ՁԱԽՈՂԱԿԸ` ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Մարգարյանը վարչապետին մեղադրել է իրենց կուսակցության դեմ մամուլում «կեղտոտ բամբասանքներ» պատվիրելու մեջ:  
«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով ՀՅԴ կողմից քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում ՀՅԴ-ին եւ այս տեսակ կեղտոտ, բամբասանքանման լրատվությունն իր գործն է: Մարդը, որ թույլ է, տկար է, այս միջոցներով է փորձում հարցեր լուծել: Ուրիշ ոչինչ չկա` մենք ո՛չ սիրահարված ենք եւ ո՛չ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է եւ դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար»,-ասել է Հ. Մարգարյանը:
Հարկ է նկատել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Տ. Սարգսյանի հասցեին նման մեղադրանք է ներկայացվում: Նախորդ տարի էլ ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր հայտարարություն տարածել` վարչապետին ու նրա քավոր Բարսեղ Բեգլարյանին` Ֆլեշ Բարսեղին, մեղադրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ մամուլում վարկաբեկիչ նյութեր պատվիրելու մեջ: Ուրիխանյանը նաեւ սպառնացել էր վարչապետի, նրա ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների կողմից իրականացվող անօրինականությունների մասին հրապարակել ուշագրավ փաստեր:
Բացի այդ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տարբեր առիթներով հայտարարել է, թե ոմանք մամուլում իր դեմ վարկաբեկիչ նյութեր են պատվիրում: Նա այս թեմայով ամիսներ առաջ նույնիսկ ասուլիս էր հրավիրել: ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո էլ, կրկին խոսելով այդ թեմայով, նա թեեւ կոնկրետ անուն չէր մատնանշել, բայց ակնարկել էր, որ իր դեմ մամուլում նյութերի պատվիրատուն հենց իրենց շրջապատից է: Քաղաքական կուլիսներում ԱԺ նախագահի ու վարչապետի լարված հարաբերությունների համատեքստում կարծիքներ են շրջանառվում, որ Աբրահամյանի դեմ հրապարակումների հիմնական պատվիրատուն Տ. Սարգսյանն է:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Ժողովուրդ»-ը նախկինում առիթ ունեցել է անդրադառնալու վարչապետին կից ստեղծված թիմին, որի նպատակն է իրենց համար անցանկալի մարդկանց դեմ մամուլում տարբեր «ինֆորմացիաներ գցելն» ու նյութեր պատվիրելը: Բացի այդ, վարչապետի մերձավոր շրջապատը, մասնավորապես նրա օգնականներից ոմանք տարբեր կայքերի սեփականատեր են, եւ այնտեղ պարբերաբար ոչ «բարի» լուրեր են հայտնվում վարչապետի համար անցանկալի անձանց հասցեին:
Այնպես որ, եթե Հ. Մարգարյանի վերջին հայտարարությունները դիտենք այս տրամաբանական շղթայի համատեքստում, ապա ամեն ինչ կարծես թե պարզ է դառնում: Չնայած «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը հերքեց այդ լուրերը` դրանք որակելով սուտ եւ զրպարտանք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս