Վանաձորի Տարոն 3 թաղամասի բնակիչները դժգոհում են իրենց բնակարաններից. գազաֆիկացում չկա, հոսանքը թույլ է, ջուրը` պղտոր, խմելու համար ոչ պիտանի, վարձավճարներն էլ չեն կարողանում մուծել: Թաղամասի այս եւ այլ խնդիրներով բնակիչները դիմել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Վերջինս հանձնաժողով է ուղարկել թաղամաս՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Բանն այն է, որ Տարոն 3 թաղամասի հիշյալ բնակարանները կառուցվել են ոչ աղետի հետեւանքով անօթեւանների համար՝ «Առդա» բարեգործական հիմնադրամի եւ «Ֆուլր» տնաշինական կենտրոնի կողմից: Բնակարանաշինության այս ծրագրում 50 տոկոս անհատույց ներդրում է կատարել «Առդա» բարեգործական հիմնադրամը, 35 տոկոս՝ Վանաձորի քաղաքապետարանը: Եվ միայն «Ֆուլր» տնաշինական կենտրոնի կողմից ներդրած 15 տոկոսն է ենթակա վերադարձման: Այսինքն՝ բնակիչները 13 տարի ամեն ամիս վճարելու են 8000 դրամ: Սակայն նրանք բողոքում են, որ դա մեծ գումար է, եւ այդ բնակարաններն այդքան չարժեն:
«Հոսանքն այնքան թույլ է, որ դրանով ձմռանը տաքանալ չենք կարողանում, եթե գազ չունենանք, այս բնակարանից ես կհրաժարվեմ»,-բողոքեց թաղամասի բնակչուհիներից մեկը: Բորբոքված բնակիչները հանձնաժողովին ներկայացրին թաղամասի խնդիրները՝ խնդրելով վերանայել վարձավճարի չափը: Որոշվեց հրավիրել «Առդա» բարեգործական հիմնադրամի եւ «Ֆուլր» տնաշինական կենտրոնի հանձնաժողովներին, ուսումնասիրել եւ վերացնել խնդիրները: Ջրի որակի համար կզգուշացվի նաեւ Լոռու ջրմուղկոյուղուն: Նշենք, որ այդ բնակարաններում բացակայում են անձրեւի ջրահեռացման խողովակները, իսկ ինչ վերաբերում է փողոցի ասֆալտապատմանը, այդ հարցը շինարարի հետ նախապես համաձայնեցված չի եղել, իսկ համայնքային բյուջեի միջոցներն էլ չեն բավարարում:
Լոռի