ԱԽՈՐԺԱԿՆ «ՈՒՏԵԼՈՒՑ» Է ԲԱՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ դրանք անհնար է թվարկել: Սակայն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է համայնքի միջոցները, մեղմ ասած, անարդյունավետ ծախսել:
Տարիներ շարունակ մամուլը բարձրաձայնում է քաղաքապետարանի կողմից գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ ձեռք բերելու մասին: Այս տարի եւս քաղաքապետարանը պատրաստվում է 138 մլն 330 հազար ծախսել նստարանների եւ աղբամանների համար: Մասնավորապես 1 նստարանի համար քաղաքապետարանը կվճարի 165 հազար դրամ, իսկ աղբամանի համար` 78 հազար դրամ: Սակայն, պարզվում է, միայն նստարանների եւ աղբամանների «բիզնեսը» Տարոն Մարգարյանին եւ նրա ենթականերին չի բավարարել, եւ նրանք նորանոր մեթոդներ են հնարում` համայնքային միջոցները փոշիացնելու համար: Այսպես՝ պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը հայտարարությունների փակցման համար նախատեսված երկաթյա 50 գրատախտակ է պատվիրել, որի մեկ հատի համար պարտավորվել է վճարել 100 հազար դրամ: Սա էլ դեռ ամենը չէ, քաղաքապետարանը կգնի նաեւ հեծանիվների 40 կանգառ` մեկ հատը 125 հազար դրամով: Այսինքն՝ քաղաքապետարանի ղեկավարությանը կրկնակի թանկ գնով ապրանք գնելն այլեւս չի բավարարում, նրանք նաեւ այնպիսի ուղիներ են ներդնում, որպեսզի կարողանան իրականից արդեն երեք անգամ ավել գումար ծախսեն: Բավական է նշել, որ հեծանիվների մեկ կանգառի արժեքը հավասար է մետաղի մեկ տոնայի գնին:
Հետաքրքիր է՝ ո՞վ պետք է բռնի Երեւանի ներկա ղեկավարության ձեռքը եւ զսպի անհագուրդ ախորժակը: Նույնիսկ հավելագրումը պետք է չափ ու սահման ունենա:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Կիպրոս: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար: Սակայն, երբ պարզվել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի վիճակի չի լինի մասնակցելու երկուշաբթի մեկնարկող քառօրյային, Շարմազանովի մեկնումը չեղյալ է հայտարարվել: Իհարկե, տեսականորեն կա նաեւ ԱԺ երկրորդ փոխնախագահը` Հերմինե Նաղդալյանը: Սակայն Հայաստանի իշխանական վերնախավը կասկածներ ունի, որ Նաղդալյանը չի կարողանա պատգամավորներին միայնակ «բերման» ենթարկել, որպեսզի նախագծերի քվերակությունները չտապալվեն: Դրա համար էլ միանգամից երկու փոխխոսնակի են վստահել աշխատանքը:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում Խորհրդային Միության էստրադայի լեգենդ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը ներկայացրել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը Յուրմալայից Սոչի տեղափոխելու վերաբերյալ իր գնահատականներն ու դիտարկումները, ինչպես նաեւ վերհիշել, թե ինչպես է Յուրմալայի հանրահայտ դահլիճում երիտասարդ տարիներին լսել հայկական ջազ, պատմել է իր ներկա ընթացիկ ծրագրերի մասին: «Բոլորը խոսում են այդ փառատոնի` «Նոր ալիքի» մասին: Պատահական չէ, որ դուրս եկա (փառատոնի կազմկոմիտեի կազմից): Զուտ մասնագիտական տեսանկյունից պետք էր մտածել վերափոխման մասին, քանի որ անցած տասը տարիների ընթացքում պարզապես կրկնվում էինք` անընդմեջ նույն բանը, նույն կատարողներին ցուցադրելով: Բացի այդ` ինքնին այդ մրցույթը վաղուց արդեն հայտնվել էր երկրորդ, երրորդ պլանում… Եվ, վերջապես, հաջորդ պատճառը քաղաքականությունն է. չեմ սիրում, երբ մշակույթը խառնում են քաղաքական գործընթացներին»,-«Ժողովուրդ» օրաթերթին ասել է հանրահայտ կոմպոզիտորը:

 

 

 
ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ աղմուկ է առաջացել: Ու բնական հարց է առաջանում՝ ո՞վ է նա՝ բացի փեսա եւ Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարը լինելուց: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նրա անվան հետ է կապվում մետաղապլաստե դռներ արտադրող «Վալան պրոֆ» ընկերությունը, «Այգ» խմելու ջուրը, «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժի «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդի գազալցակայանը, Նոր Գեղիում խնձորի այգիներ, սառնարաններ եւ այլն: Համակարգում չեն բացառում՝ նա «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ: Իսկ սխեման հայտնի է. որեւէ գործարար արհեստական ստեղծած խնդիր է ունենում ՊԵԿ-ի հետ, պետը օգնում է եւ դառնում բաժնետեր: Այս առնչությամբ Հ. Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե բիզնեսից շատ լավ է հասկանում. «Ես բիզնեսմենին բացատրում եմ, որ, օրինակ, քո խանութը չի կարող 30 հազարի առեւտուր անել, որովհետեւ դու չէիր կարող այսքան աշխատավարձ, հոսանքի փող եւ այսքան հարկ տալ: Մարդը, որ ՀԴՄ չի խփում, ուրեմն մենք նեղացնո՞ւմ ենք»:

 

 

 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Երեկ երեկոյան Կրեմլում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-ռուսական առեւտրատնտեսական, էներգետիկ համագործակցության, ինչպես նաեւ` ԵՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացի հեռանկարների հետ կապված հարցեր: Փոխադարձ հաճոյախոսություններից հետո, որոնք, իհարկե, ինչպես միշտ ընդգծված անհամաչափ էին ՀՀ եւ ՌԴ ղեկավարների կողմից, Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, նշել է, որ «կան օբյեկտիվ բնույթի խնդիրներ»` մասնավորեցնելով. «Նկատի ունեմ, առաջին հերթին, մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարարված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը: Ես ոչ մի կասկած չունեմ, որ հիմնվելով նախորդ տարիների մեր համատեղ որոշումների վրա՝ մենք կզարգանանք նաեւ այդ ուղղությամբ»:
Այդուամենայնիվ, երեկվա հանդիպման ադյունքներով տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված որեւէ ծրագրի կամ համաձայնության մասին տեղեկատվություն չի ներկայացվել: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններով «բավարարված լինելուն», ապա այստեղ եւս, բնականաբար, անհամաչափ են բավարարվածության զգացողությունները կողմերի մոտ, առավել եւս, որ հենց երեկ` Պուտին-Սարգսյանի հանդիպումից ժամեր առաջ, ՀՀ կառավարության նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական կողմի հետ գազի գնի նվազեցման շուրջ տարվող բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, եւ առաջիկայում գազի գինը չի էժանանա: Իսկ սպասելիքներն էլ, որ այդ հարցը կքննարկվի Պուտին-Սարգսյան մակարդակով, եւ հնարավոր է` դրանից հետո դրական լուծում տրվի, կարծես թե եւս չարդարացան: Համենայն դեպս, երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում գազի գնի մասին որեւէ հիշատակում չկար:
Իսկ թե որն էր երեկվա քննարկման հիմնական թեման, թերեւս դժվար չէ պատկերացնել` հաշվի առնելով ռուս-ադրբեջանական վերջին օրերի զարգացումները` սկսած ՀՀ-ին 200 միլիոն դոլարի զենք տրամադրելու կապակցությամբ բողոքի նոտայից, ավարտած իր իսկ գնած զենքի համար վճարելուց խուսափող Ադրբեջանի հետ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի` Բաքվում տարած «բացատրական աշխատանքով»: Ըստ ամենայնի, նաեւ կարիք կար Մոսկվայի հետ քննարկել մոտ առաջիկայում` մարտի 31-ին ԱՄՆ-ում միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր եռակողմ հանդիպման հարցը, իսկ գուցե եւ ստանալ Պուտինի «դաբրոն» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հովանու ներքո եռակողմ` Ալիեւ-Սարգսյան-Օբամա հանդիպման անցկացման համար:




Լրահոս