ԻՆՉՊԵՍ ԼԻՆԵԼ ՊԱՇՏՈՆՅԱ ՈՒ ՀԱՐՍՏԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քիչ չեն պաշտոնյաները, որոնց գոծունեությունը կենսաբանական բնորոշում ունի: Ինչպես կենդանական աշխարհում, այնպես էլ պաշտոնական միջավայրում, պարզվում է, կան վնասատու արարածներ, որոնք ապրում են միայն իրենց համար:

Մամուլն օրերս գրեց հայտնիներից մեկի հերթական փեսայի մասին: Խոսքը ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսա Հրանտ Կարապետյանի մասին է: Մարդ, որ տարիներ շարունակ բացառապես աշխատել է պետական կառույցներում, եղել է հարկահավաք ու հընթացս` միլիարդատեր: Ինչպե՞ս, արդյո՞ք կոռուպցիան կամ դրա դրսեւորումներից՝ կաշառակերությունը այստեղ դերակատարություն չեն ունեցել: Թերեւս դա կպարզի ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը:
Մենք միայն արձանագրենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանը 10 տարի այդ համակարգում է աշխատում, եւ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա խոշոր գործարար է, այլ ոչ թե միայն հարկահավաք պաշտոնյա: Մասնավորապես Հրանտ Կարապետյանին են պատկանում մի շարք բիզնեսներ, որոնք, ընդունված ավանդույթի համաձայն, գուցե գրանցված են այլ մարդկանց անունով:
Եւ այսպես, վարչապետի խորհրդականի փեսայի անվան հետ է կապվում հայտնի «Վալան պրոֆ» ընկերությունը, որն արտադրում է մետաղապլաստե դռներ, պատուհաններ, վիտրաժներ: «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունն էլ, ըստ էության, Կարապետյանինն է:
«Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժում գտնվող «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդում գտնվող գազալցակայաններից մեկը դե ֆակտո պատկանում են Հրանտ Կարապետյանին: Նոր Գեղի համայնքում նա հեկտարներով խնձորի այգիներ եւ սառնարաններ ունի, որտեղ պահվող մրգերը արտահանվում են: Բայց սա դեռ ամբողջական ցանկը չէ, որն առնչվում է այդ պաշտոնյայի հետ:
Համակարգում խոսակցություններ են պտտվում, որ չի բացառվում՝ նա «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ: Իսկ սխեման հայտնի է պետեկամուտների կոմիտեում յուրաքանչյուր աշխատակցի. որեւէ գործարար արհեստական ստեղծած խնդիր է ունենում հարկային ծառայության հետ, մի բարի «պետ» օգնում է նրան, հարթում խնդիրները եւ դառնում բաժնետեր:
Ի դեպ, մամուլը գրեց, որ Կարապետյանը բիզնեսներ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ ո՞ւմ հաշվին, ինչպե՞ս:
Համակարգին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ իրականում Հրանտ Կարապետյանը լավ հարկահավաք է: Բայց ոչ թե պրոֆեսիոնալ, այլ մարդկային հատկանիշների շնորհիվ: Նա համակարգի ներսում այնքան էլ ընդունելի կերպար չէ, քանի որ կարողանում է իր ճանապարհից մաքրել բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ խանգարում են: Իսկ «մաքրման» աշխատանքները կատարում է ոչնչի առջեւ կանգ չառնելով: Ըստ ամենայնի, Կարապետյանն իր աներոջից ահագին որակներ հասցրել է ընդօրինակել:
Կ. Շահգալդյանն էլ, երբ մարզպետ էր, իրեն խանգարողներին առավել «բարձր ատյաններում» որպես դավաճան էր ներկայացնում, «բռնել տալիս», այս մասին մամուլը շատ է գրել: Չի բացառվում, որ հենց այս նույն ձեռագրով է աշխատում նաեւ Հրանտ Կարապետյանը: Խարդավանքներն ու թիկունքից հարվածելու որակները, թերեւս, նրանց տանն են քննարկվում ու մշակվում:
Ի դեպ, մի ընդհանրություն էլ Հրանտ Կարապետյանի եւ Կ. Շահգալդյանի միջեւ. նրանք երկուսն էլ սիրում են ընկերություն անել, շռայլ նվերներ տալ առավել բարձր դիրք ունեցող պաշտոնյաներին ու հընթացս պարծենալ, թե «մեր հարազատն է»:
Իհարկե, այսօր կարելի է ասել, որ Կ. Շահգալդյանի աստեղային ժամն անցել է: Նա Կոտայքի մարզում չունի այն ազդեցությունը, ինչ նախկինում: Կարելի է ասել՝ թոշակառուի գործ է անում: Բայց փեսան դեռ շարունակում է գործել պետեկամուտների կոմիտեում` փորձելով աներոջ միջոցով ջերմացնել հարաբերությունները նորանշանակ պետ Հովհաննես Հովսեփյանի հետ եւ պահպանել աթոռը: Ինչպես հայտնի է՝ վերջինս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրերից է:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց խտացված դժգոհությունների առիթով զրուցել Հ. Կարապետյանի հետ` հասկանալու համար, թե ինչու է նեղացնում գործարարներին, իր գործընկերներին` այդքան ատելություն հավաքելով իր վրա: Ի պատասխան մեր այս հարցի՝ Կարապետյանն ասաց. «Մի քիչ, իմ կարծիքով, չափազանցված չէ՞, ատելություն չկա, ինչո՞ւ է Ձեզ մոտ նման կարծիք»:
Մեր այն դիտարկմանը, որ համակարգի ներսում ասում են, թե կարողանում եք Ձեր ճանապարհից մաքրել բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ խանգարում են, Կարապետյանը պատասխանեց. «Ես Ձեզ, ուրեմն, ասեմ, որ հարկատուները ինձանից հաստատ չեն բողոքում: Եթե Դուք տեղյակ եք՝ այն պիլոտային ծրագիրը, որ ես առաջարկել ու արել եմ, դա հարկատուների մոտ աչքի լույսի պես ընդունվել է: Էսօր հարկատուն ինչ է ուզում, որ իր մոտ հարկայինը չգնա, իրենք շատ լավ ընդունել են: Դուք որ ասում եք՝ հարկատուները Ձեզանից դժգոհել են. ինչ-որ անտիպատյա եմ առաջացրել, թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնեմ» :
Իսկ ինչ վերաբերում է մեծաթիվ բիզնեսներին, որոնք ձեռք է բերել օրենքի հետ ակնհայտ հակասությունների արդյունքում, Կարապետյանը պատասխանեց. «Նման բան չկա, ես Ձեզ հավատացնում եմ»: Իսկ «փայ մտնելու» մեխանի՞զմը, ինչպե՞ս է աշխատում. «Ժողովուրդ»-ի հարցին Կարապետյանը այսպիսի պատասխան տվեց. «Ես բիզնեսից շատ լավ հասկանում եմ, եւ կա այսպիսի վիճակ, երբ բիզնեսմենը գալիս է ինձ հետ զրուցելու, ես փորձում եմ ցույց տալ օրինակի համար, թե այս խանութը այսքան առեւտուր չի անում, այլ անում է այնքան, ես հիմնավոր իրենց բացատրում եմ, որ իրականում տենց չի: Իրականում, օրինակի համար, քո խանութը չի կարող անել 30 հազար, որովհետեւ դու չէի կարող այսքան աշխատավարձ տալ, չէիր կարող հոսանքի այսքան փող տալ եւ այսքան հարկ մուծեիր ու չէի կարող գոյատեւել: Դրա համար իրենց մոտ կարծիք է առաջանում, որ ես այդ բիզնեսների տերն եմ կամ ինչ-որ փայատեր եմ: Բայց ես ընդամենը մաթեմատիկ եմ եւ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում աշխատել եմ սպասարկման բաժնի պետ եւ կարողացել եմ վերլուծական շատ ծրագրեր անել: Եթե որեւէ մի կազմակերպություն աշխատում է եւ ՀԴՄ չի օգտագործում, եւ նրան տուգանում ենք, ուրեմն նեղացնո՞ւմ ենք: Ես համակարգում լավ էլ ընդունված եմ, իմ ընկերների շրջապատում լավ հարգված եմ, ի՞նչ խնդիր կա: Վա՞տ է, որ ես կարողանում եմ տարբերել աշխատողին եւ չաշխատողին: Ես իմ գործընկերներին չեմ նեղացնում, հարյուր տոկոսանոց սուտ է: Աշխատողի համար կարեւոր է, որ իրենց ղեկավարը ունենա խելք, իսկ իրենք ինձ ընդունում են»:
Իսկ կմնա՞ իր պաշտոնին Կարապետյանը, թե՞ հրաժեշտ կտա: «Դա պետք է որոշի ընդամենը մեր նախագահը»,- ասաց Կարապետյանը` չհստակեցնելով ՊԵԿ նախագահը, թե՞ հանրապետության: Սպասենք, կտեսնենք:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՑԱՐԿԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը, հայտնվել է դատարանում:
2015 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում ստուգումներ են իրականացվել, ինչի արդյունքում մոտ 8 միլիոն դրամի չափով յուրացումներ էին հայտնաբերվել:
Ավելի ուշ այս գործով կալանավորվել էր կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ սյունեցիների, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից է, եւ հենց նա է մեծ դեր խաղացել տնօրեն դառնալու գործում: 2015 թվականի սեպտեմբերի 22-ին այս գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ, ինչպես պարզեցինք, բացի Դավիթ Համբարձումյանից՝ դատարանի առաջ են կանգնել եւս 4 անձինք` Ռադիկ Օհանյանը, Սիրվարդ Մինասյանը, Ժաննա Պողոսյանը, Էդգար Համբարձումյանը:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հայրը՝ Ռադիկ Օհանյանը, եղել է կենտրոնի պահեստապետը: Եւ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, լինելով պաշտոնատար անձ, կեղծ ֆակտուրաներ է կազմել: Իսկ ո՞վ է քննում գործը:
Դատավորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանն է, որը Ռադիկ Օհանյանի ազգականն է: Բայց նա ոչ միայն ինքնաբացարկ չի հայտնել, այլեւ այս գործով մի քանի դատական նիստեր է անցկացրել: Ասել է, թե ազգականներով, բարեկամավարի փորձել են Ռադիկ Օհանյանի հարցերը կարգավորել եւ «ջրից չոր հանել»:
Երբ այս մասին «Ժողովուրդ»-ը հրապարակեց, աղմուկը անասելի մեծ էր: Օրերս տեղեկացանք, որ գործը մակագրվել է մեկ այլ դատավորի: Այսուհետեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հոր պաշտոնական կեղծիքի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը:
Դատական համակարգին մեզ մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը զեկուցագիր է գրել` հայտնելով, որ հերթական ամենամյա արձակուրդի է գնում, ուստի խնդրում է գործը այլ դատավորի փոխանցել:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Տեղեկացանք, որ տարբեր փաստաթղթեր կազմած աշխատակիցները, որոնք գործով անցնում են, իրենց ստորագրության մասով ուշագրավ մանրամասներ են հայտնել: Իրավապահները դժվարացել են «գլուխ հանել», ինչի համար մեղադրող դատախազը միջնորդել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել` հասկանալու, թե ով ինչպես է կազմել փաստաթղթերը, եւ, ի վերջո, ով է ստորագրել գլխավոր փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ը դեռ կհետեւի այս գործի մանրամասներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
2016թ. մարտի 9-ին՝ ժամը 20:30-ին, Նոր Հաճնի պոլիկլինիկայից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 1985թ. ծնված Ռուզան Խուդոյանը, ով դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ տուժածին դանակով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին նույն օրը՝ ժամը 17-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, եւ դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պարզվել են կատարված հանցագործության շարժառիթը, դեպքի մի շարք հանգամանքներ:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Լրագրողական երեք կազմակերպություններ երկուշաբթի օրը դիմել էին ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ: ԱԺ էթիկայի հանձնաժողովի՝ երեկ նախատեսված նիստը, որտեղ պետք է քննարկվեր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը, հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով:

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով Ազգային ժողովի մոտ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում Երեւանի ոստիկանության Արաբկիր բաժին բերման է ենթարկվել 13 ցուցարար: Նշենք, որ ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի իրենց ձեռքերը կապել էին Աժ պարիսպների ճաղերին, իսկ ակցիային հետեւող ոստիկանները մի քանի անգամ ավելի շատ էին, քան մասնակիցները:




Լրահոս