Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հորեղբոր որդու՝ Սպիտակի քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Բանն այն է, որ Սպիտակի բնակիչ 71-ամյա Լեւիկ Մարյանը դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ հուլիսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գ. Սահակյանը հարվածել է իրեն: Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում նման բան չի եղել, ընդամենը վիճաբանություն է տեղի ունեցել, իսկ ինքն էլ քաղաքացուն հորդորել է նստել մեքենան ու հեռանալ: Հովհաննես Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ է մտածում իր հարազատի պահվածքի մասին. «Առհասարակ 71-ամյա մարդուն հարվածելը չեմ կարծում, որ ճիշտ է, ճանաչելով նրան՝ չեմ էլ պատկերացնում, թե ոնց կարող էր հարվածել: Կամ կարո՞ղ էր հարվածել: Իրավապահ մարմինները զբաղվում են, ու թող իրենք պարզեն ու գնահատական տան այդ ամենին»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ