Անցնող շաբաթը հագեցած էր ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական ակտիվ իրադարձություններով: Շաբաթվա ընթացքում սահմանին կրկին լարված է եղել, զինվորի ինքնասպանության դեպք ևս եղել է: ArmLur.am-ն ամփոփում է շաբաթը:
Մարտի 14-ին 19-ամյա Կամո Մարտիրոսյանին գտել են մարտական դիրքում մահացած` կզակին ստացած հրազենային վնասվածքից: Նախնական վարկածով` Կամոյին ինքնասպանության են հասցրել: Պատանին, որը սոցիալական ծանր պայմաններում ապրող բազմազավակ ընտանիքից էր, ավագ եղբոր հետ մի քանի օր առաջ էր խոսել, ասել էր, որ դժգոհ է ծառայությունից և ուզում է տեղափոխվել այլ զորամաս:
***
Իշխանությունը պատրաստ է «4+4+4» ձեւաչափով քննարկել Ընտրական օրենսգրքի շուրջ ցանկացած հարց: Այս մասին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ «4+4+4»-ը՝ չորսական ներկայացուցիչ իշխանությունից, ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակությունից, Լեւոն Զուրաբյանի առաջարկն էր:
***
Օրեր առաջ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթական խայտառակ միջադեպը գրանցվեց` ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի գլխավոր դերակատարությամբ: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարադատության նախարարից պարզել, թե ինչպես է ստացվել, որ հակառակ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե արագաչափերի տեղադրումից հետո խախտումները նվազել են` իրականում դրանք ավելացել են: Փաշինյանի այս հարցադրումը ընկալելով որպես վիրավորանք իրենց կուսակցապետի հանդեպ` տեղից փորձեց արձագանքել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, որին միացավ նրա կուսակից Առաքել Մովսիսյանը` իրեն հատուկ բառապաշարով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան