Երեկ կայացավ արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ընտրական նոր օրենսգրքի հանրային քննարկումը, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական ուժեր՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներ եւ օտարերկրյա դիվանագետներ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը քննարկման ընթացքում կարեւորելով ԸՕ-ում կատարված փոփոխությունները` նշեց. «Ընտրական օրենսգրքով պետք է փորձ արվի լուծել այն հիմնական ուղղությունները, որոնք դրված են Սահմանադրության մեջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգ ապահովելը, կայուն մեծամասնություն ապահովելը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում: Այս տեսանկյունից ընտրական օրենսգրքում փորձ է արվել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն կերպ բարձրաձայնվել են եւ խնդրահարույց համարվել»:
Նոր ԸՕ նախագծի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:
-Տիկի՛ն Բիշարյան, անցած ամիսներին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, այդ թվում եւ Դուք բազմաթիվ առաջարկություններով հանդես եկաք` կապված նոր ընտրական օրենսգրքի հետ: Այժմ երբ սկսվել են նոր ԸՕ-ի լայնամասշտաբ քննարկումները, ի՞նչ եք կարծում՝ ընդդիմության առաջարկությունները կարո՞ղ են ընդունվել:
-Երբ մենք խոսում էինք, որ նույնականացման քարտերով արդեն ՏԻՄ-երում եղել են ընտրություններ, եկեք այնպես անենք, որ հանրաքվեին դա չկրկնվի, նրանք՝ որպես քաղաքական մեծամասնություն, բերեցին, օրենքից այդ արգելող հոդվածը հանեցին եւ գնացին հանրաքվեի` նույնականացման քարտերով քվեարկության: Եվ ստացվեց, որ այդ քարտերով, առանց հասցե քաղաքացին որտեղ ուզեց, այնտեղ էլ գնաց քվեարկության, եւ դրա համար բազմաթիվ խախտումներով անցավ հանրաքվեն: Հիմա մենք ասում ենք, եթե ժամանակի խնդիր ունենք, ապա նախ պետք է քաղաքական թիմերին ընդգրկենք. միասին կարող ենք աշխատել այս նախագծի վրա, որը բազմաթիվ մտահոգություններ է առաջ քաշել:
-Կոնկրետ ո՞ր դրույթների հետ են կապված Ձեր մտահոգությունները:
-Մեր մտահոգություններից է էլեկտրոնային այս տարբերակը, որը կիսալուծումներ ունեցող մի շղարշ է, եւ որով նորից գնալու ենք կեղծիքների: Էլեկտրոնային տարբերակով համակարգչի մեջ ամբողջ ինֆորմացիան լցնում են, ով է լցնում, ով է երաշխավորված այդ անելու, եւ դա, արդյոք, նույն ցուցակը չի լինելու… Ակնհայտ է, որ որեւէ բան չի փոխվելու, եւ որեւէ լրջագույն աշխատանք այս փոփոխություններով չի կատարվում: Եւ հետո՝ ինչու պետությունը իր կողմից մոտավորապես 2000 տեսախցիկ չի օգտագործում՝ ամբողջ ընտրատեղամասերը նկարահանելու համար: Անընդունելի է նաեւ, որ սահմանափակել են լրագրողների մուտքը տեղամասեր` ասելով, թե իբրեւ խոչընդոտում են, բայց ես վստահ եմ, որ լրագրողները միշտ աջակցել են, եւ ոչ մեկը աշխատանքը չի խոչընդոտել: Դրեք տեսախցիկներ, թող լրագրողները, քաղաքացիները, մտահոգ մարդիկ ուղիղ հետեւեն ամբողջ գործընթացին: Եթե գնում ենք այդ փուլին, պետք է հաշվի առնենք, որ էլեկտրոնային գրանցման տարբերակով կարող ենք մենք ունենալ քաղաքացիներ, որոնք ի վիճակի չեն լինի ընկալելու: Ստացվում է այնպես, որ նրանց մեկը պարդադիր պետք է մոտենա, ուղղորդի, թե ինչպես գրանցվի, թերթիկը ստանա եւ հետո ինչպես քվեարկի: Սա նշանակում է, որ մենք ավելորդ ինչ-որ օղակ ենք ստեղծել, որը չի լուծում խնդիրը: Կարծես թե իրենց ընտրական պրոցեսների արդյունքում տեսել են՝ որտեղ ինչից են նեղվել, հիմա փորձում են ի շահ իրենց նոր բաներ անել, ուրիշ ոչ մի բան:
-Ընտրական նոր օրենսգրքի նախագծում առավել մտահոգիչ է համարվում նախընտրանքային ընտրակարգով քվեարկությունը կամ, այսպես ասած, ռեյտինգային ընտրակարգը, որը շատերի պնդմամբ` մեծամասնական ընտրակարգի քողարկված տաբերակն է: Ձեզ այս տարբերակը որքանո՞վ է գոհացնում:
-Բացարձակ գոհացնելու որեւէ բան չկա այստեղ: Ինչ-որ ձեւով, ինչ-որ անձի վրա եթե դրվել էր առանձին մեծամասնական, հիմա տվյալ անձը լինելու է այդ ցուցակում, ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի գան, քվեարկեն: Սա ինչ-որ մի հատ ձեւական փոփոխություն էր, որ տեղի ունեցավ, եւ որը ոչինչ չի տալու: Մենք կողմ ենք համամասնականին, բայց ոչ այս ձեւով: Նորից լինում է այնպես, որ անվանման միջոցով է գնում քվեարկությունը, որտեղ նույն մեծամասնականի գործոնը լինելու է:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԻՆՉՈՒ ՎԻԶԱՆԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ
Օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, հյուրընկալվելով ԱՄՆ հայկական խոշոր համայնքներում, բավականին ուշագրավ մի հայտարարություն էր արել: Ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանությունը վերջերս մերժում մուտքի արտոնագիր տրամադրել ծրագրավորողներին, դեսպանը պատասխանել էր, որ դրանով իրենք նպատակ ունեն պաշտպանելու իրենց աշխատատեղերը՝ հօգուտ տեղացի ծրագրավորողների: Նկատենք, որ այս համակարգված մոտեցման արդյունքում ՀՀ ծրագրավորողները զրկվում են ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստումների, էքսպոների եւ սեմինարների մասնակցելու հնարավորությունից: Բիզնես-նախագծերը եւս այս մոտեցման արդյունքում բարդ վիճակում են հայտնվել: Այս խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
-Պարո՛ն դեսպան, նախ կխնդրեինք հստակեցնել, թե ինչպե՞ս կարող է հայաստանցի ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ազդել այդ բնագավառի աշխատատեղերի վրա` հաշվի առնելով Ձեր երկրի տնտեսության ծավալները:
-ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ: Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում նաեւ այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա: Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը:
-Ի՞նչ եք պատրաստվում անել՝ ծրագրավորողներին չզրկելու համար ինտեգրված լինելու հնարավորությունից:
-ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւորությունը Հայաստանում եւ տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայացմանը: Նշենք միայն մեկ օրինակ. մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր-պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը» եւ «Նեշընըլ Ինստթրումենթսը», որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին:
-Հնարավո՞ր է՝ Դուք առաջիկայում վերանայեք Ձեր մոտեցումը:
-ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրման գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ապահովումը եւ դրան զուգընթաց բոլոր դիմողների գերազանց սպասարկումը: Աշխարհով մեկ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների որոշումները վիզաների տրամադրման վերաբերյալ հիմնվում են ամերիկյան այդ օրենքների ու գործող կանոնակարգերի վրա եւ արտացոլում են օրինական ուղեւորությունները դյուրացնելու եւ դրան զուգընթաց՝ ԱՄՆ-ում աշխատողներին ու ԱՄՆ սահմանները պաշտպանելու մեր նպատակը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«ՀԱՆՑԱՎՈՐ» ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործի շրջանակներում 49-ամյա Հարություն Սարիբեկյանը՝ Զիմ մականունով, իր ցուցմունքներում նշել է, որ խմբի անդամների հետ որեւէ կապ չունի եւ ոչ մեկին չի ճանաչում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարիբեկյանին ասել են, որ գործով անցնողներից մեկն իր անունն է նշել ցուցմունքում, եւ դա է եղել իրեն կալանավորելու հիմքը: Հարություն Սարիբեկյանի կինը՝ Ռուզան Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը երեկ սրտի ծակոցներ է ունեցել: «Իրեն մինչ կալանավորելը պետք է վիրահատեին, բայց չարեցին: Հիմա սրտի ծակոցներ ունի, ու մենք չենք կարողանում որեւէ կերպ օգնել: Քրեակատարողական հիմնարկում միայն անալգին ու ասկոֆեն են տալիս սրտի խնդիր ունեցող մարդուն: Այսպես շարունակել հնարավոր չէ, ես պատրաստվում եմ գնալ նախագահական նստավայր եւ հանդիպում խնդրել նախագահի հետ, ինչու են իմ ամուսնուն այդ վիճակում պահում, երկրի համար գնացել, կռվել է, որ այսօր այս վիճակին կալանքի տակ պահե՞ն»,- դժգոհեց Ռուզան Հովհաննսիյանը: Ի դեպ, Հարություն Սարիբեկյանը անազատության մեջ է արդեն 3 ամիս:
ԳՈՂՆ ՈՒ ԳՈՂՈՆԸ ՉԿԱՆ
Շուրջ երկու ամիս է անցել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տան գողության դեպքից: Մինչ օրս իրավապահները մի շարք վարկածներ են ստուգում, սակայն առաջ քաշված վարկածներից, ըստ էության, որեւէ մեկը մինչ օրս չի հիմնավորվել: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 13-ին: Ենթադրվում է, որ գողությունը տեղի է ունեցել ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը նշված ժամերին մարզպետի տանը մարդ չի եղել, եւ դատելով ստեղծված իրավիճակից՝ առանձնատուն ներխուժած անձը կամ անձինք լավ տեղեկացված են եղել, թե տան տերերը երբ են բացակայելու: Դեպքի առթիվ հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը հետագայում տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ:
ԴԱՀԿ-Ի «ԳԱՐՇՈԿԸ»
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի դադարում հանրությանն ուրախացնել: Պարզվում է՝ այժմ էլ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել մանկական զուգարանակոնք, կամ այլ կերպ ասած՝ «գարշոկ»: Բայց պարզվում է՝ «գարշոկն» օգտագործված է եւ գտնվում է «Մետէքսիմ» մաքսային պահեստում: Իսկ արժեքն էլ կազմում է 375 դրամ: Կարելի է կարծել, թե ինչ-որ մեկի վերջին ունեցվածքը եղել է այդ «գարշոկը», սակայն ԴԱՀԿ-ն այն էլ է խլել եւ փորձում է «աճուրդով» վաճառել: