ԳՅՈՒՄՐՈՒ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացու Կարեն Եսայանի գործով դատական նիստի ժամանակ, սույն գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, ուշագրավ հայտարարություն էր արել` նախկին քաղաքապետի որդուն մեղադրելով իր ապագա փեսայի սպանության մեջ:
Ամբաստանյալի մայրը դատարանում ասել էր, թե ինքը գիտի այն, ինչ խոսում են Գյումրիում. ըստ այդմ՝ Կ. Եսայանին սպանել է Վ. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Անահիտ Նիկոլյանի խոսքով` Կ. Եսայանին սպանել են այնպես, ինչպես մի ժամանակ Վ. Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանի դստեր նշանածին: Ու այդ դեպքից հետո Գ. Ղուկասյանի դուստրը՝ Անին, ինքնասպանություն գործեց, սակայն գյումրեցիներին հայտարարեցին, որ խեղդվել է գազի արտահոսքից:
Ամբաստանյալ Հարությունի մոր մեկ այլ հայտարարության համաձայն՝ Ս. Ղուկասյանը եւ Կ. Եսայանը տարաձայնություններ են ունեցել: Ու այդ առիթով Ս. Ղուկասյանն անգամ քաղաքապետ հոր հետ վիճաբանել է՝ ասելով, թե համաձայն չէ, որ քույրն ամուսնանա Կ. Եսայանի հետ:
Նշենք, որ Հ. Սարգսյանի մայրը մեկն էր այն երեք վկաներից, որոնք անցած ամիսների ընթացքում այդպես էլ չէին ներկայանում դատարան: Մյուս երկուսը Վ. Ղուկասյանն ու նրա դուստրն են՝ Մանյա Ղուկասյանը:
Դատարանում հնչած հայտարարության մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ: Սակայն նա հարցով սկսեց մեր զրույցը:
-Ինչո՞ւ ինձ չեք մոռանում:
-Դուք մեր երկրի հայրաքաղաքի նախկին քաղաքապետն եք, այսքան սկանդալներ են պտտվում Ձեր շուրջը, ինչպե՞ս կարելի է Ձեզ մոռանալ:
-Հո կրակը չընկա՞նք, որ նախկին քաղաքապետ ենք եղել կամ նման բաներ են տեղի ունեցել: Ես ընդհանրապես հեռու եմ քաղաքականությունից եւ չեմ էլ ցանկանում մտնել քաղաքականություն: Ընդհանրապես ինձ այլ տեղ եմ պատկերացնում եւ չեմ էլ ուզում պետական կառույցների հետ աշխատել:
-Ինչ-որ պատճա՞ռ կա այդպես մտածելու համար:
-Ոչ մի պատճառ չկա, որ ես այդպես եմ մտածում: Ես սովորական հայ քաղաքացի եմ: Հերի՞ք չէ, 13 տարի աշխատել եմ ու հիմա էլ ապրում եմ խաղաղ իմ կյանքով, ինչպես Հայաստանի մնացած քաղաքացիները:
-Ձեր դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոլյանը, ուշագրավ հայտարարություն է արել՝ Ձեր որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, մեղադրելով Ձեր ապագա փեսայի սպանության մեջ:
-Ես այդ հարցերի մասին ո՛չ ուզում եմ լսել եւ ո՛չ էլ ցանկանում եմ անդրադառնալ, ու ընդհանրապես, մեզ ինչո՞ւ եք ցանկանում կապել այդ հարցերի հետ:
-Ի վերջո, Ձեր ապագա փեսայի սպանության գործն է քննվում, եւ Ձեր տղային են մեղադրում մարդասպանության մեջ:
-Դուք հասկանո՞ւմ եք՝ փեսան ինչ է: Նա ո՛չ նշանած է եղել, ո՛չ բան է եղել: Ես ցավում եմ, որ նմանատիպ բան է եղել, ով որ արել է, թող պատասխան տան, իսկ ով անմեղ է, թող ազատվի, եւ մեղավորները պատժվեն:
-Ամբաստանյալի մայրը Ձեր տղային է մեղադրում:
-Դրանցից ամեն ինչ էլ հավատալի է: Այդ մակարդակի մարդկանց հետ արժե՞ խոսել:
-Մակարդակն ի՞նչ կապ ունի, երբ Ձեր որդու դեմ լուրջ մեղադրանք է հնչել:
-Ամեն ինչ կարող են ասել, բայց ո՞վ չգիտի, թե ով ինչ է: Այդպիսի մի խոսք կա. մարդիկ որ խեղդվում են, ձեռքները գցում են փրփուրներին: Չեմ էլ ցանկանում անդրադառնալ: Ո՞վ են դրանք, ես չեմ էլ ուզում դրանց անունը տալ: Դատաիրավական ոլորտը շատ լավ աշխատում է, եւ անմեղ մարդուն չեն դատում: Ո՞նց կարող է անմեղ մարդուն բռնեն եւ այդ կերպ զրպարտեն: Անհնարին բան է: Իմ ընկերներից այն 4-ը մահացան 2007թ.՝ իմ դեմ կատարված մահափորձի ժամանակ: Բայց այդպես էլ այդ գործը մնում է չբացահայտված. հավանաբար նրանք են այս ամենի հետեւում:
-Հ. Սարգսյանի մայրն ասել է նաեւ, որ Կ. Եսայանին սպանել են այնպես, ինչպես մի ժամանակ Ձեր եղբայր Գեւորգ Ղուկասյանի դստեր՝ Անիի նշանածին, որից հետո Անին ինքնասպանություն գործեց, իսկ գյումրեցիներին հայտարարեցին, որ խեղդվել է գազի արտահոսքից:
-Աղջի՛կ ջան, այդպիսի բաներ չեն եղել: Այդ ամենը հիմարություն է: Պատկերացրե՛ք հիմա ասեմ, որ Դուք կամ Ձեր խմբագիրն եք սպանել, դա ճի՞շտ կլինի: Զարմանում եք, չէ՞:
-Նշվեց, որ  Սպարտակն ու Կարենը տարաձայնություններ են ունեցել, ու Ձեր որդին անգամ Ձեզ  հետ  է վիճաբանել: Նա համաձայն չի եղել, որ քույրն ամուսնանա Կարենի հետ: Այս մասին ի՞նչ կասեք:
-Քաղաքը գիտի, թե դրանց ընտանիքն ով է: Վարդան Ղուկասյանի տղան երբեք չի կարող իր հոր հետ վիճաբանել, եւ նա անգամ թույլ չի տա նման բան անել, քանի որ այդպիսի անձնավորություն չէ: Այդ ասված խոսքերն ինձ համար եղած-չեղած մի բան են, քանի որ  հիմք չունեն: Քննարկելու կամ մտածելու տեղիք էլ չեն տալիս: Կամ այդտեղ ի՞նչ դիտավորության հարց կա, եթե մեկին չենք ուզում, չենք տալիս մեր աղջկան, եթե տանք, կտանք, ո՞վ է մեզ ստիպում: Եվ հետո, աղջիկը պետք է ուզի, հայրն էլ կարծիք հայտնի: Նման է հեքիաթային դրամատիկական ներկայացման, եւ այդ անբարո ընտանիքին այս քաղաքը ճանաչում է: Ինքը պետք է պատասխան տա այդ խոսքերի համար, եւ մենք դեռ պատիվ ենք պահանջելու:
-Դուք դատարան չեք ներկայանում՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունեք: Ի վերջո, օրերից մի օր դատարանում կտեսնե՞նք Ձեզ՝ վկայի կարգավիճակով:
-Ես առողջության պատճառով չեմ ներկայացել, եւ հետո, իմ ցուցմունքներն էական ոչ մի ազդեցություն չունեն դատավարության վրա: Ես ուղղակի ասել եմ, որ դրա հայրը եկել է, խնդրել է, ես էլ ասել եմ, որ մենք ձեզ հետ կապված որեւէ խնդիր չունենք: Դա ոչ մի բանի չի նպաստելու եւ դատական պրոցեսի վրա ազդեցություն չի ունենա: Այսքանը:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ սույն գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոր՝ Անահիտ Նիկոլյանի հետ եւ հայտնեց, որ Վարդան Ղուկասյանը պատիվ է պահանջելու: Ամբաստանյալի մայրն ասաց. «Եթե նա պատիվ պահանջել՝ նկատի ունի, որ դիմելու է դատարան, երբ կդիմի դատարան, նրան համապատասխան պահանջը կհնչեցվի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս