ՍՊԱՌՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է, ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ` ԱՃԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան ներկրված գազի ծավալները անցած տարվա ընթացքում նվազել են 3,2 տոկոսով, ինչը ծավալային արտահայտությամբ կազմել է 79 մլն 100 հազար խորանարդ մետր:

Այսպես՝ 2015 թվականին ընդհանուր Հայաստան է ներկրվել 2 միլիարդ 371 մլն 800 հազար խորանարդ մետր գազ, այն դեպքում, երբ 2014-ին այդ ցուցանիշը կազմել էր 2 միլիարդ 450 մլն 100 հազար խորանարդ մետր: Ուշագրավն այն է, որ անկումը հիմնականում բաժին է հասել Ռուսաստանից ներկրվող գազին: Ինչպես հայտնի է` Հայաստանում սպառվող գազը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից: Բացառություն է կազմում միայն «Երեւան ՋԷԿ»-ը, որի սպառման համար գազը ներկրվում է հարեւան Իրանից: Դիմացը Հայաստանը վճարում է էլէներգիրայով` 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 ԿՎտ/ժ էլէներգիա հաշվարկով:
2015-ին Հայաստան է ներկրվել 371 մլն 300 հազար խորանարդ մետր գազ, իսկ 2014-ին այդ թիվը եղել 389 մլն 200 հազար խորանարդ մետր: Այսինքն` իրանական գազի ներկրումը նվազել է մոտ 18 մլն խորանարդ մետր: Փոխարենը Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները 2015-ին, նախորդ` 2014-ի համեմատ, նվազել են ավելի քան 61 մլն խորանարդ մետրով: 2 մլրդ 61 մլն 700 հազար խորանարդ գազի փոխարեն 2015-ին ներկրվել է 2 մլրդ 600 հազար:
Ուշագրավ է, որ չնայած գազի ներկրման ծավալներն ընդհանուր նվազել են 79 մլն խորանարդով, սակայն բաշխման համակարգի միջոցով սպառողին մատակարարված գազի ծավալները 2015-ին, նախորդ` 2014 թվականի համեմատ, նվազել են 188 մլն 700 հազար խորանարդ մետրով: Նշենք նաեւ, որ էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները անցած տարի, նախորդ տարվա համեմատ, նվազել են 166 մլն խորանարդով: Սա այն եզակի դեպքերից է, երբ նվազումը ինքնին դրական երեւույթ է ենթադրում: Բանն այն է, որ բաշխման համակարգի միջոցով էներգետիկ համակարգին մատակարարվող գազը Հրազդանի երկու ՋԷԿ-երի սպառման ծավալներն են: Այս երկու կայանների արտադրած էլէներգիան, «Երեւան ՋԷԿ»-ի համեմատ, կրկնակի թանկ է: Այսինքն՝ եթե բաշխման համակարգով էներգետիկ համակարգին քիչ գազ է մատակարարվում, ապա դա նշանակում, որ մեր սպառած էլէներգիայի մեջ, այսպես կոչված, «թանկ հոսանքի» տեսակարար կշիռը նվազել է: Ի դեպ, «Երեւան ՋԷԿ»-ի սպառած գազը, որը, ինչպես արդեն նշել ենք, Իրանից է ներկրվում, բաշխման համակարգի միջոցով մատակարարվող գազի ծավալների մեջ չի ներառվում:
Անցած տարվա տվյալներով՝ Հայաստանում գազի կորուստները կազմել են 148 մլն 900 հազար խորանարդ: 2014-ին այդ ցուցանիշը եղել 144 մլն 700 հազար խորանարդ: Այսինքն՝ գազի սպառման ծավալների ներկրման պայմաններում անգամ կորուստների մակարդակն աճել է: Արդյունքում, եթե 2014-ին կորուստները կազմել են ընդհանուր Հայաստան ներկրված գազի 5,9 տոկոսը, ապա 2015-ին այդ թիվը դարձել է 6,3 տոկոս: Ի դեպ, նկատենք, որ պետական պաշտոնյաներին պատկանող գազալցակայաններում եւ մնացած օբյեկտներում առանց արձանագրման, այսպես կոչված, «ձախ ճանապարհով» սպառվող գազը վերջնահաշվարկում դառնում է «կորուստ»: Այլ կերպ ասած՝ ինչպես էներգետիկ համակարգի դեպքում է, «ձախ ճանապարհով» ինչ-որ մարդկանց մատակարարվող գազի դիմաց փաստացի վճարում են այդ գողության հետ կապ չունեցող բաժանորդները, քանի որ այդ բոլոր ցուցանիշները ներառված են սպառողին մատակարարվող գազի սակագնի վերջնահաշվարկներում:
Ներկրման ծավալների անկմանը զուգահեռ գազի դիմաց վճարումների ցուցանիշը 2015-ին ավելացել է: Այսպես՝ 2014-ին բաշխման համակարգի միջոցով սպառողին հասցված գազի դիմաց վճարումները կազմել էին ընդհանուր մատակարարված ապրանքի 96,5 տոկոսը: Անցած տարի վճարումների ցուցանիշը կազմել է 97,7 տոկոս: Ինչպես միշտ, սպառողների տարբեր խմբերից ամենապարտաճանաչը բնակչությունն է, որի վճարումները կազմել են մոտ 100 տոկոս: Էներգետիկ համակարգի վարքագիծը եւս նույնն է մնացել, այսինքն՝ ինչպես եղել է ամենաանպարտաճանաչ վճարողը, որն ամենաշատ պարտքերն է միշտ կուտակել, այնպես էլ մնացել է: Մասնավորապես, 2015 թվականին էներգետիկ համակարգը իր սպառած գազի գնի 10 տոկոսը պարտք է մնացել: Տվյալ դեպքում թերվճարումները կազմել են 3 մլրդ 600 միլիոն 600 հազար դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ տվյալ դեպքում, ինչպես միշտ, ռուսական մի ընկերությունը պարտք է մնում մեկ այլ ռուսական ընկերության, որն իր սեփականատերն է: Հիշեցնենք, որ «Հրազդան ՋԷԿ»-ը պատկանում է նույն «Գազպրոմ-Արմենիային»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՂԵՐՆ ՈՒ ԿԵՆՑԱՂԸ
ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 18 մլն դրամ: Ի դեպ, 2014 թվականի համեմատ անցած տարվա ընթացքում նախարարի դրամական միջոցները ավելացել են 500 հազար դրամով: Նախարարի եկամուտները գոյացել է կենսաթոշակից եւ աշխատավարձից: Նրա ամսական աշխատավարձը մոտ 430 հազար դրամ է, իսկ կենսաթոշակը՝ 352 հազար դրամ: Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը պարզվում է դրամական միջոցներ չունի, իսկ նրա եկամուտը՝ անցած 2015 թվականի ընթացքում ընդհանուր կազմել է՝ 1 մլն 698 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Հիշեցնենք, որ նա զբաղեցնում է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը: Նախարարի եւ նրա կնոջ հայտարարագրերի այս «համեստությունը» թերեւս հարցերի տեղիք չէր տա, եթե չլիներ մի հանգամանք: Նախարարի կինը վերջին մեկ տարվա ընթացքում աչքի է ընկնում նրանով, որ սոցցանցերում պարբերաբար գովազդում է իր եւ ամուսնու համատեղ ճոխ կենցաղը, թանկագին հագուստները: Ուստի, բնական հարց է ծագում, որը տվյալ դեպքում ավելի շատ հռետորական է. ինչի հաշվին է կազմակերպվում նախարարի ընտանիքի ճոխ կենցաղը, եթե պաշտոնապես այն որեւէ տեղ «չի ֆիքսվել»:

 

 

ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՆԱ, ԳԼՈՒԽԸ ԿՔՈՐԻ
Օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը որոշել է լքել թվով չորրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, լուրեր տարածվեցին այն մասին, թե Մենուա Հարությունյանը խոստացել է նրա ապագան հոգալ: Մասնավորապես, նա Վահան Բաբայանին խոստացել է «տեղավորել» ՀՀԿ-ի՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակում: «Ժողովուրդ»-ը երեկ այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Վահան Բաբայանից: Վերջինս վերը նշված լուրերի առնչությամբ ասաց. «Մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում իմ՝ այս-այն կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: Ես պաշտոնապես ասում եմ, որ իմ օրակարգում այլ կուսակցության անդամ դառնալու հարց այս պահին չկա: Ինչ վերաբերում է Մենուա Հարությունյանին, ով իմ լավ ընկերն է, ասեմ, որ ՀՀԿ-ում առաջարկներ անողը Մենուա Հարությունյանը չի եւ որոշումներ կայացնողն էլ չի: Ընդհանրապես դա չի համապատասխանում իրականությանը: Ապատեղեկատվություն է»:

 

 

ՋՐԻ ԴԵՎ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականին ոռոգման համակարգի ջրային հաշվեկշիռը ողջ Հայաստանում կազմել է 980 մլն 418 հազար 600 խորանարդ մետր: Դրանից ինքնահոս եղանակով բաց է թողնվել 897 մլն 220 հազար 600 խ/մ-ը, իսկ մեխանիկական եղանակով՝ 83 մլն 198 հազար խ/մ-ը: Ջրի կորուստները 2015-ին կազմել են 266 մլն 722 հազար 400 խ/մ: Այսինքն՝ ոռոգման նպատակով բաց թողնված ջրերի 1/3-ն այդպես էլ տեղ չի հասել: Սա հանրային ունեցվածքի վատնման վառ օրինակ է:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ
«Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է կարգավորվի կոնֆլիկտի մասնակիցների, ոչ թե միջնորդների կողմից: Ընդ որում, Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում է միջազգային ֆորմատներում կոնֆլիկտի կարգավորման համար»,- այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ սահմանադրական արդարադատության ոլորտում բազմամյա եւ արդյունավետ համագործակցության համար Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին երեկ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Բարեկամության շքանշանով: Նույն բարձր պարգեւին են արժանացել նաեւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

 

 

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը, որի շրջանակներում ՖԻԴԵ-ի նախագահ Կ. Իլյումժինովի հետ կայծակնային խաղի չնախատեսված պարտիայում հաղթել է վերջինիս:

 

 

ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵՑ
Հիշեցնելով իր հայտարարությունը կրթական համակարգն ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին` երեկ լրագրողները ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվել են, թե նա դա ինչպես է պատկերացնում, եթե ԲՈՒՀ-երի խորհուրդները ղեկավարում են պետական բարձրագույն պաշտոնյաներ. Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի խորհրդի նախագահն է, Գալուստ Սահակյանը՝ ՀՊՄՀ-ինը: «Արտասահմանում ընդունված է, որ պետական պաշտոնյաները լինեն համալսարանների կառավարման մարմիններում, օրինակ, Անգլիայում թագուհին է: Այդտեղ կարելի է դնել լուրջ լծակներ, որոնք ձեր ասած հիմնախնդիրները կլուծեն»,- ասել է Մկրտչանը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն է տարածել առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան՝ ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի եւ շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների եւ մի քանի ռազմական տեխնիկա: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք:




Լրահոս