«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր, որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, բացի կուտակած ահռելի հարստությունից, անցյալի հետ կապված մի ուշագրավ դրվագ էլ ունի:
Նախ հիշեցնենք, որ Հովհաննես Հովսեփյանը, որ եղել է Հովիկ Աբրահամյանի կադրը, 2002-2006 թվականն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը: Ուսումնասիրելով այդ տարիների մամուլը՝ «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ 2006 թվականին՝ հերթական աշխատանքային խորհրդակցությունից հետո, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է իր անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանին աշխատանքային այցով մեկնել Արցախ: Իսագուլյանը զանգահարել է կադրերի վարչության պետ Հովհաննես Հովսեփյանին, որպեսզի գործուղման ուղեգիր («կամանդիրովչնի») պատրաստի` մեկնելու համար: Հովսեփյանը պատճառաբանելով գերզբաղվածությունը՝ չի տվել Իսագուլյանին ուղեգիրը, ինչի արդյունքում նախագահի խորհրդականը Արցախ է մեկնել առանց պատշաճ գործուղման թերթիկի:
Մի քանի օր անց՝ վերադարձից հետո, նա զանգահարել է Հովսեփյանին ու պահանջել միակողմանի կնիքված գործուղման թերթիկը պատշաճ կարգի բերել, բայց արդեն միանգամայն այլ տոնայնությամբ: Իսագուլյանի դրսեւորած վարքը դուր չի եկել Հովհաննես Հովսեփյանին, եւ առաջացած անհասկացվածությունը հարթելու համար Հովսեփյանը գնացել է Իսագուլյանի աշխատասենյակ: Այստեղ երկու տաքարյուն տղամարդիկ բղավել են միմյանց վրա, Իսագուլյանը դուրս է եկել աշխատասեղանի մոտից` ընդառաջ գնալով իր դիմացի սեղանին հենված-կանգնած Հովսեփյանին: Եւ վերջինիս համար անակնկալ կերպով Իսագուլյանը արմունկով հարվածել է իրենից բարձրահասակ Հովսեփյանի դեմքին, ինչից հետո Հովսեփյանը անմիջապես դուրս է եկել աշխատասենյակից: Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը շտապ իր մոտ է կանչել Իսագուլյանին, ով ճանապարհին արդեն տեղեկացվել է, որ իրեն աշխատանքից ազատում են: Երբ ներս է մտել, տեսել է Հովհաննես Հովսեփյանին նախագահ Քոչարյանի աշխատասենյակում` սպիտակ վերնաշապիկի առջեւի հատվածն ամբողջությամբ արյունոտված, իսկ դիմացը նստած է եղել Արմեն Գեւորգյանը: Հովսեփյանը դժգոհել է, որ Իսագուլյանն իրեն հենց իր աշխատասենյակում ծեծել ու սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Այստեղ Քոչարյանը լսել է կողմերին ու որոշել ծառայողական քննություն նշանակել, որպեսզի պարզի իրականությունը եւ երկու բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկին ազատի աշխատանքից: Եվ այդ մեկը եղավ Հովհաննես Հովսեփյանը:
ArmLur.am-ն այս առնչությամբ բացառիկ տեսանյութ էր պատրաստել: (10 մարտ, 2016թ.)
Այսօր արդեն Հովհաննես Հովսեփյանին հասցված ապտակը հաստատում է նաև Գառնիկ Իսագուլյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: