Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք «Future Fashion Faces World» («Աշխարհի ապագա մոդելային դեմքեր») մրցույթին այս տարի կմասնակցեն նաեւ երկու մոդելներ Հայաստանից: Մասնակից երկրների թվում են Գերմանիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կոսովոն, Հոլանդիան եւ այլն, իսկ մեր հարեւան երկրներից` Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Մրցույթի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է, որի հիմնադիր Գեւորգ Ասատրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը եւս ընդգրկված է լինելու միջազգային ժյուրիի կազմում:
Նրա խոսքով` մեր մասնակիցներից 23-ամյա Սյուզի Ազարյանը (Երեւան) մասնակցել է հեռուստանախագծի եւ միջազգային բազմաթիվ ցուցադրությունների, իսկ 16-ամյա Լիդա Սերոբյանը (Իջեւան)` նորաձեւության ցուցադրությունների եւ բազմաթիվ մրցույթների: «Մենք հնարավորություն ունեինք ներկայացնելու թվով 4 մասնակից, ծանոթանալով մրցույթի մյուս անդամներին` մեզնից ընտրեցինք այն տարիքային խմբերի աղջիկներին, որոնք կարող են հաջողություն գրանցել»,- մեկնաբանեց Գ. Ասատրյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք ասոցիացիան չի վախենում քննադատների այն կարծիքից, որ հայերս Թուրքիայում անցկացվող մրցույթներին մասնակցելուց պետք է զերծ մնանք, Գ. Ասատրյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ խուսափենք, մենք ուզում ենք մասնակցել եւ մրցանակներով հետ գալ հայրենիք: Մենք դրսում ներկայանալու եւ ոչ մի առիթ չպետք է բաց թողնենք: Ու թեեւ Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներ ունենք, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ այն ինդուստրիալ առումով հզոր երկիր է, որը նմանատիպ մրցույթների համար առաջարկում է լավ պայմաններ: Սա դրսեւորվելու լավ ասպարեզ է թե՛ մեր մոդելների եւ թե՛ դիզայներների համար: Սա մի պրոցես է, որից չպետք է հետ մնանք»:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք մրցույթի հայ մասնակիցների համար գտնվել են հովանավորներ. «Մենք գործի կդնենք սեփական միջոցները, ինչպես նաեւ հովանավորների աջակցությունը: Սառույցը կարծես տեղից շարժվում է. մեզ որոշել են սատար կանգնել Իջեւանի քաղաքապետը եւ մի պատգամավոր»,- տեղեկացրեց ասոցիացիայի հիմնադիրը:
Գ. Ասատրյանը նաեւ հայտնեց, որ մեր հայ մասնակիցները մրցույթի առաջին փուլում ներկայացնելու են ազգային տարազ: Նրանք կրելու են զգեստներ «Էթնո Էրատո 2013» միջազգային փառատոնում հաղթող ճանաչված «Զվարթնոց» հավաքածուից (դիզայներներ` Քնարիկ Մկրտչյան եւ Գոհար Ղազարյան), իսկ երկրորդ փուլում ներկայացվելու են զգեստներ երիտասարդ հայ դիզայներներ Սամվել Մալոյանի եւ Անի Առաքելյանի հավաքածուներից:
«Հիմա նորաձեւության ոլորտում ունենք մի քանի հիմնական դեմքեր` հայտնի դիզայներներ, որոնք երիտասարդների` ասպարեզ մտնելու ուղին կարծես փակել են: Այս մրցույթը լավ առիթ է այն երիտասարդ դիզայներների համար, որոնք ունեն կրեատիվ մտածողություն եւ հետաքրքիր ճաշակ»,- մեկնաբանեց նա:
Մենք նաեւ հարցրինք` արդյոք այսօր դժվար չէ Հայաստանում նոր մոդելներ բացահայտելը. «Մեր ասոցիացիան ունի սաներ, որոնց հետ պարապում ենք (նրանց թվում նունիսկ 4 տարեկան երեխաներ կան), այնպես որ, ընտրություն կատարելն այդքան էլ բարդ չէր»,-ասաց Գ. Ասատրյանը:
Խոսելով մրցույթի մասնակից երկրների պոտենցիալի մասին` նա նշեց, որ հաջող տվյալներ ունի Վրաստանի մասնակիցը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ շահագրգռվածություն կարող են ունենալ մրցույթի մասնակիցնեը, եւ ինչ պարգեւ է սպասվում հաղթողներին. «Մոդելների մասնակցությամբ մրցույթում ամենակարեւոր բանն այն է, որ նորաձեւության միջազգային հեղինակավոր տները կարող են շահավետ առաջարկներ անել մասնակիցներին, եւ հնարավոր է` աշխատանքային պայմանագրեր կնքվեն: Բացի այդ` գլխավոր մրցանակակիրներին կհանձնվեն նաեւ դրամական պարգեւներ»,- ասաց ասոցիացիայի հիմնադիրը:
Նշենք, որ մեր պատվիրակությունը Անթալիա կմեկնի մարտի 12-ին: Մրցույթը կտեւի 7 օր, ամեն տարիքային խմբից կընտրվեն 3 հաղթողներ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ` ԴՐԱՆՑ ՏԵՂՆ ԷԼ ԻՄԱՆԱՆ, ՔԱՆԴԵՆ»
«Ժողովուրդ»-ը գրել էր այն մասին, որ մի խումբ մտավորականներ միավորվել են` կոչ անելով դադարեցնել Երեւան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք այդ կապակցությամբ «Քաղաքացիական պահանջագիր» էին հանձնել Երեւանի քաղաքապետարանին: Օրերս էլ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել էր մտավորականների հետ եւ լսել նրանց մտահոգությունները։ Նախարարը նրանցից պահանջել էր ցանկ, որտեղ նշված կլինի, թե մտավորականները որ շենքերի քանդումն են համարում անթույլատրելի: Մենք հանդիպման մասնակիցներից մեկից` երգիչ Արթուր Իսպիրյանից, հետաքրքրվեցինք` արդյոք իրենք արդեն կազմել են այդ ցանկը, ինչ սկզբունքով են ընտրվել շենքերը, եւ երբ է ցուցակը ներկայացվելու նախարարին: Ա. Իսպիրյանը տեղեկացրեց, որ ցանկն արդեն կազմվել է. «Ես նույնիսկ լուսանկարել եմ բոլոր այդ շենքերը եւ լուսանկարներն էլ կցել ցուցակին: Հանդիպման ժամանակ ես իմ մտավախությունը հայտնեցի նախարարին, հարցրի` արդյոք Երեւանի պատմական շենքերը չեն քանդվելու, որ «Հին Երեւան» նախագիծն իրականացնեք, նախարարն էլ հարցրեց, թե այդ որ շենքերը նկատի ունեմ: Դրա համար էլ լուսանկարել եմ, որ ցույց տամ: Բայց լավ կլիներ ոչ թե նկարեի, այլ իրենք քայլելով գային, անձամբ տեսնեին դրանց վիճակը, թե չէ իրենք հաճախ չեն գնում այդ կողմերը… Մենք ընտրել ենք մշակութային արժեք ներկայացնող հին շենքերը, որոնց վրա արդեն ժանգոտվել է խորհրդային տարիներից մնացած ցուցանակը. «Պահպանվում է պետության կողմից»: Ցանկը մարտի 10-ին արդեն ուղարկվել է նախարարի մամուլի քարտուղարին»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե ցուցակի ներքո քանի հոգի են ստորագրել, Ա. Իսպիրյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց, որ շենքերի քանդմանը դեմ է շուրջ 3 միլիոն մարդ, կողմ` 10 հոգի (հյուրանոցների ու էլիտար շենքերի սեփականատերերը): Նա ներկայացրեց նաեւ այն շենքերը, որոնք ընդգրկված են ցուցակում. «Այդ շենքերից մի մասը սեփականատերեր ունեն, բայց, միեւնույն է` փտում են: Ցանկում ընդգրկել ենք Պուշկին-Տերյան խաչմերուկում գտնվող Դերասանի տունը, Տերյան-Արամի փողոցների խաչմերուկում գտնվող կլոր շենքը, որի պատշգամբները փլվում են, ԱՕԿՍ-ի շենքը, որի տանիքն ահավոր վիճակում է, Աբովյան փողոցում փայտե դռնով գեղեցիկ մի շինություն, որի պատշգամբն ու վերեւի հարկը փլվելու եզրին են, Թումանյան 25 հասցեում գտնվող շենքը եւ մի շարք այլ կառույցներ»:
Մենք հարցրինք` տարօրինակ չէ արդյոք նախարարի առաջարկը` ներկայացնել այն շենքերի ցանկը, որոնք չեն ուզում, որ քանդվի, արդյո՞ք այդ հարցը մտավորականների որոշել-չորոշելու արդյունքում է լուծվում. «Մենք շատ ենք ուշացել, հիմա պետք է գոնե փրփուրներից կախվենք, որ գոնե այն, ինչ մնացել է, փրկենք: Մյուս կողմից էլ վախենում եմ՝ այդ շենքերի տեղն ասեմ, կարող է` բաներ կան, որոնց տեղը չգիտեն, հիմա իմանան, գնան, դրանք էլ քանդեն»,-եզրափակեց Արթուր Իսպիրյանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՅՈՒՆԵՍԿՕ¬Ի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ¬ի կենտրոնակայանում, մարտի 8¬ին բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի շրջանակներում աշխարհի 9 երկիր՝ Հայաստանը, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Ուկրաինան, Կուբան, Բանգլադեշը, Տոգոն, Եգիպտոսը եւ Թուրքիան, ներկայացնում են համապատասխան տարածաշրջանային խմբեր: Արեւելաեվրոպական երկրների խմբի անունից հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարչուհի Արեւ Պետրոսյանի աշխատանքներով: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ¬ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ¬ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական¬քաղաքական, մշակութային գործիչներ եւ լրագրողներ: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ մարտի 18¬ը:
ԱՃԵՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայ նշանավոր ռեժիսոր, թատերական գործիչ Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի համար արդեն հայտարարված է բաց մրցույթ ինչպես Գյումրու քաղաքապետարանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից:
Հուշարձանը պետք է արտահայտի ռեժիսորի կերպարը, նրա նշանակալից ստեղծագործական ներդրումը հայ թատերական արվեստում, ավանդը Գյումրու թատրոնում: Հուշարձանը տեղադրվելու է Գյումրու թատերական հրապարակում: Մրցութային առաջարկությունները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2016թ. մարտի 31-ը:
ՀՆԴԿԱՑԻՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգին, ով Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակն է, մեղադրել են հնդկացիների չերոկի ցեղի մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
Daily Mail-ի հաղորդմամբ` քննադատության է ենթարկվել «Մոգությունը Հյուսիսային Ամերիկայում» պատմաշարի նոր հատվածը, որը հրապարակվել է համացանցում: Գրքում խոսվում է մայրցամաքում մոգության պատմության մասին 14-17-րդ դարերում:
Չերոկի ցեղի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել` հնդկացիների հոգեւոր հավատալիքները մոգության հետ խառնելու պատճառով: