ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԵՄԲԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է նոյեմբերը` երբ Հայաստանը պետք է նախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, այնքան կենացները քաղցրանում են: Հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում այս ուղղությամբ հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Արդեն անդրադարձել ենք ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` նախօրեին Երեւանում արած առավել քան հանդուրժող հայտարարություններին` կապված Հայաստան-Ռուսաստան համագործակցության եւ եվրաինտեգրացման համադրման հնարավորության հետ, եւ նշել, որ ԵՄ-ում կարծես թե հասկանում են, որ ՀՀ-ն չի կարող ընտրել բացառապես մեկ ուղղությունը` ի հաշիվ մյուսի, հետեւաբար եվրոպացիները ստիպված պետք է լինեն որոշակի կոմպրոմիսի գնալ` Հայաստանը չկորցնելու համար: Իսկ արդեն երեկ Քիշնեւում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթում հնչած շեշտադրումները հստակ ձեւակերպեցին Հայաստանի ակնկալիքները` ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական որոշումների առումով. մի բան, որը նախկինում չէր արվում: Առավել հաճախ նշվում էր, թե ինչպիսի տնտեսական օգուտներ կարող է քաղել Հայաստանը` եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն ստանալով: Սակայն Ս. Սարգսյանի երեկվա ելույթից պարզ դարձավ, որ Հայաստանն իր անդամակցության դիմաց ակնկալում է ավելին: Մասնավորապես` Սարգսյանը երեկ անդրադարձավ Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին: «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է ԵՄ հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ մաքսային միության հետ առեւտուրը չի կարող լինել արդյունավետ»,-գագաթնաժողովին հետեւած համատեղ ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունները տեսանելիորեն կարծրացրել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումը` միանգամայն իրավացի փաստարկներ ներկայացնելով թե՛ ԵՄ-ին, թե՛ Ռուսաստանին: Վերջինիս դեպքում, հիշեցնենք, ԼՂՀ հարցն է. արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Ղարաբաղը եւս կներառվի միասնական մաքսային գոտում` դրանից բխող բոլոր տնտեսական եւ հատկապես քաղաքական հետեւանքներով, թե ոչ: Բնականաբար, այս հարցում առկա են բազմաթիվ խոչընդոտներ, եւ Եվրասիական միության պոտենցիալ անդամներից հատկապես Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում է այս հեռանկարը: Իսկ Հայաստանը ստեղծված իրավիճակում փորձում է մանեւրելով երկու ուղղությունների միջեւ, իր համար քաղել առավելագույն օգուտները: Թե որքանով դա կստացվի, պարզ կդառնա արդեն ամենակարճ առաջիկայում: Մինչեւ նոյեմբեր քիչ ժամանակ մնաց:




Լրահոս