ՀԱՄԲՈՒՅՐԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ. ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ֆիլմերում սիրային տեսարաններին ծանոթանալիս հազվադեպ է պատահում, որ հանդիպենք համարձակ սիրախաղի, բաց մարմինների կամ գոնե ամենաանմեղ համբույրի: Մեր դերասաններից քչերն են համաձայն նկարահանվել անկեղծ տեսարաններում, իսկ նրանք, ովքեր պատրաստ են գնալ այդ քայլին, այնուամենայնիվ, ունեն որոշակի մտավախություններ, որոնք հաճախ արդարացված են: «Ժողովուրդ»-ը կներկայացնի զրույցների փոքրիկ շարք այն դերասան-դերասանուհիների հետ, որոնք քաջություն են ունեցել կոտրելու հասարակության եւ իրենց կոլեգաների շրջանում տարածում գտած «ամոթի կարծրատիպը»:

Այսպիսով` մենք զրուցել ենք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ, ով «Փեսացուն կրկեսից» հայկական արկածային կինոկատակերգության (2011թ., ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան) հերոսուհին է եւ Հովհաննես Ազոյանի հետ նկարահանվել է համբույրի տեսարանում:
-Ռոզի՛, Դուք հեշտությա՞մբ համաձայնեցիք նկարահանվել այդ տեսարանում, թե՞ Ձեզ համոզել են:
-Ռեժիսորն ի սկզբանե խոսել էր ինձ հետ եւ զգուշացրել, որ ֆիլմում լինելու է նման դրվագ: Ես խնդիր չեմ տեսել. սցենարից, հերոսների փոխահարաբերություններից ելնելով այդ տեսարանը սպասելի էր: Իսկ դերասանն իր աշխատանքը լիարժեք կատարելու համար չպետք է հրաժարվի դրանից:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են Ձեր կոլեգաները հաճախ մերժում նկարահանվել նման տեսարաններում: Արդյո՞ք դա պրոֆեսիոնալիզմի պակաս է:
-Նրանց էլ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ: Նախ պետք է հաշվի առնենք, թե մենք որտեղ ենք ապրում: Երեւանը մի բուռ քաղաք է, որտեղ դերասանի եւ քաղաքացու միջեւ առողջ դիստանսը պահպանված չէ. դերասանները չափազանց հասանելի են հանրության համար, ուստի եթերում չափից դուրս անկեղծանալը կարող է ազդել դերասանի առօրյա կյանքի կայունության վրա: Բացի այդ` նկատենք, որ մեր կինոարտադրությունը նոր-նոր է սկսել ակտիվանալ, եւ համաշխարհային կինոյում վաղուց արդեն սովորական դարձած տեսարանները մեր ֆիլմերի դեպքում շատ դանդաղ են դառնում ընկալելի:
-Իսկ դերասաններն իրենց «մեղքի» չափաբաժինը չունե՞ն:
-Կարծում եմ` նրանք մեղք չունեն: Դերասանները հաճախ մտածում են` գուցե տվյալ ֆիլմը չկարողանա ապահովել բարձր որակ, եւ մարդիկ դրա մասին խոսելիս հիշատակեն միայն համարձակ հերոսին կամ հերոսուհուն: Դերասանը միշտ ունի այդ մտավախությունը, եւ, կարծում եմ, առաջինը դա է պատճառը, որ նրանք հրաժարվում են անկեղծ տեսարաններից:
-Որքանով հիշում եմ` միայն «Փեսացուն կրկեսից» ֆիլմում չէ, որ նկարահանվել եք համբույրի տեսարանում:
-Ես դեռ իմ դիպլոմային աշխատանքի շրջանակում հանդիպել եմ այդպիսի դրվագի: Բայց ասեմ, որ բեմում իրավիճակը բոլորովին այլ է. այնտեղ հանդիսատեսին հնարավոր է խաբել` համբուրելով, օրինակ, խաղընկերոջ ոչ թե շուրթերը, այլ այտը, իսկ, ահա, ֆիլմում՝ ոչ: Ամեն դեպքում այն ժամանակ էլ նման տեսարաններին շատ առողջ էինք նայում: Իսկ «Փեսացուն կրկեսից» ֆիլմից հետո, այո, համբույրի տեսարան ունեցել եմ նաեւ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում: Հիշում եմ, որ կինոկատակերգությունում մենք այդ դրվագներում նկարահանվում էինք իրար հետ հումորներ անելով… Ամեն դեպքում, դերասանն էլ մարդ է եւ կարող է կաշկանդվել:
-Իսկ Ձեր ընտանիքի անդամները, բարեկամները որեւէ կերպ անդրադարձե՞լ են այս թեմային:
-Նրանցից ոչ ոքի կողմից այդ առթիվ մեկնաբանություն չեմ ստացել. բոլորը լավ հասկանում են, որ այն, ինչ անում եմ, պահանջում է իմ մասնագիտությունը:
-Եթե որեւէ գեղարվեստական ֆիլմի շուրջ հավաքված լինի պրոֆեսիոնալ թիմ, իսկ սցենարն էլ Ձեր սրտով լինի, կհամաձայնե՞ք նկարահանվել նաեւ առավել բաց տեսարաններում:
-Եթե ամեն բան արվի էսթետիկայի այն չգրված կանոնների շրջանակում, որ պահանջում է կինոն, այո, ինչու ոչ, հնարավոր է: Այդ դեպքում մարդիկ կկենտրոնանան ոչ թե այդ տեսարանի, այլ ֆիլմի մեսիջների վրա:

 

 

 

«ԱՅՍ ՏԱՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ԵՄ»

Մի քանի ամսից էկրան կբարձրանա ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմը, որը հայ-ֆրանսիական համատեղ արտադրության արդյունք է: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ֆիլմի դերակատարներից մեկը` Ստեփան Ղամբարյանը: Նրա խոսքով` այս կատակերգությունը կառանձնանա ռեժիսորական մոտեցումով եւ էսթետիկայով: Սցենարի համահեղինակներն են Սերժ Ավետիքյանը եւ ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքը: Ֆիլմում հանդես կգան նաեւ դերասաններ Ռոբերտ Հարությունյանը, Արսինե Խանջյանը, Նարինե Ալեքսանյանը եւ այլք: «Մարմնավորում եմ աշխարհից, քաղաքակրթությունից կտրված կերպար, որը, սակայն, ոչ թե անտեղյակ մեկն է, այլ ապրում է հեռավոր մի գյուղում: Նա ազգապահպան, ազգասեր մարդ է, որը պայքարում է օտարամոլության դեմ»,- մանրամասնեց Ստեփանը` հավելելով, որ հանդիսատեսին կներկայացվի թեթեւ եւ դինամիկ ֆիլմ:

Մենք Ստեփանի հետ զրուցեցինք նաեւ կանանց նվիրված միամսյակի մասին: Դերասանը խոստովանեց, որ այս տարի չի հասցրել առանձնահատուկ անակնկալ մատուցել կնոջը. «Այս տարի ստանդարտ հայ տղամարդ եմ: Փորձում եմ զերծ չմնալ տոներից, նվերներ մատուցելուց, բայց քանի որ գրաֆիկս խիտ է, սովորաբար շատ զբաղված եմ լինում, չեմ հասցնում ինչ-որ հատուկ բան անել, ամեն դեպքում, տոներին աչքաթող չեմ անում կնոջս, իսկ տոներից դուրս չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ նրան անակնկալ մատուցել»,-անկեղծացավ նա:
Մեր այն հարցին, թե արդյոք իր կինը` հաղորդավարուհի Անի Ամիրյանը, Ստեփանից չի նեղանում ինչ-որ առումով ծուլության այդ դրսեւորման համար, դերասանը պատասխանեց. «Կինս ըմբռնումով է մոտենում այդ հարցին, Անին պահանջկոտ չէ, նա շատ համբերատար է, եւ ես անչափ գնահատում եմ նրա բնավորության այդ գիծը: Համենայն դեպս, հույս ունեմ, որ ես էլ անուշադիր չեմ նրա հանդեպ»:
Ստեփանի խոսքով` կա՛մ պետք է կանանց նվիրել ամեն ինչ, կա՛մ ոչինչ, մեկ ամսով սահմանափակվել էլ պետք չէ:
Մենք խոսեցինք նաեւ կանացի լավագույն հատկանիշների մասին. դերասանը դրանցից առանձնացրեց կնոջ ներսից եկող հանգստությունը. «Եթե այդ զսպվածությունը կա, ամեն բան ընկնում է իր տեղը, իսկ երբ նման կնոջ կողքին կա գնահատող տղամարդ, ստացվում են իդեալական հարբերություններ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

BBC-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Սիրիայի Դեյր Էլ Զոր քաղաքում 25 տարի առաջ եկեղեցի կանգնեցվեց` նվիրված 1915-ի կոտորածների ժամանակ նահատակված հայերին: «Ճակատագրի հեգնանքով բռնության զոհերի հիշատակին կանգնեցված կոթողն այժմ կործանվում է ռմբակոծության հետեւանքով»,- նշված է BBC-ի հրապարակած հոդվածում, որտեղ անդրադարձ է կատարվել Սիրիայի Սրբոց Նահատակաց եկեղեցուն: Հոդվածագիրը նկատել է, որ տարիների ընթացքում Դեյր Էլ Զորը խոշոր ուխտատեղի է դարձել հայերի համար, բայց հայ նահատակների հուշարձանը քառորդ դարից էլ քիչ մնաց կանգուն. 2014-ին այն պայթեցվեց «Իսլամական պետության» եւ «Ալ-Կաիդային» կից «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումների միջեւ ռմբակոծության հետեւանքով: Աղբյուրը նշում է, որ քաղաքացիական պատերազմի բռնկումից առաջ Սիրիայում 100 000 էթնիկ հայ էր բնակվում, որոնցից շատերը տեղահանությունների ենթարկվածների ժառանգներ էին:

 

ՄԱԴՈՆՆԱՆ` «ՀԱՐԲԱԾ ԾԱՂՐԱԾՈՒ»
Մադոննայի համերգային վերջին շրջագայությունը աչքի է ընկնում սենսացիոն դրվագներով. Ավստրալիայի համերգն էլ բացառություն չի եղել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Մադոննան Մելբուրնում բեմ է դուրս եկել չորս ժամ ուշացումով: Իսկ երբ վերջապես սկսել է իր համերգը, այն էլ` ծաղրածուի հանդերձանքով, սոցցանցերում բազմաթիվ գրառումներ են հայտնվել այն մասին, որ երգչուհին հարբած է: Այնինչ՝ Մադոննան ինքը բեմից հայտարարել է, որ հարբած չէ եւ որ կյանքում առաջին անգամ է բեմ դուրս գալիս կոկտեյլով: Դրանից հետո երգերից մեկի կատարման ժամանակ նա սկսել է արտասվել՝ հայտարարելով, որ կցանկանար այդ պահին Նյու Յորքում լինել: Նշենք, որ նույն ժամանակահատվածում Նյու Յորքում երգչուհու նախկին ամուսին Գայ Ռիչին ու նրա որդին` Ռոկկոն, մասնակցում էին դատարանի լսումների: Հիշեցնենք, որ Նյու Յորք քաղաքի դատարանը նախնական որոշում է կայացրել երգչուհու ու ռեժիսորի 15-ամյա որդու խնամակալության հարցում Գայ Ռիչիի ու Մադոննայի միջեւ ծագած տարաձայնության վերաբերյալ: Ռոկկոն հեռացել է տնից ու ցանկություն է հայտնել ապրել իր հոր հետ Լոնդոնում:

 

Ո՞Վ ԿՎԱՐԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Այս տարի Կաննի 69¬րդ միջազգային կինոփառատոնի բացման եւ փակման արարողությունները կվարի Ֆրանսիայում հայտնի դերասան եւ հումորիստ Լորան Լաֆիտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը, հայտնել է Canal+ հեռուստաալիքը, որը ուղիղ հեռարձակում է իրականացնելու Կաննից: 42¬ամյա Լաֆիտը հայտնի է կատակերգական եւ դրամատիկական կինոժապավեններում խաղացած բազմաթիվ դերերով: Նկարահանվել է «Բոսորագույն գետերը», «Փոքրիկ գաղտնիքներ», «Կատակը մի կողմ» ֆիլմերում: 2012թ.-ից Փարիզի հնագույն Comedie¬Francaise թատերախմբի անդամ է: Կաննի կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 11¬ից 22¬ը: Ժյուրին կգլխավորի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը:




Լրահոս