Մարտի 23-ին «Հայ-ռուսական երիտասարդական միություն» ՀԿ-ը նախատեսում է անցկացնել «Դու միայնակ չես» բարեգործական միջոցառումը, որի նպատակն է օգնել Սիրիայից ժամանած հայ փախստականներին:
2016թ. դրությամբ ՀՀ-ում բնակվում են Սիրիայից ժամանած 20.000 փախստական: Միջոցառման նպատակն է հումանիտար օգնություն հասցնել սիրիահայ ընտանիքներին և նպաստել հայ հասարակության մեջ նրանց ինտեգրմանը:
Բարեգործական միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի Ժամանակավոր Հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալը, Երեւանում ՌԳԿԿ տնօրեն Մարկ Կալինինը, ինչպես նաև Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Միջոցառմանը միացել են նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Զիգզագ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերությունը, «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկան, «ԵՎՐՈ ԲԱԶԱ» առևտրի կենտրոնը, «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակը, Հայաստանի Հանրապետության Ազգային Օլիմպիական կոմիտեն, «Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը և «KELME» սպորտային ապրանքների խանութ-սրահը:
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև Հայ-ռուսական համալսարանը: Երկու ամիսների ընթացքում «ՀՌԵՄ» ՀԿ-ն անցկացրել է ուսումնասիրություն՝ սիրիահայ փախստականների սոցիալական դրության վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, կյանքի համար անհրաժեշտ մինիմալ պայմաններից զուրկ:
«Առայժմ որոշել ենք օգնություն հասցնել Երևանում բնակվող 44 ընտանիքների»,-«Ռուս-հայկական երիտասարդական միություն» կազմակերպության նախագահ Գոհար Գումաշյանի խոսքով РАМЕ–ն կօգնի սիրիահայերի ընտանիքներին լուծել ամենաարդիական խնդիրները՝ պարենամթերք, կենցաղային տեխնիկա, անկողնային պարագաներ, անվճար իրավաբանական խորհրդատվություն, ատամնաբուժական ծառայություններ, հագուստի ու կոշիկ, դեղամիջոցներ:
«Եվ իհարկե մենք կօգնենք մեր հայրենակիցներին նաեւ բնակարանների վարձավճարների ու աշխատանքի ընդունվելու հարցերում»,- հավելել է Գումաշյանը: