիրավորանքն ու դրա դեպքում համապատասխան պատիժը:
Իսկ ահա “ոչ հրապարակային վիրավորանք” հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, հետեւաբար նման դեպքերում չկա նաեւ պատիժ: Այնինչ ոչ հրապարակային կերպով հնչեցրած վիրավորանքը եւս ոտնահարում է մարդու արժանապատվությունը, ուստի ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պաշտպանվում է պետության կողմից: Ընդ որում, այս խնդրին անդրադարձ է կատարել ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ 2011թ. նոյեմբերի 15-ին կայացրած ՍԴՈ-997 որոշման մեջ, երբ քննարկում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
“Ակնհայտ է, որ վեճի առարկա հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է միայն հանրության առջեւ առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետեւանքների հաղթահարմանը: Իր կարեւորությամբ հանդերձ, վիճարկվող հոդվածի իրավակարգավորման շրջանակներից դուրս է մասնավոր-իրավական բնույթի հարաբերությունների կարգավորումը: Այնուհանդերձ, ՍԴ-ն գտնում է, որ դա ոչ թե օրենսգրքի տվյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, եւ այն հաղթահարելու համար ՀՀ ԱԺ-ն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կարգավորման խնդիրը”,-ասված է ՍԴ որոշման մեջ: Ու թեեւ այս որոշումից անցել է մոտ 1,5 տարի, սակայն խորհրդարանն այդպես էլ չի անդրադարձել օրենսդրական այս բացին: Ասել է թե` երկրի բարձրագույն դատարանի` ՍԴ որոշումը, որը, ի դեպ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման, 1,5 տարի անց մնում է չկատարված: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ ՍԴ որոշումները մնում են անկատար, եւ խորհրդարանը դրանից հետո համապատասխան օրենսդրական փոփոխություններ չի անում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե այդ հարցն իրենց հանձնաժողովում եղել է քննարկման առարկա, սակայն մերժվել է: ,Ես ինքս չեմ պատրաստվում այդ հարցով որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ, իսկ մնացածների մասին չեմ կարող ասել”,-նշեց նա: Իսկ թե ինչու, Հարությունյանն արձագանքեց. “Համարել ենք սխա”:
Նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ` Հովհաննես Սահակյանը, նշեց, թե շատ դժվար է գտնել “ոչ հրապարակային վիրավորանք” արտահայտության սահմանումը: “Սա շատ զգայուն, նուրբ հարց է, հետեւաբար հարկավոր է դրան առավել քան մանրակրկիտ մոտեցում ցուցաբերել”,-ասաց նա` հավելելով, որ եթե չհաջողվի ճիշտ ձեւակերպում գտնել, ապա կհայտնվենք ծիծաղելի իրավիճակում: Սահակյանի խոսքով՝ իրենք ժամանակին հենց “հրապարակային վիրավորանք” հասկացությունն են օրենսդրական կարգավորման ենթարկել, քանի որ դրա հետեւանքներն անհամեմատելի են. “ՍԴ հիշատակած առաջարկությունը պետք է մի փոքր ավելի լուրջ ուսումնասիրել, ու եթե հնարավոր լինի օրենսդրորեն մշակել, ապա պետք է գնալ այդ քայլին”: Նա նաեւ հավելեց, որ աշնանը, երբ սկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, ապա միգուցե հնարավոր լինի անդրադառնալ այդ հարցին: Մյուս կողմից, սակայն, Հ. Սահակյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ պետությունը, այնուամենայնիվ, ըստ արժանվույնս չի ապահովում մարդու արժանապատվության պաշտպանությունը:
Հ.Գ. Ի դեպ, ոչ հրապարակային վիրավորանքի դեպքում պաշտպանության հարցը հատկապես սուր դրվեց այն բանից հետո, երբ վարչական դատարանը մերժեց “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ “X գրուպ”-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի, որը հարցազրույցի ժամանակ վիրավորել էր լրագրողին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 577 համար