Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ, Արագած, Շենավան, Հարթավան, Ափնա համայնքների կենսաթոշակառուները փակել էին Երեւան-Վանաձոր ավտոճանապարհը: Նրանք պահանջում են, որ իրենց հասանելիք կենսաթոշակները բաժանվեն հին կարգով եւ ճիշտ ժամանակին: Նշենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ նշված գյուղերում «Հայփոստ»-ը թոշակը բաժանում է շրջիկ մեքենաներով՝ «Փոստմոբիլներ»-ով, բաց երկնքի տակ:
Թոշակ բաժանելու այս կարգն առայժմ իրականացվում է միայն Արագածոտնի մարզում: Եթե այն հաջողություն գրանցի, ապա «Փոստմոբիլ»-ի համակարգը կներդրվի նաեւ մյուս մարզերի փոքր գյուղերում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայության պետ Գեւորգ Աբրահամյանի հետ, որի պնդմամբ` այս կանոնակարգը զարգացման շատ լուրջ ծրագիր է: Նրանից տեղեկացանք, որ «Փոստմոբիլ»-ը հուլիսի 4-ին ու 6-ին գնացել է վերը նշված գյուղեր, բայց գյուղացիները հավաքվել են մեքենայի մոտ ու հրաժարվել իրենց թոշակներից:
«Դա շարժական փոստային բաժանմունք է` նախատեսված կիրառելու այն փոքր գյուղերում, որտեղ չկան փոստային բաժանմունքներ կամ եղածները թույլ են եւ չեն կարող ամբողջական սպասարկում իրականացնել: «Հայփոստ»-ի մեքենաները որոշակի ժամերին, հստակ ժամանակացույցով՝ շաբաթը երեք անգամ, այցելում են տվյալ գյուղերում: Իհարկե նախօրոք հայտարարվում է, թե երբ է մեքենան լինելու գյուղում»,-ներկայացրեց Աբրահամյանը` նշելով, որ, այդուհանդերձ, «Հայփոստ»-ը պատրաստ է ընդառաջել գյուղացի կենսաթոշակառուներին:
«Կընդառաջենք, եթե կա նման խնդիր կամ անհրաժեշտություն: Նշեմ նաեւ, որ թոշակը, բացի թոշակառուից, կարող է նաեւ իր կողմից լիազորված մարմինը ստանալ: «Հայփոստ»-ը շատ լուրջ ուսումնասիրություն է կատարել, եւ այդ կանոնակարգն ընտրվել է տվյալ գյուղերի համար, որպեսզի առավել հարմար լինի հենց նույն գյուղի բնակիչների համար: Սա ծառայությունների զարգացում է, որն արդեն գործում է»,-նկատեց Աբրահամյանը: Ըստ նրա` «Փոստմոբիլներ»-ը հեռավոր գյուղերում ապահովում են փոստային բաժանմունքի աշխատանքը` կոմունալ վճարումներ են ընդունում, բաժանում են թոշակներ, ծանրոցներ են ընդունում եւ փոխանցում:
Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքի ղեկավար Կամո Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչները դժգոհ են այդ համակարգից, եւ ինքը պատրաստ է պաշտպանել իր գյուղացիների շահերը. «Մի քանի օր առաջ «Հայփոստ»-ի ներկայացուցիչները եկան, որ թոշակ բաժանեն նոր կանոնակարգով, բայց գյուղացիները չհամաձայնեցին: Նրանց «Փոստմոբիլ»-ի աշխատակիցները զգուշացրին, որ 45 րոպե ունեն թոշակ բաժանելու համար, բնակիչներն էլ զայրացան ու հրաժարվեցին: Այսինքն` այդ 45 րոպեում ով հասցրեց` կստանա, ով չէ՝ չէ: Իսկ մյուսները կարող են միայն երեք օր հետո ստանալ: Բայց կարող է` մեկն ապառիկ ունի վճարելու, էն մյուսը հացի գումար չունի եւ պետք է հաց գնի: Իսկ 45 րոպեում անհնար է ավելի քան 200 թոշակառուի սպասարկել, չէ՞ որ մի տատիկի ձեռքն է դողում, մյուսի աչքերը լավ չեն տեսնում, էն մյուսը լավ չի լսում եւ դանդաղ է ստորագրում»:
Այս խնդիրը լուծելու համար Սահակյանն առաջարկել է, որպեսզի թոշակառուները քարտային համակարգով թոշակ ստանան. «Թող գյուղում մի բանկոմատ բերեն, տեղադրեն, գյուղացիներն էլ օգտվեն, թե չէ այսպես շարունակվել չի կարող: Ենթադրենք` մեկն անասնապահ է ու ողջ օրն անցկացնում է սարում եւ միայն երեկոյան կարող է սարից գյուղ իջնել, ուրեմն ինքը չի՞ կարող թոշակ ստանալ»:
Քուչակ գյուղի բնակիչները նույնպես դժգոհ են այս նոր կարգից: Նրանք եւս ներկա են եղել բողոքի ակցիային: «Բացի այս, վերջին ամսում մեզ մոտ անճշտություններ եղան թոշակառուների ցուցակներում. անունների բացակայություններ, նաեւ անձնագրերի ժամկետների խնդիրներ են եղել: 90 տարեկան տատիկը նոր պետք է անձնագիր փոխի: Աբսուրդ է»,-դժգոհեց Քուչակի համայնքապետ Հովիկ Ամիրյանը:
Ի դեպ, շաբաթ օրը՝ ժամը 10-ի, Արագածոտնի մարզպետարանում այս խնդրի շուրջ քննարկում է լինելու, որին ներկա կլինեն նաեւ «Հայփոստ»-ի աշխատակիցները:
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ «ՓՈՍՏՄՈԲԻԼ»-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ