Գյումրու ավագանու որոշմամբ ապրիլի 16-ին վավերագրական կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին շնորհվել էր “Գյումրու պատվավոր քաղաքացի” կոչումը, որը հանդիսավոր արարողության ժամանակ նրան հանձնվեց երեկ` Գյումրու քաղաքապետարանում:
Այդ կոչումը նրան շնորհվել է, քանի որ բարձր է գնահատվել Արտավազդ Փելեշյանի ներդրումը համաշխարհային կինովավերագրության մեջ: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ նա բարձր է պահել Հայաստանի եւ Գյումրի քաղաքի անունը, ինչպես նաեւ լրացել է ռեժիսորի 75-ամյակը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ա. Փելեշյանին հանձնվեց նաեւ “Ոսկե ծիրան” միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած “Եղիցի լույս” մրցանակը:
Նշենք, որ Ա. Փելեշյանը ծնվել է Լենինականում` 1938 թ.: Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած “տարածական մոնտաժի” մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ: