
Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարի 2-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները:
Մարզային ստուգումները շարունակվում են:
ArmLur.am-ը ՎՊ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 19-ին Վայոց ձորի մարզում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ՎՊ աշխատակիցներ:
Խորհրդակցության ընթացքում Վերահսկիչ պալատի մասնագետները զեկուցել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների նախնական արդյունքներն ու բացահայտված խախտումները:
ՎՊ աշխատակիցները ներկայացրել են որոշ մանրամասներ դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների վերաբերյալ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է տարվող աշխատանքներում խիստ հետևողականության և մանրակրկիտ կերպով ստուգումներն իրականացնելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ավարտին ՎՊ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել յուրաքանչյուր խախտման դեպք և արձանագրել բոլոր մանրամասները: Քննարկվել են նաև ստուգումների ժամկետների վերաբերյալ հարցեր: