ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ Հայաստանին զարգացման համար լրջագույն քաղաքական փոփոխություններ են հարկավոր, ընդունում են բոլորը, նույնիսկ իշխանությունները: Ավելին՝ ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե իրենք պատրաստ են այդ փոփոխություններն ապահովել:

Հայաստանի անկախացման առաջին տարիներից քաղաքական դաշտում իշխանությունները պարբերաբար ներդրել են իրենց կողմից վերահսկվող տարբեր կուսակցություններ, որոնք հերթով ասպարեզը լքել են: Այս տարբերակի ամենաարտահայտված օրինակը 2006-ին ԲՀԿ-ի ստեղծումն էր: 2012-ի ԱԺ ընտրություններից հետո թվում էր, թե իշխանությունները հասել են իրենց նպատակին. մարդիկ այլեւս զրկված էին ընտրելու հնարավորությունից, քանի որ ընդդիմությունը եւս իշխանությունն էր: Սակայն 2015 փետրվարի 12-ի հայտնի դեպքերով, երբ Սերժ Սարգսյանը «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ազդարարվեց, որ տապալվել է իշխանությունների` երկու մեծ կուսակցությունով «խաղալու» ծրագիրը: Արդյունքում, քաղաքական դաշտում առկա վաակումը, որը վերջին տասը տարիներին արհեստականորեն քողարկվում էր, այլեւս անհնար էր թաքցնել:
Անցած տարվա հունիսին էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված բողոքի ալիքը փաստեց, որ այդ վաակումը իշխանությունների համար ավելի վտանգավոր է: Եթե խնդիրները քաղաքական հարթություններում չեն բարձրաձայնվում եւ լուծվում, ապա դրանք օրերից մի օր կարող են ինքնաբուխ կամ ինչ-որ ուժի դրդմամբ դուրս պրծնել փողոց եւ դառնալ անկառավարելի մի գործընթաց, որը նույն իշխանություններին կարող է սրբել, տանել՝ տեղը չբերելով ոչինչ: Ի վերջո, երբ մարդիկ կոնկրետ քաղաքական ուժի ետեւից են փողոց դուրս գալիս, այդ գործընթացի ելքերը եւ զարգացումների տրամաբանությունը շատ հստակ է. կողմերից մեկը` իշխանությունները կամ զանգվածներին առաջնորդող քաղաքական ուժը, պարտություն է կրում:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են «Կուսակցությունների մասին» նոր օրենք ընդունել, որը, այսպես կոչված, սահմանադրական օրենք պետք է լինի, այսինքն՝ պետք է ընդունվի խորհրդարանի ձայների 2/3-ով: ԿՄ նոր օրենքի նախագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը, այն պետք է ընդունվի եւ ուժի մեջ մտնի մինչեւ հաջորդ գումարման խորհրդարանի լիազորությունների մեկնարկը, այսինքն՝ մինչեւ 2017 թվականի մայիսը:
Հայաստանում գրանցված կուսակցությունների թվի մեծ լինելը բազմիցս է քննադատվել: Այս տարվա փետրվարի դրությամբ Հայաստանում կա 79 գրանցված կուսակցություն: Ով չի ալարում, խոսում է կուսակցությունների չափից ավելի շատ լինելու մասին: Սակայն իրականում քաղաքական դաշտի խնդիրները ոչ թե կուսակցությունների շատ լինելու մեջ է, այլ խոշոր քաղաքական ուժերի բացակայության: Տվյալ դեպքում խոսքը այնպիսի կուսակցությունների մասին է, որոնք իրականում կարող են հավակնել իշխանության: Փաստն այն է, որ ՀՀ իշխանություններն արդեն մեկուկես տասնամյակ է՝ ամեն ինչ անում են, որ քաղաքական դաշտի` իշխանության ազդեցությունից դուրս կուսակցությունները չկարողանան հզորանալ: Իհարկե, կուսակցությունների ներքին խնդիրները, ներքին ժողովրդավարության բացակայությունը եւս նպաստել են, որ նրանք անընդհատ բզկտվեն եւ այդպես էլ չկայանան:
Մյուս կողմից այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀ իշխանությունների կամքից անկախ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Եթե իշխանություններն այդ գործընթացին չխանգարեն, ապա դրանք բավական կարճ ժամանակում կհանգեցնեն նրան, որ Հայաստանում ընդդիմադիր նոր քաղաքական ուժեր կձեւավորվեն, որոնք շատ արագ թափ կհավաքեն: Սակայն նման հեռանկարն ինքնին կնշանակի լուրջ սպառնալիք ներկա իշխանություններին, քանի որ այդ դեպքում իշխանափոխությունը կդառնա իրական եւ ոչ այդքան հեռու ապագայում լուծվելիք խնդիր: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները զարգացումների նման ընթացք չեն կարող թույլ տալ: Բայց իշխանությունների կողմից նախկինում ստեղծած կուսակցությունները եւս անցած տարիներին իրենց վարկաբեկել են եւ այլեւս չեն կարողանա հանրությանն առաջվա պես մոլորեցնել: Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն: Այսինքն՝ իշխանությունները գործնականում փակուղային իրավիճակում են հայտնվել, առանց քաղաքական դաշտում լուրջ փոփոխությունների երկիրն այլեւս չի կարող զարգանալ: Մյուս կողմից էլ քաղաքական դաշտում հնարավոր լուրջ փոփոխություններն անխուսափելիորեն հանգեցնելու են իշխանափոխության:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ
ՀՀ կառավարության երեկ տեղի ունեցած նիստը ուշագրավ է եղել այն տեսանկյունից, որ դրան առաջին անգամ որպես ՀՀ ՊԵԿ նախագահ մասնակցել է Հովհաննես Հովսեփյանը: ՀՀ կառավարության նիստերում արդեն ձեւավորված ավանդույթ է դարձել, որ նոր նշանակված պաշտոնյաներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շնորհավորում է: Օրինակ՝ երեկ վարչապետը հատուկ շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի նոր ղեկավար Նաիրի Հարությունյանին՝ իր նշանակվելու կապակցությամբ: Սակայն ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակվելու փաստին Աբրահամյանը նշանակություն չի տվել եւ նրան չի շնորհավորել: Այս փաստը լրագրողների ուշադրությունից չի վրիպել: Իսկ թե վարչապետի կողմից Հովհաննես Հովսեփյանն ինչու է նման «հատուկ» վերաբերմունքի արժանացել, կարծում ենք՝ առաջիկայում պարզ կդառնա: Ի դեպ, կառավարության վերջին երեք նիստերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում: Նրա փոխարեն նիստերին ներկա է լինում տեղակալը` Վարդան Եզիազարյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Վլադիմիր Գասպարյանի չմասնակցելու պատճառների մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Որպես կանոն՝ ՀՀ ոստիկանապետը մասնակցում է, իսկ եթե ծառայողական անհրաժեշտությունից ելնելով չի կարող մասնակցել, նախապես իրազեկում է ՀՀ կառավարությանը»:

 

 

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 2015 թվականի վերջին կազմել են 32 մլն դրամ եւ 5 հազար դոլար: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանի ամսական աշխատավարձը կազմում է 722 հազար դրամ: Բացի այս՝ նա անցած տարվա ընթացքում ավելի քան 38.5 մլն դրամի չափով եկամուտ է ստացել իբրեւ շահաբաժին, եւս 179 մլն դրամ էլ նա ստացել է իբրեւ փոխառություն կամ վարկ: Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, ստանալով ամսական 344 հազար դրամ աշխատավարձ, հասցրել է բավական մեծ ունեցվածք կուտակել: Վերջինս անցած տարի ստացել է 86 մլն 219 հազար դրամի եկամուտ, որից 42 մլն դրամը եղել է փոխառություն, մոտ 40 մլն 100 հազար դրամի շահաբաժին: Նաղդալյանի ամուսնու փոխառության գումարը անցած տարեվերջին կազմել է 43 մլն 360 հազար դրամ: Իսկ վերջինիս դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ: Բացի այդ՝ նա անցած տարի ձեռք է բերել նաեւ 7.5 մլն դրամ արժողությամբ ինչ-որ ընկերության բաժնեմաս:

 

 

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ
Երեկ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Սմբատ Այվազյանի ծննդյան օրն էր: Սմբատ Այվազյանի հիշատակը հարգելու եւ կրկին անգամ նրան հարգանքի տուրք մատուցելու նպատակով նրա ընկերները եւ ընտանիքի անդամները երեկ այցելել էին Եռաբլուր:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՈՒՆ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից երեկ տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի պահպանման ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ բացառապես հակառակորդի կրակային դիրքերի ուղղությամբ:

 

 

ՓՈԽԱՐԻՆԵՑ
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեկ ընտրվել է ԱԺ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ՝ փոխարինելով այդ պաշտոնը մինչ այդ զբաղեցնող, ներկայումս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին: Ի դեպ, Ա. Վարդանյանն Ա. Մինասյանին կփոխարինի նաեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

 

 

ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը սոցցանցի իր էջում երեկ գրել է. «Այս պահին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժում ստանալու կարիք չունի: ԱԺ նախագահը շարունակում է ստանալ համապատասխան բուժումները եւ շարունակում է աշխատել, որքան անհրաժեշտ է: Եթե հետագայում կարիք լինի բուժումը շարունակելու, այդ թվում արտասահմանում, ապա Գ. Սահակյանը կորոշի, թե որտեղ կստանա բուժումը»:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՅԴ անդամ Արա ՆՌԱՆՅԱՆը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 13-ը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարությունների միջեւ 2016-17թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա 2 տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջեւ անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական եւ այլ հարցերի վերաբերյալ շուրջ 3 տասնյակ խորհրդատվություններ:

 

 

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄՈՏ
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին եւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալական խնդիրներին, հոգեւոր կյանքին ու եկեղեցաշինության ծրագրերին:

 

 

ՆՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐ
Կառավարության երեկվա նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G եւ X տառերը: Ըստ նրա` որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հետաքրքրություն ներկայացնող եւ մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե որքան եկամուտ է ստացվել այս համարների վաճառքից, ինչին, սակայն, Եղիազարյանը չի տվել հստակ պատասխան` ասելով, այս պահին ստույգ չի կարող ասել, բայց նախորդ տարի բավական մեծ գումար է կազմել:




Լրահոս