ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ ԷԼ ԵՆՔ ՊԱՐՏՎՈՒՄ
Այսօր կկայանան Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Երեւանում «Փյունիկ»-ը կընդունի մակեդոնական «Տետեքս»-ին (առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվ), իսկ Կապանի «Գանձասար»-ն արտագնա խաղում կմրցի ղազախական «Ակտոբե»-ի հետ (1:2):
Բայց արդեն ունենք առաջին կորուստը: Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Միկա»-ն հյուրընկալեց Չեռնոգորիայի «Ռուդար»-ին (արտագնա խաղում երեւանյան թիմը պարտվել էր 0:1 հաշվով): 45-րդ րոպեին Ռաֆայել Ղազարյանի խփած գոլը հույս պարգեւեց հայ երկրպագուներին, սակայն չեռնոգորցիները հանդիպման 85-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը եւ դուրս եկան հաջորդ փուլ:
Իսկ ահա Գյումրու «Շիրակ»-ը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը` չնայած 0:1 հաշվով մրցակցի հարկի տակ զիջեց Եվրոպայի ամենաթույլ երկրի` Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենե»-ին, որի կազմում խաղում են սիրողական ֆուտբոլիստներ: Ի դեպ, այդ թիմն առաջին անգամ եվրագավաթներում հաղթանակ տոնեց, ավելին, երբեք ասպարեզը չէր լքել չպարտված… Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ գյումրեցիները հաղթել էին 3:0 հաշվով: Երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը լինելու է անհամեմատ ուժեղ թիմ` Սերբիայի չեմպիոն «Պարտիզան»-ը: Եվ դժվար է պատկերացնել, որ նման դժգույն խաղով հնարավոր կլինի հաղթահարել սերբական արգելքը: Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը մեկ շաբաթ ունի «Շիրակ»-ի խաղը կարգավորելու համար: Եվ նա նշել է, որ կփորձեն ամեն ինչ անել, որ կարողանան լավ հանդես գալ. «Եթե նման կերպ խաղանք, նման կերպ տրամադրվենք, ինչպես վերջին խաղում, ապա հաստատ շատ ավելի ցավալի արդյունք կգրանցվի»:

ԻՍԿ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՆԳԻՍՏ Է
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի` գերմանական «Բորուսիա» տեղափոխվելուց հետո Գերմանիայում հայ հայտնի մարզիկների թիվը (նկատի էինք ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Սյուզի Կենտիկյանին եւ Արթուր Աբրահամին) ավելացել է: Սակայն չէինք նշել գրոսմայստեր Լեւոն Արոնյանին, որը նույնպես բնակվում է Գերմանիայում եւ ողջունել է Հենրիխի քայլը. «Շատ ուրախ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Գերմանիա: Նա կկարողանա ապացուցել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է: Ես՝ որպես Գերմանիայի հնաբնակ, պատրաստ եմ ամեն բան անել Հենրիխին օգնելու համար, որպեսզի նա շուտ հարմարվի նոր երկրին: Գերմանիան մարզիկների համար շատ լավ երկիր է: Այստեղ կյանքը շատ հանգիստ է եւ շատ է տարբերվում Հայաստանի կյանքից: Հենրիխն իր խառնվածքով ու աշխատասիրությամբ կարող է իրեն անհրաժեշտ էներգիան ստանալ այստեղ»: Պարզվում է, որ Լեւոնը գերմանական թիմերից միշտ համակրել է հենց Դորտմունդի «Բորուսիա»-ին, իսկ այժմ կսկսի իսկապես երկրպագել այդ թիմին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս