ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված սույն զեկուցագրի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսն է: Վերջինս պատմում է 2005թ. օգոստոսի 16-ին այնժամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ կայացած հանդիպման մանրամասները:

Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում հայ-թուրքական բանակցություններ, այդուհանդերձ, ընթացել են եւ դրանք մասամբ վերաբերել են 1915թ. դեպքերի ուսումնասիրության համար ստեղծվելիք պատմաբանների հանձնաժողովին: Ավելին` գործընթացը կասեցվել է ոչ թե հայկական կողմից, այլ կրկին Թուրքիայի ցանկությամբ` հերթական անգամ բախվելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների անարդյունավետության խնդրին:
Տեղեկացնենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ` այսօր արդեն նախկին փոխնախարարի եւ Թուրքիայի ԱԳ փոխպետքարտուղար Ահմեդ Ուզումչուի միջեւ կայացած բանակցություններից հետո: ՀՀ փոխարտգործնախարարն արտահայտել էր իր հիասթափությունը թուրք պաշտոնակցի հետ ունեցած հանդիպումից: Ըստ նրա` թեեւ բանակցությունների ձեւաչափն ու տոնը դրական էին, սակայն զգայուն հարցերին անդրադառնալիս լրջագույն դժվարություններն էին ի հայտ եկել: Կիրակոսյանի պնդմամբ` լուրջ տարաձայնություններ են գոյություն ունեցել 1915թ. դեպքերի ուսումնասիրման միջկառավարական հանձնաժողովի նպատակին ու ընդգրկման տիրույթին վերաբերող հարցերում, ինչն էլ Վիեննայում ընթացած բանակցությունների հաջողության խոշոր արգելակիչն էր հանդիսացել: Ա. Կիրակոսյանը նկատել է, որ 5 ենթահանձնաժողովներ ստեղծելու ՀՀ կառավարության առաջարկը թուրքերին թույլ է տվել հեռուն գնացող նկրտումներ ունենալ: Հավելենք, որ այդ հինգ հանձնաժողովները պետք է վերաբերեին հետեւյալ ոլորտներին` դիվանագիտական հարաբերություններ, սահմանների բացում, գիտական ուսումնասիրություն, առեւտուր եւ հասարակական ու մշակութային փոխհարաբերություններ: Կիրակոսյանը հավելել է, որ հայկական կողմն առաջարկել է իրադարձությունների զարգացման հստակ ժամանակացույց, ինչը դժկամությամբ է ընդունվել թուրքերի կողմից: Ուզումչուն բացեիբաց հայտարարել է, որ Թուրքիայի` այն ժամանակվա ԱԳ նախարար Աբդուլա Գյուլը չի էլ պատրաստվում այդ առաջարկը ներկայացնել վարչապետ Էրդողանին կամ էլ կառավարության այլ պաշտոնյայի: ՀՀ նախկին փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ իր կառավարության համար խիստ նշանակալից է պատմական հանձնաժողովի կազմավորումը, որը թուրքերը դիտարկել են իբրեւ վստահության կառուցման առանցքային գրավական:
Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացել են լրջագույն բանակցություններ: Ավելին` Հայաստանն առաջարկել է կազմավորել 5 ենթահանձնաժողովներ, որոնցից մեկն էլ պիտի քննարկեր 1915թ. դեպքերը: Ըստ էության, Սերժ Սարգսյանը 2008թ. ոչ մի նորություն չէր բացահայտել, պարզապես հրապարակայնացրել էր իր համաձայնությունը Ցեղասպանությունը քննող հանձնաժողովի ստեղծման շուրջ: Հատկանշական է, որ Սարգսյանի սկսած գործընթացին Ռոբերտ Քոչարյանի ցույց տված անհամաձայնությունը փաստորեն ձեւականություն էր: Եթե Սերժ Սարգսյանը հարցը քննարկում էր նախագահական մակարդակում, Քոչարյանը նույնն անում էր գաղտնաբար` փոխարտգործնախարարների միջոցով: Հետաքրքիր է` այնժամ եւս կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն արդյո՞ք տեղյակ էր նման քննարկումներից ու հերթական անգամ «դեմ ըլլալով` կողմ էր»: Շեշտենք, որ Քոչարյանի վարչակազմն անգամ ժամանակացույց էր առաջարկել, ինչը թուրքերի կողմից լուրջ չէր էլ ընդունվել:
Ինչեւէ, Արման Կիրակոսյանը նկատել է, որ Ուզումչուի խոսքերում կարմիր թելի պես անցել է ԼՂ-ի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հարցը, մասնավորապես նույն շրջափուլում Կազանում կազմակերպված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կիրակոսյանի կարծիքով` թուրքերը կազանյան բանակցությունները դիտարկել են իբրեւ ցուցիչ, թե որքան ազատ կարող են իրենք գտնվել Հայաստանի հետ սահմանների բացման ու պատմաբանների հանձնաժողովի հարցերում պայմանավորվելիս: Հատկապես այն հանգամանքը, որ հանդիպման ավարտին թուրք դիվանագետը չի հստակեցրել հաջորդ հանդիպման ժամկետներն ու մյուս մանրամասները, խոսուն փաստ է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարեւորման մասին:
Զեկուցագրի ավարտին դեսպան Էվանսն արտահայտում է իր ուրախությունը, որ ՀՀ ԱԳՆ-ը բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է ցուցաբերում, ինչը, ըստ հեղինակի, թույլ կտա զերծ մնալ կառավարության մեջ ազգայնական համարում ունեցողների պնդումների աճից, թե իբր սահմանի բացումը անհնար է: Դիվանագետի կարծիքով` Թուրքիան շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները` հասկացնելով, որ սահմանի փակ մնալը առկախ է հենց այդ հարցին: Հիմնվելով Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտեցման վրա` Էվանսն արձանագրում է, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործում լուրջ առաջխաղացում չի ապահովելու այնքան, քանի դեռ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ համաձայնության նշաններ չկան:
Ամփոփելով` կարող ենք եզրակացնել, որ ինչպես Թուրքիան գործեց Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, նույն ձեւով էլ վարվել էր Քոչարյանի կուլիսային բանակցությունների օրերին: Հետաքրքիր է` ո՞ւր էին Սերժ Սարգսյանի խորհրդականները եւ հայկական դիվանագիտության «պարծանքները», երբ առանց հաշվի առնելու տապալված նախորդ փորձը` հրապարակայնորեն ձեռնամուխ եղան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին: Ըստ էության, Թուրքիան արդեն իսկ ապացուցել էր, որ առանց ԼՂ հարցի կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների բարելավում չի լինելու, ուստի ի՞նչ կարիք կար հրապարակայնորեն կասկածի տակ դնել Ցեղասպանության հարցը: Թեեւ կարիքը կարծես կար` հաշվի առնելով Սերժ Սարգսյանի` ամերիկացիներին տված խոստումները, ինչի շնորհիվ, ի դեպ, զուտ «պատահականորեն», ԱՄՆ նախագահ Օբաման արդարացրեց «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու իր քայլը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՇԱՔԱՐԱՎԱԶՆ ՈՒ ՍՈՒՐՃԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 1.7 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների գները նույն ժամանակահատվածում 5.4 տոկոսով են նվազել: Սակայն որոշ ապրանքատեսակներ էլ թանկացել են:

Հայաստանում այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապխտած եւ կիսաապխտած երշիկները թանկացել են 0.8 տոկոսով, ոչխարի միսը` 2.6 տոկոսով: Ի դեպ, թանկացել են նաեւ խաշի պարագաները՝ 4.7 տոկոսով: Իսկ, ահա, շաքարավազի գինը այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էժանացել է 10 տոկոսով: ՀՀ դիտարկված 9 քաղաքներում այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է շաքարավազի 0.4-1.8 տոկոս գնաճ, մեկում` 0.6 տոկոս գնանկում, իսկ մեկում էլ պահպանվել է գների՝ նախորդ ամսվա մակարդակը: Նշենք, որ մայրաքաղաք Երեւանում շաքարավազի գինը 1.3 տոկոսով աճել է: Բացի շաքարավազից՝ այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի 0.1 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի 0.6 տոկոս գնաճ: Իսկ ոգելից խմիչքի եւ ծխախոտի շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Թանկացել է նաեւ ձուն՝ 0.3 տոկոսով: Նաեւ հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 1.9, սնկի 3, գազարի 10.2, բողկի 29.3 տոկոս գնաճ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ` ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը արմատներով Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից է: Հովհաննես Հովսեփյանը ծնվել է Իջեւան քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտել Վանաձորում: Հովհաննես Հովսեփյանի հայրը՝ Աշոտ Հովսեփյանը, երբ զբաղեցնում էր Նոյեմբերյանի միլպետի պաշտոնը, կրում էր Ճուկլինյան ազգանունը: Հետագայում ընտանիքը փոխել է ոչ բարեհունչ ազգանունը: 2008թ. Հովհաննես Հովսեփյանը եւ Ռուսաստանում բնակվող նրա գործարար եղբայրը՝ Հակոբը, սահմանամերձ Վազաշենի կենտրոնում՝ ճանապարհի եզրին, կառուցել են մեծ կոթող: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց` որքանով է Հովհաննես Հովսեփյանը կապված Վազաշենի հետ: Գյուղապետն ասաց, որ Հովսեփյանները սահմանամերձ Վազաշենում հայրական տուն ունեն, Հովհաննես Հովսեփյանի մայրը եւ հորաքույրը պարբերաբար Երեւանից եւ Վանաձորից այցելում են գյուղ: Գյուղապետը հայտնեց, որ Հովսեփյան եղբայրները գյուղում ամեն նորածնի տրամադրում են 100 հազար դրամի չափով օգնություն: Մենք հետաքրքրվեցինք, թե այդ նվիրատվությունը Հովսեփյան եղբայրներից ո՞րն է կատարում: Գյուղապետի խոսքերով՝ նրանք միասին են, եւ երբեւէ չի տարբերակվել, թե եղբայրներից որն է օգնում:

 

 

ՄԻԱՅՆ ԲՆԱԿԱՆ ԽՈՏԱԾԱԾԿՈՎ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, անսալով սահմանամերձ Մովսես գյուղում ֆուտբոլի խաղադաշտը վերակառուցելու խնդրանքով 2012թ ստացած նամակին, 22,5 միլիոն դրամ է հատկացրել Մովսեսի միջնակարգ դպրոցին հարակից, ավտոճանապարհի եզրին արհեստական խոտածածկով խաղադաշտ կառուցելու ծրագրին: Դպրոցամերձ տարածքը փոքր է, մոտ 1500-1800 քառակուսի մետր եւ բավարար չէ ֆուտբոլի նորմալ խաղադաշտ կառուցելու համար: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց,որ մովսեսցիները դեմ են արհեստական խոտածածկով խաղադաշտ կառուցելուն, նրանք ցանկանում են բնական խոտածածկով խաղադաշտ: Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը հայտնեց, որ խաղադաշտի տարածքը պատկանում է դպրոցին, պետական սեփականություն է, ֆուտբոլի խաղադաշտի եզրին նախատեսվում է դպրոցականների համար կառուցել վազքուղի եւ ցատկափոս: Գյուղապետ Ավալյանը, սակայն, նշում է, որ այդ տարածքը Մովսեսի միակ հարթ վայրն է, 1961թ. այն առանձնատներից ազատելու համար 4 տների տերերին ֆինանսական փոխհատուցում է տրվել: Նրա վկայությամբ՝ խնդիրը տեղում քննարկելու համար փետրվարի 28-ին Մովսես են ժամանել Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Արհեստական ծածկով խաղադաշտի շինարարությունն ավելի քան 10 օր դադարեցված է, բանվորները գյուղից հեռացել են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս