armtimes.com-ը գրում է, որ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ՝ մարտի 8-ին տեղի ունեցած սկանդալային միջադեպի վերաբերյալ, (միջադեպի բացառիկ մանրամասներն ու տեսանյութն այսօր ArmLur.am-ը ներկայացրել էր), մարտի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ծառայողական քննության ընթացքում արդեն իսկ 18 անձանցից բացատրություն է վեցրվել՝ այդ թվում «Դիանա» ռեստորանի աշխատակիցներ եւ ոստիկանության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով։