ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010թ. սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզպետարանում կայացավ ՀՀ կառավարության արտագնա նիստ, որի ընթացքում կառավարության հավանությանն արժանացավ Տավուշի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը: Դրանում  ընդգրկված էին վանական համալիրների, թանգարանների, գրադարանների եւ մշակույթի տների նորոգման ծրագրերը: Կառավարությունն արտագնա նիստում հավանություն տվեց նաեւ քանդակի Իջեւանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին: Նշենք, որ սիմպոզիումը սկիզբ է առել 1985թ. եւ շարունակվել մինչեւ 1991թ.: Այդ ընթացքում սիմպոզիումին մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ: Կերտված քանդակները մշակութային շուք են տալիս Իջեւանի քաղաքային զբոսայգուն: Կառավարության արտագնա այդ նիստում հայտարարվեց, որ քանդակի Իջեւանի սիմպոզիումը կվերականգնվի, Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանին կից, խորհրդային տարիներից կիսակառույց «Իջեւանատուն» համալիրը կհանձնվի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ այնտեղ քանդակի սիմպոզիումների ավանդույթը վերականգնելու համար: Գրեթե 3 տարի է անցել կառավարության այդ արտագնա նիստից, սակայն քանդակի Իջեւանի սիմպոզիումն այդպես էլ չի վերականգնվել, «Իջեւանատուն» կիսակառույց համալիրն էլ չի հանձնվել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ համալիրը գտնվում է պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում: Նշենք, որ կիսակառույց համալիրի շինությունները կորել են մոշուտի եւ այլ թփերի մեջ, կիսակառույցի պատերն անձրեւներից, քամուց տարիների ընթացքում խարխլվել են: Իսկ կառավարության որոշումներն այդպես էլ մնացել են թղթի վրա: Իջեւանում տեղեկացանք, որ կիսակառույց համալիրը ձեռք բերելու ցանկություն է հայտնել «Տաշիր» ընկերությունը:




Լրահոս