ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՂՎԱՆԻ ԿԱՐԾԻՔՆ ԷՐ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, անդրադառնալով  հուլիսի 5-ին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթին, մասնավորապես Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու հետ կապված տարբեր քաղաքական ուժերի բացասական արձագանքին, «Առավոտ»-ին ասել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կարծիք հայտնելու, եւ տվյալ պարագայում գլխավոր դատախազը` որպես իրավաբան, ներկայացրել է իր կարծիքը նշված հարցի վերաբերյալ»։

ԿՐԱԿՈՂԸ ԼԻՍԿԱ՞Ն Է ԵՂԵԼ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչած կրակոցներից տուժած գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել: «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, ասել է, որ հիմա նախաքննությունը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ. «Դրանցից ամեն ինչ սպասելի է: Եթե Դուք նայեք իսկական` օրիգինալ տեսանյութը, որոնք նկարել են տեսախցիկները, կհամոզվեք, որ ոչ թե իմ տղաների, այլ իրենց կողմից է հարձակում եղել, եւ դա շատ պարզ երեւում է»: Էմիլ Բուդաղյանի հավաստմամբ` իր որդիները Ս. Խաչատրյանի տուն գնացել են վերջինիս կանչով. «Իրենք են կանչել, ինչպես անում են սովորաբար, կանչում են տուն, ծեծում ու ճանապարհում: Այդ մարդն ուղեղի պակասություն ունի եւ հակում ունի այդպիսի բաների: Թմրանյութի օգտագործումն արդեն սովորական երեւույթ է դառնում դրանց համար»: Է. Բուդաղյանն ասել է նաեւ, որ «օրիգինալ» տեսանյութում շատ բան կա, որ հասարակությունը չգիտի: Օրինակ` տեսանյութից  հասկացվում է, որ Ս. Խաչատրյանը կրակոցների անմիջական մասնակից է եւ քնած չի եղել. «Նա իրեն հեռու է պահել տեսախցիկներից եւ եղել է բալկոնում, վերջում գնդակներ է խփել իրա ատրճանակներից, վերեւից կրակողն էլ ինքն է եղել»:

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Հուլիսի 9-ին Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին բախվել են Երեւանի բնակիչ 47-ամյա Արմեն Մուրադյանի վարած Nissan Sunny մակնիշի 001 ՏՏ 91 համարանիշի եւ Գեղակերտ գյուղի բնակիչ 57-ամյա Նվեր Հարությունյանի վարած ԹԸի 2121 մակնիշի 29 SL 992 համարանիշի ավտոմեքենաները: Արդյունքում Nissan Sunny-ի ուղեւոր, Արմավիրի փոխմարզպետ 67-ամյա Լարիսա Մուրադյանը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:

4 ԳՈՐԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում դատախազությունն արդեն 4 նյութ ուղարկել է ոստիկանություն՝ ընթացք տալու համար։ «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն` դատախազությունը ոստիկանություն է  ուղարկել «Կրթական ծրագրերի կենտրոն», «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» եւ «Արփա-Սեւան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ» ԾԻԳ-երի վերաբերյալ նյութերը:

ԷԼ ԻՆՉԻ՞Ց ՊԻՏԻ ԽՈՍԵՆ
ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը օրենսդրական նախաձեռնությամբ դիմել են ՀՀ կառավարությանը` առաջարկելով 2014թ-ին խնայդրամարկղերում ներդրված ավանդների վերադարձման առաջնահերթություն սահմանել Արցախյան պատերազմի մասնակիցների համար: Կառավարությունը, սակայն, մերժել է նախագիծը` այդպիսով վերջ դնելով ավանդների հարցը տարփողելով իրենց գոյության մասին հիշեցնելու  ՕԵԿ-ականների ջանքերին:




Լրահոս