Նախօրեին Սպիտակի բնակիչ 71-ամյա Լեւիկ Մարյանը դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ հուլիսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սպիտակի քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը հարվածել է իրեն: Մարյանը հայտնել է, որ հարվածի հետեւանքով ինքը վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածք:
Կատարվածի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ, որը վստահեցրեց, որ ինքը քաղաքացուն չի հարվածել: «Ընդամենը բառախաղ է եղել, ուրիշ ոչ մի բան: Շինարարական աշխատանքների ժամանակ ճանապարհ է կառուցվել: Ճանապարհը, որ քերում են, էդ քերվածքը լցվել է առուն, որի միջով ոռոգման ջուրն է անցնում: Առուն փակվել է, ու ըստ քաղաքացու՝ մեղավորը քաղաքապետարանն է, երբ որ քաղաքապետարանը դա չի իրականացնում ու, ընդհանրապես, այդ ծրագրի հետ որեւէ կապ չունի, քաղաքապետարանն ընդամենը խնդիրը բարձրացնողն է եղել: Ու մարդիկ դժգոհում են, բողոքում, որ տեր չկա, տականքներ են… նման կարգի խոսակցություն է եղել: Ես այդ մարդուն չեմ էլ ճանաչում: Էդ մարդը եկել է ու սկսել հեռվից լուտանքներ թափել՝ հայտարարելով, թե դուք ինչի եք եկել, դուք հարց լուծող չեք, դուք նաֆար չեք եւ այլն ու թուրքերեն բառերով խոսել է: Ես էլ բարկացել եմ, ասել եմ՝ նստի՛ մեքենադ, թո՛ղ, գնա՛: Այդ մարդը գնացել, բողոքել է ոստիկանությանը, բայց որեւէ մեկին ես չեմ հարվածել, եթե ասում է՝ հարվածել եմ, ապա ոստիկանությունն անելու է դատաբժշկական փորձաքննություն` ապացուցելու համար, ու հնարավոր չէ, որ որեւէ մարմնական վնասվածք ունենա, քանի որ ես չեմ հարվածել»,-վստահեցրեց քաղաքապետը: Տեղեկացնենք, որ Գագիկ Սահակյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հորեղբոր որդին է:
Լոռու մարզի դատախազությունում երեկ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Իսկ Լեւիկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են:
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԱ՞ՐԴ Է ԾԵԾԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ