Մինչ Հայաստանում որոշ գյուղեր առհասարակ զրկված են ոռոգման ջրից, մեծ մասն էլ` ամռանը պարբերաբար խնդիրներ է ունենում ընդհատումներով տրվող ոռոգման ջրի պատճառով, հայրենի իշխանությունները տարիներ շարունակ գործուն քայլեր չեն անում այդքան թանկ ջրային ռեսուրսները արդյունավետ տնօրինելու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ջրի կորուստները 2015-ին կազմել են 266 մլն 722 հազար 400 խ/մ: Այսինքն՝ ոռոգման նպատակով բաց թողնված ջրերի 1/3-ն այդպես էլ տեղ չի հասել:
Ըստ ՀԾԿՀ տվյալների՝ 2015 թվականին ոռոգման համակարգի ջրային հաշվեկշիռը ողջ Հայաստանում կազմել է 980 մլն 418 հազար 600 խորանարդ մետր: Դրանից ինքնահոս եղանակով բաց է թողնվել 897 մլն 220 հազար 600 խ/մ-ը, իսկ մեխանիկական եղանակով՝ 83 մլն 198 հազար խ/մ-ը: Ի դեպ, «Ախուրյան-Արաք ջրառ» ՓԲԸ-ն մեխանիկական եղանակով ջուր չի բաց թողել, իսկ ինքնահոս եղանակով բաց է թողել 496 մլն 99 հազար խ/մ ջուր: Ջրօգտագործողների ընկերություններին մատակարարվող ոռոգման ջուրը 2015 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 707 մլն 894 հազար 800 խ/մ: Իսկ, ահա, ջրի կորուստները 2015-ին կազմել են 266 մլն 722 հազար 400 խ/մ: Այսինքն՝ ոռոգման նպատակով բաց թողնված ջրերի 1/3-ն այդպես էլ գյուղացուն չի հասել: «Սեւան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի կողմից ջրի կորուստը կազմել է 161 մլն 150 հազար խ/մ, իսկ «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ի կողմից՝ 105 մլն 622 հազար 500 խ/մ:
Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի 4-րդ եռամսյակում ջրի կորուստները կազմել էին 277 մլն 787 հազար խ/մ, որից 206 մլն 621 հազար խ/մ ջրի կորուստը արձանագրվել էր «Սեւան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ում, իսկ 71 մլն 166 հազար 100 խ/մ-ն՝ «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ում: 2014 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ-ում ոռոգման համակարգի ջրային հաշվեկշիռը կազմել է 909 մլն 303 հազար 500 խ/մ, որից ինքնահոս եղանակով` 857 մլն 85 հազար 700 խ/մ, մեխանիկական եղանակով՝ 52 մլն 217 հազար 800 խ/մ:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց վերոնշյալ ընկերությունների հետ՝ պարզելու համար, թե ինչու եւ ինչի հաշվին է այդքան ջուր կորել: Հարցին ի պատասխան՝ «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Էդիկ Սարգսյանն ասաց. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեր ընկերության մասով ինքնահոս ջրի կորուստը հաստատել է 27.89 տոկոս: Մեզ մոտ այդ կորուստը դառնում է անհամեմատ ավելի քիչ: Եթե տոկոսային հարաբերությամբ հաշվենք, ապա կստացվի, որ մեր ընկերությունը 22.6 տոկոս ջրի կորուստ ունի, այն դեպքում, երբ ՀԾԿՀ-ն մեզ համար նախատեսել է 27.89 տոկոս ջրի կորուստ: Այստեղից հետեւություն՝ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում»:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ընկերությունն արձանագրել ավելի քան 105.5 մլն խ/մ ջրի կորուստ: Այս հարցին ի պատասխան` Սարգսյանը ներկայացրեց, որ ամռան ամիսներին հզոր ջրանցքներում տեղի ունեցող գոլորշիացմամբ է պայմանավորված ջրի կորուստը: «Բացի այս, մեր ջրանցքները անթերի չեն, ներծծման կորուստ կա: Այս ամեն ինչը հաշվի առնելով` այսչափ կորուստներ են առաջանում»:
Իսկ, ահա, «Սեւան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Գագիկ Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ մեծ ներդրումներ են պետք հին, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ջրանցքները նորոգելու համար: «Ջրանցքը կառուցվել է 40-50-ական թվականներին, հիմա այդ ջրանցքի վրա բազմաթիվ խոռոչներ կան: Շատ մեծ ներդրումներ է պետք անել՝ ջրանքցը իդեալական վիճակի հասցնելու համար, ինչից հետո կխուսափենք նաեւ ջրի կորուստներ արձանագրելուց: Այդ ջուրը երկար ճանապարհ է գալիս, հիմնական կորուստը ջրանցքներում է լինում, որն էլ պայմանավորված է նշված խնդրով»,- պարզաբանեց Գ. Վարդանյանը:
Ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս մեծածավալ կորուստների առնչությամբ իրենք դիմել են ՀՀ կառավարություն: Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, որ խնդրի մասին գործադիրը ոչ միայն տեղյակ է, այլեւ. «Կառավարությունը, ինչքան որ ներդրումային ծրագրեր լինում է, ուղղում է այս խնդրի կարգավորմանը»:
Նկատենք, սակայն, որ մինչ տարիներով փորձ է արվում, տեղ-տեղ վերանորոգելով ջրանցքները կամ ջրամբարները, նվազեցնել ջրի կորուստնեըը, այդ ընթացքում ոչ միայն մսխվում է հանրային հարստությունը, այլեւ ջրօգտագործող ընկերություններն են խնդիրներ ունենում գումարների հավաքագրման հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը այս տարվա փետրվարին գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ավելի քան 610 մլն դրամ հատկացրեց: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում առաջացել էին էլեկտրաէներգիայի գծով եւ «Սեւան-Հրազդանյան ջրառ», «Ախուրյան-Արաքս» ՓԲԸ-ի կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց կրեդիտորական պարտավորություններ: Ըստ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ վերը նշված պարտքերի վճարմամբ փորձ է արվում ապահովել ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունությունը: Թեեւ կառավարությունը գումարը հատկացրեց ՋՕԸ-երին, միաժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց ստուգումներ իրականացնել ՋՕԸ-երում՝ պարզելու, թե ինչու են վերջիններս պարտքեր կուտակել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ